ABNews

2025-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձանագրել է 1,264 իրավախախտում

Լուրեր | 2026/01/26 13:19

2025-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձանագրել է 1,264 իրավախախտում

Անազատության մեջ պահվող 3 կենդանի՝ 1 գայլ, 1 բվիկ և 1 ճուռակ, վերադարձվել են վայրի բնություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թվականին իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրել է 1,264 իրավախախտում։ Ստուգումների ընթացքում արձանագրվել է 11,852 ապօրինի հատված ծառ և 4,255.2 խմ ապօրինի փայտանյութ։

Տարվա ընթացքում իրականացվել է 8 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 6 մասնաճյուղերում։

Արձանագրված իրավախախտումների շրջանակում կիրառվել է 293 վարչական տույժ, նշանակվել է շուրջ 30.3 մլն դրամ տուգանք։ Միաժամանակ հաշվարկվել է շուրջ 907.9 մլն դրամի բնապահպանական վնաս։

Վայրի կենդանիների պահման պայմանների խախտման և ապօրինի որսի 38 դեպքերի շրջանակում հայտնաբերվել է 284 կենդանի, որոնք ստացել են պաշտպանություն կամ վերադարձվել են բնական միջավայր։

Տեսչական միջոցառումների ընթացքում առգրավվել են 13 հրացան, 22 փամփուշտ, 21 լողամիջոց, 248 ձկնորսական ցանց և 4 ինքնաշեն մետաղական օղակ։

Անազատության մեջ պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված 7 կենդանի՝ 6 անդրկովկասյան գորշ արջ և 1 բեզոարյան այծ, տեղափոխվել են կենդանիների համար առավել բարենպաստ պայմաններ ապահովող ապաստարաններ և կացարաններ։

Բացի այդ, անազատության մեջ պահվող 3 կենդանի՝ 1 գայլ, 1 բվիկ և 1 ճուռակ, վերադարձվել են վայրի բնություն։ Քաղաքացիների կողմից հայտնաբերված ՀՀ Կարմիր գրքում գրանցված 2 թռչուն՝ 1 սապսան և 1 մեծ ենթարծիվ, տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականին բնապահպանական վերահսկողության շրջանակում արձանագրվել են ինչպես իրավախախտումների բացահայտման, այնպես էլ կենդանական աշխարհի պաշտպանությանն ուղղված գործողություններ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը