ՆԳՆ 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում ներկայացվել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը եղել է դրական՝ կազմելով 8,660։ Քովիդ համավարակով պայմանավորված 2020 թվականի բացառությունը չհաշված՝ սա առաջին դեպքն է, երբ ցուցանիշը դրական է։
Քննարկմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացված տվյալների համաձայն՝ փոփոխությունը դիտարկվում է որպես միգրացիոն միտումների իրական փոփոխություն։
Միաժամանակ արձանագրվել է սահմանահատումների ընդհանուր դրական սալդո՝ մոտ +30,500։ Նշվել է, որ այս ցուցանիշը վկայում է միգրացիոն նոր իրավիճակի մասին, որի պայմաններում Հայաստանը դիտարկվում է ոչ միայն որպես տարանցիկ երկիր, այլև որպես մուտքի ուղղություն։
Հաշվետվության շրջանակում ներկայացվել են նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտում իրականացված օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումները։ Դրանց թվում է Փրկարար ծառայության զարգացման հաստատված հայեցակարգը, որը նախատեսում է նոր և օպտիմալ կառուցվածքային մոդելի ձևավորում՝ կառավարման արդյունավետության, արձագանքման արագության և ռեսուրսների նպատակային օգտագործման բարձրացման նպատակով։
Ներկայացվել են նաև Փրկարար ծառայության ենթակառուցվածքային ծրագրերը՝ Ստեփանավանում մոդուլային շենքի բացումը, Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումը, Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքի գործարկումը։ Հաղորդվել է նոր տրանսպորտային միջոցների և նոր համազգեստի ձեռքբերման մասին։

