1 միլիոն դրամ աջակցություն, ներմուծման սահմանափակումներ․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
Լուրեր |
ՀՀ կառավարությունը փետրվարի 5-ի նիստում ընդունել է մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են բնապահպանությանը, արդյունաբերությանը, սոցիալական քաղաքականությանը և կառավարման համակարգի բարեփոխումներին։
Ստորև՝ նիստի 5 առանցքային որոշումները։
Սահմանվել են Սևանա լճում 2026 թվականի ձկան արդյունագործական որսի չափաքանակներն ու արգելքի ժամկետները
Կառավարությունը սահմանել է 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, ինչպես նաև որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։ Որոշման հիմքում դրվել են 2025 թվականին իրականացված գիտական ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 1373.9 տոննա։ Այդ տվյալների հիման վրա 2026 թվականի համար սահմանվել է սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, ինչը կազմում է արդյունագործական պաշարի 40 տոկոսը։ Միաժամանակ որոշվել է սիգի նախաձվադրման և ձվադրման արգելքի ժամկետը՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։ Կառավարության գնահատմամբ՝ այս կարգավորումները նպաստելու են Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարմանը։
Երկարացվել է պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման կարգավորումը
Նիստում կառավարությունը որոշել է նաև երկարացնել պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման կարգավորման գործողությունը ևս վեց ամսով։ Ըստ ընդունված որոշման՝ երրորդ երկրներից ներմուծվող պողպատե ամրանների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 29-ապատիկի չափով, իսկ լիցենզիայի տրամադրման պետական տուրքի ընդհանուր դրույքաչափը՝ բազային տուրքի 45-ապատիկի չափով։ Միաժամանակ ամրագրվել է դրույթ, ըստ որի՝ վճարված պետական տուրքը ենթակա չէ վերադարձման՝ անկախ ներմուծման գործընթացի արդյունքներից։ Կառավարության խոսքով՝ այս քայլը նպատակ ունի զարգացնել բարձր ավելացված արժեք ունեցող տեղական արտադրությունը և ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտադրողների և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների միջև։
Փոփոխվել է կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների ներկայացման կարգը
Կառավարությունը նաև փոփոխություն է սահմանել պահուստային ֆոնդից հատկացումների և վերաբաշխումների վերաբերյալ որոշումների ներկայացման գործընթացում։ Նոր կարգով նախատեսվում է, որ նման որոշումների նախագծերը կկազմվեն և կներկայացվեն բյուջետային գլխավոր կարգադրիչների կողմից՝ այդ թվում ՀՀ ֆինանսների նախարարության։ Սահմանվում են միասնական պահանջներ և կառուցակարգեր, որոնք, ըստ կառավարության, կօգնեն հստակեցնել պատասխանատվության շրջանակները, համակարգել բյուջետային գործընթացները և ապահովել որոշումների մշակման առավել կանխատեսելի և միասնական ընթացակարգ։
2026 թվականին 100-ամյա քաղաքացիները կստանան 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն
Նիստում ընդունվել է նաև սոցիալական ուղղվածություն ունեցող որոշում, համաձայն որի՝ 2026 թվականին Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող այն քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա տվյալ տարվա ընթացքում, կստանան պետական մակարդակով 1 միլիոն դրամի չափով միանվագ նյութական աջակցություն։ Կառավարության տվյալներով՝ 2026 թվականին նման աջակցություն կստանա 71 քաղաքացի։ Սահմանվում է, որ աջակցությունը չի տրամադրվի այն անձանց, որոնք տվյալ պահին կորցրել են կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչպես նաև մահվան դեպքում կամ այն քաղաքացիներին, որոնք արդեն ստացել են նույնաբովանդակ աջակցություն Երևանի ավագանու որոշմամբ։
Առողջապահության ոլորտում առաջարկվում է փոխել բժշկական կազմակերպությունների կառավարման պահանջները
Բացի այդ, կառավարությունը քննարկել է առողջապահության նախարարության առաջարկը՝ բժշկական կազմակերպությունների կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ։ Առաջարկվում է ընդլայնել մասնագիտական կրթության պահանջները այն անձանց համար, որոնք ընդգրկվում են փակ բաժնետիրական ընկերության ձևաչափով գործող, շահույթ հետապնդող բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում։ Նախատեսվում է, որ գործադիր մարմինների անդամների կրթությունը պարտադիր չի սահմանափակվի միայն բժշկական մասնագիտությամբ, սակայն նրանք պետք է համապատասխանեն կառավարման և գործադիր գործունեության ոլորտում աշխատանքային փորձի պահանջներին։ Ըստ առողջապահության նախարարության՝ այս փոփոխությունը միտված է պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնների կառավարման արդյունավետության, ֆինանսական կայունության և զարգացման հնարավորությունների բարձրացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Apple-ը չի շտապում փոխվել. iPhone 18-ը կպահպանի ծանոթ դիզայնը․ ինչ է սա ասում ընկերության ռազմավարության մասին
2026/02/05/ 17:21 -
ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները կկարգավորվեն․ նախագիծ
2026/02/05/ 17:14 -
Օտարերկրացիները ճանապարհային խախտումների վերաբերյալ կծանուցվեն ՀՀ սահմանային անցակետերում
2026/02/05/ 17:12 -
Բեռլինի «Թանգարանային կղզում» առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը
2026/02/05/ 16:11 -
Հայաստանը չի կարծում, թե երկիրը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից․ Սիմոնյան
2026/02/05/ 15:57 -
Լավրովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին
2026/02/05/ 15:53 -
1 միլիոն դրամ աջակցություն, ներմուծման սահմանափակումներ․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/02/05/ 15:34 -
Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը դատապարտվել է ցմահ ազատազրկման
2026/02/05/ 14:20 -
Բաց, բայց խոցելի տնտեսություն․ Հայաստանի դիրքը ներմուծում–ՀՆԱ հարաբերակցության համատեքստում
2026/02/05/ 13:12 -
Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխել բժշկական կենտրոնների գործադիր մարմինների ձևավորման պահանջները
2026/02/05/ 12:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները