2025-ին ԶՈւ-ում սպանության դեպք չի գրանցվել․ գլխավոր դատախազ

Ընդհանուր առմամբ, ծառայության հետ կապված մահվան դեպքերը նվազել են 66%-ով։

2025 թվականին Հայաստանի զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նրա ներկայացմամբ՝ ԶՈւ-ում և այլ զորամասերում արձանագրվել է 2248 դեպք, որոնցից 1027-ը (45%) եղել են պատահարներ, այսինքն՝ չեն դասակարգվել որպես հանցագործություն։

Մնացած 1221 դեպքերը (54,3%) հանցագործություններ են եղել, որոնցից 687-ը՝ զինվորական, իսկ 534-ը՝ այլ բնույթի։

Վարդապետյանի խոսքով՝ 2024 թվականի համեմատ պատահարների թիվն աճել է 265-ով կամ 34%-ով, մինչդեռ հանցագործությունները նվազել են 110-ով կամ 8,3%-ով։

2025 թվականին արձանագրվել է նաև ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ նախորդ տարվա 27-ի փոխարեն։

Դրանց թվում են՝

  • անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ 4 դեպք,
  • պաշտոնեական անփութություն՝ 1 դեպք,
  • բուժաշխատողի պարտականությունների ոչ պատշաճ կատարում՝ 1 դեպք,
  • կայծակնահարություն՝ 1 դեպք,
  • հիվանդություն՝ 2 դեպք։

Ընդհանուր առմամբ, ծառայության հետ կապված մահվան դեպքերը նվազել են 66%-ով։