Պետությունը տրամադրում է 6 ամսյա մասնագիտական ուսուցում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ուշադրություն՝ ԼՂ հայրենակիցներին Ստացեք 6 ամսյա մասնագիտական ուսուցում՝ պետության ֆինանսական աջակցությամբ։ ՀԱՐՑԵՐ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։ ՀԱՐՑ 1։ Որպեսզի ստանամ մասնագիտական ուսուցում և տեղավորվեմ աշխատանքի, ի՞նչ պայմանների պետք է բավարարեմ և որքա՞ն աջակցություն կստանամ։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից կարող են օգտվել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրի շրջանակում շահառուին կտրվի ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և 50,000 դրամի չափով կրթաթոշակ։ ՀԱՐՑ 2։ Ի՞նչ հաստատություններ կարող եմ դիմել մասնագիտական ուսուցման ձեռքբերման համար։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում շահառուի համար կազմակերպվում է կարճաժամկետ ուսուցման դասընթաց (շարունակական մասնագիտական զարգացում) թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում։ ՀԱՐՑ 3։ Արդյոք կարող եմ ստանալ ԲՈՒՀ-ական կրթություն՝ այս ծրագրի շրջանակում։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագրի շրջանակում կարող եք ստանալ միայն կարճաժամկետ ուսուցում։ ՀԱՐՑ 4։ Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ Ձեր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices ՀԱՐՑ 5։ Ի՞նչ մասնագիտություն կարող եմ ստանալ այս ծրագրի շրջանակում։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում կարող եք ստանալ գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի նկատմամբ պահանջներին համապատասխանող ցանկացած մասնագիտություն, որը կարելի է ձեռք բերել կարճաժամկետ (մինչև 6 ամիս տևողությամբ) ուսուցման դասընթացների միջոցով։ ՀԱՐՑ 6։ Եթե առկա ուսուցմամբ սովորում եմ ԲՈՒՀ-ում, կարո՞ղ եմ օգտվել ծրագրից ու այլ մասնագիտություն ձեռք բերել։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, քանի որ ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցմամբ սովորողները, Զբաղվածության մասին օրենքի համաձայն, համարվում են զբաղված անձինք, իսկ ծրագիրն իրականացվում է գործազուրկ անձանց համար։