2850 զինծառայող և նրանց ընտանիքներ կստանան բնակարաններ

Ֆինանսավորման 90%-ը կհատկացնի Կառավարությունը, իսկ մնացած 10%-ը՝ Պաշտպանության նախարարությունը։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որը նախատեսում է վերջնական լուծում տալ 2850 շահառուների բնակարանային խնդրին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ծրագիրն ուղղված է այն քաղաքացիներին, որոնք հերթացուցակներում են դեռևս 1990-ական և 2000-ական թվականներից։

Ծրագիրը կիրականացվի քառափուլ եղանակով (2027-2030թթ.)՝ հիփոթեքային վարկավորման հատուկ գործիքի միջոցով։ Ֆինանսավորման 90%-ը կհատկացնի Կառավարությունը, իսկ մնացած 10%-ը՝ Պաշտպանության նախարարությունը։

Սա նշանակում է, որ շահառուների համար բնակարան ձեռք բերելու բեռը գրեթե ամբողջությամբ ստանձնում է պետությունը։ Շահառուների թվում են պայմանագրային զինծառայողներ, զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք և զոհված զինծառայողների ընտանիքներ։