Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը
Լուրեր |
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հինգերորդ նիստը:
Օրակարգի շրջանակում ներկայացվել են Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման, Ռոբոտատեխնիկայի և Արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերի նախագծերը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը և Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը:
Մինչ օրակարգային հարցերի ներկայացումը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ներածական խոսքում նշել է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում, որտեղ ներառված են նաև ռոբոտաշինության, արհեստական բանականության և կիրահաղորդիչների ուղղությամբ Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության կետերը, նոր հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում այս ոլորտների զարգացման համար և ներկայացվող երկու նախագծերը հենց կիսահաղորդիչների, արհեստական բանականության ու ռոբոտաշինության վերաբերյալ են։ Նրա խոսքով՝ այս նախագծերը աշխատանքային խմբերի, մասնավոր գործընկերների, ինչպես նաև Նորարարության հայկական հիմնադրամի համագործակցությամբ ծավալուն աշխատանքի արդյունքն են:
Նորարարության հայկական հիմնադրամի տնօրեն Անահիտ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ: Նախ անդրադարձ է կատարվել կիսահաղորդիչների ոլորտի գլոբալ նկարագրին, ընդգծվել, որ արհեստական բանականությունն աննախադեպ արագությամբ ընդլայնում է ոլորտի տնտեսական ազդեցությունը: Մանրամասներ են ներկայացվել Հայաստանում գործող կիսահաղորդիչների ԳՀՓՄ (R&D) կենտրոնների, Հայաստանի կիսահաղորդչային դիրքավորման, կրթության և ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Անահիտ Սարգսյանն անդրադարձել է 2032թ. Հայաստանի կիսահաղորդիչների ճարտարագիտական էկոհամակարգի զարգացման տեսլականին և այս համատեքստում ընդգծել մարդկային կապիտալի զարգացման ու տնտեսական ազդեցության հեռանկարները:
ARCS.ai խորհրդի փոխնախագահ Կարեն Էգուիազարյանը մանրամասներ է ներկայացրել Ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ, անդրադարձ կատարել ժամանակակից տեխնոլոգիական մրցավազքում ռոբոտիկայի և արհեստական բանականության որոշիչ դերակատարմանը և Հայաստանում առկա ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին: Զեկուցողը ներկայացրել է տաղանդների ներգրավվման, կրթական և հետազոտական առաջնահերթ ուղղություններով անելիքները, էկոհամակարգի ձևավորման ու տնտեսական ազդեցության հեռանկարները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ ինչպես ներկայացրել էր նախորդ նիստում, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի հետ կապված աշխատանքները շարունակվում են և այս ժամանակահատվածում իրականացվել են գործողությունների ծրագրի մշակման հետ կապված աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվում են Կառավարության և շահագրգիռ կողմերի հետ ռազմավարական թիրախների վերջնականացման, հանրային շահագրգիռ կողմերի հետ հենասյունային մակարդակի միջոցառումների վավերացման աշխատանքները, խորհրդակցություններ են անցկացվում տեխնոլոգիական և ակադեմիական համայնքի հետ՝ իրագործելիության վերաբերյալ, Հայաստանի ռազմավարական ուղղությունների հետ համապատասխանեցման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը կենտրոնանում է երկու ուղղությունների վրա՝ ԱԲ ինժեներիա և խելացի թվային համակարգեր և Deep-Tech ինժեներիա, նախատիպավորում և ներկառուցված համակարգեր՝ որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնական հենասյուներ և առաջնահերթ ոլորտներում համակարգված աճի հիմք:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը, անդրադարձել խորհրդի կազմի համալրման հարցին:
Ներկայացված նախագծերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է Կառավարության կողմից իրականացվող և նախատեսվող ծրագրերի հետ նախագծերի համադրության կարևորությունը՝ վերջինների առավել արդյունավետ իրականացման տեսանկյունից:
Ամփոփելով քննարկումները և ընդգծելով բարձր տեխնոլոգիաների միջոցով տնտեսական փոխակերպման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացված նախագծերի շրջանակում աշխատանքային քննարկումներ կազմակերպել և ներկայացնել դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46 -
Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդшխության դեպքեր
2026/04/10/ 19:28 -
Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը
2026/04/10/ 18:13 -
Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
2026/04/10/ 17:55 -
ՀՀ ընտրական օրենսգիրքը շատ ազատական է, ԿԸՀ-ն չի կարող իր հայեցողությամբ մերժել որևէ քաղաքական ուժի գրանցումը. Հովակիմյան
2026/04/10/ 17:52 -
Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
2026/04/10/ 17:47 -
Օգտվել է ավելի քան 600 հազար քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը
2026/04/10/ 17:40 -
Թրամփը հստակ ուղեցույց է տվել՝ Իրանի հետ բանակցությունների վարման վերաբերյալ
2026/04/10/ 17:32 -
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը
2026/04/10/ 17:28 -
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսիընդլայնման աջակից
2026/04/10/ 15:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 8, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․