Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։
2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։
ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկը նախալրացվում է հարկային մարմնի կողմից՝ տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։
Հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը փոփոխել նախալրացված հայտարարագիրը և ներկայացնել այն հարկային մարմին։ Եթե մինչև այդ ժամկետը հայտարարագիրը չներկայացվի, ապա այն կհամարվի ներկայացված օրենքով սահմանված կարգով։
Միաժամանակ, 2025 թվականին ստացված ծառայությունների համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է 2026 թվականի մարտի 2-ից հետո ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիրը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի ստանալ համապատասխան փոխհատուցումը։

