2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, նորոգվել և հիմնանորոգվել է ընդհանուր 504.5 կմ ճանապարհ։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ իրականացված աշխատանքների կառուցվածքը հետևյալն է՝
• 135 կմ՝ միջպետական ճանապարհներ
• շուրջ 200 կմ՝ հանրապետական
• շուրջ 170 կմ՝ մարզային նշանակության ճանապարհներ
Նախարարը նշել է, որ ամբողջությամբ ավարտվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ–Գյումրի հատվածի կառուցումը, և մոտ ժամանակում նախատեսվում է դրա բացումը։
Զուգահեռ շարունակվում են աշխատանքները միջանցքի մեկ այլ հատվածում՝ Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածում։ Այս 32 կմ երկարությամբ հատվածում նախատեսված է երկու թունել և 15 կամուրջ։
Նախարարության տվյալներով՝ երկու թունելներն արդեն փորված են, իսկ կամուրջներից 14-ի շինարարությունը ընթացքի մեջ է։
Իրականացված և ընթացիկ նախագծերը ուղղված են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը և տարանցիկ ուղիների ընդլայնմանը։

