2024թ․ դեկտեմբերի 12-ին Կառավարությունը որոշում ընդունեց անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների մի մասի վարկերի ներման վերաբերյալ։ Սա առաջին հայացքից դրական միջոցառում է, սակայն խնդիրն ավելի խորքային է, քանի որ սպառողական վարկերի ծավալը 2018 թվականից սկսած եռապատկվել է, և այդ վարկերի 68 տոկոսը անհուսալի է։
Հայաստանը ներկայումս բախվել է եկամուտների հավաքագրման լուրջ խնդրի։ Թերի հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով 2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում հավաքագրված հարկերը 8 տոկոսով պակաս են, քան պլանավորված ցուցանիշը։ Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ հավաքագրված հարկերը երեք եռամսյակ շարունակ նշաձողից պակաս են 8 տոկոսով։ Այս պայմաններում նման քաղաքականությունը լրացուցիչ բեռ է առաջացնում բյուջեի վրա։
Կառավարության առաջարկը
Կառավարությունն առաջարկում է մինչև 1 միլիոն դրամ անհուսալի վարկ ունեցող շուրջ 220 հազար քաղաքացիների դուրս գալ ստվերային տնտեսությունից և գրանցվել որպես օրինական աշխատող: Փոխարենը նրանք կստանան երկու տեսակի աջակցություն՝
- Վարկի մարում եկամտահարկից (20%)
- Աշխատավարձից լրացուցիչ 20%-ի գանձում վարկի մարման համար
- Բանկերի կողմից տույժերի և տուգանքների մինչև 80% զիջում
Հատկանշական է, որ ծրագիրը համընկնում է 2025թ․ հունվարից Երևանում հիպոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի դադարեցման հետ: Նշենք, որ վերջին 3 տարիների ընթացքում այս օրենքի շնորհիվ Ռուսաստանից դուրս եկած դրամական միջոցները հիմնականում ներդրվեցին շինարարությունում, քանի որ այս ոլորտում վարկի տոկոսադրույքը փաստացի զրոյական էր։ Սա հանգեցրեց նրան, որ հատկապես Երևանում սկսեցին կառուցվել նոր շենքեր, որոնք հիմնականում նախատեսված էին միջինից բարձր եկամուտ ունեցող մարդկանց համար։ Քանի որ այս պահին Հայաստանում նկատվում է կապիտալի, ինչպես նաև Ռուսաստանից եկած ռելոկանտների արտահոսք, հարցեր են առաջանում այդ բնակարանների ապագա պահանջարկի վերաբերյալ։
Բանկային համակարգի շահերը
Այս որոշումից առաջին հերթին շահում է բանկային համակարգը: 2025թ․ հունվարից Երևանում հիպոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի դադարեցումը կարող է բացասաբար անդրադառնալ կառուցապատողների և, որպես հետևանք, բանկային համակարգի վրա, քանի որ 2022թ․ բանկային համակարգ մուտք գործած գումարները հիմնականում ներդրվել են շինարարության ոլորտում։
Վարկային բեռի դինամիկան
2024թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023թ․ ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Հայաստանի աշխատունակ տարիքում գտնվող բնակչության թիվը կազմում է 2.2 մլն մարդ։ Այսինքն՝ աշխատունակ բնակչության 15.5 տոկոսն այս պահին ունի անհուսալի վարկ, որը չի կարող սպասարկել, և այդ ցուցանիշը շարունակում է աճել։
2023 թվականի ապրիլին սպառողական վարկերի ծավալը կազմում էր 929 մլրդ դրամ, որից 525-ը, այսինքն՝ 40 տոկոսը, համարվում էր անհուսալի։ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ սպառողական վարկերի արդեն 68.4 տոկոսն էր համարվում անհուսալի։ Վերջին տվյալներով սպառողական վարկերը կազմում են 1.312 տրիլիոն դրամ, որից 68.4 տոկոսը համարվում է անհուսալի։ Հարկ է նշել, որ բանկային համակարգի բոլոր վարկերի 12.5 տոկոսը անհուսալի է, և այս ցուցանիշը նույնպես աճման միտում ունի։ Սա վկայում է ինչպես սոցիալական առանցքային խնդիրների մասին, երբ բնակչության զգալի հատվածը չի կարող հոգալ իր ամենօրյա կարիքները, այնպես էլ բանկային համակարգում աճող ռիսկայնության մասին։
Վարկավորման միտումները 2018-2024թթ․
2018թ․ սկսած հիպոթեքային և սպառողական վարկերը գրանցել են կտրուկ աճ՝ գրեթե եռապատկվելով։ ՀՀ դրամով տրամադրված հիպոթեքային վարկերը 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ գերազանցել են 1.2 տրիլիոն դրամը։ 2023 թվականի վերջի դրությամբ այս ցուցանիշը կազմում էր 951 մլրդ դրամ։ Փաստացի, հիպոթեքային վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն կազմում է 12 տոկոս և ունի հստակ աճի միտում՝ համեմատած 2018 թվականի հետ, երբ այս ցուցանիշը կազմում էր 2.5 տոկոս։ Ինչպես երևում է գծապատկերում, սպառողական վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նույնպես աճի միտում ունի։
Նմանատիպ պատկեր է նաև սպառողական վարկերի դեպքում։ Այս վարկերի բեռը 2020 թվականից մինչև 2022 թվականի վերջ որոշակիորեն թեթևացել էր բնակչության համար, սակայն 2023 թվականից սկսած զգալիորեն աճել է։ Եթե 2021 թվականի վերջին սպառողական վարկերը կազմում էին 716 մլրդ դրամ, ապա այժմ դրանք գերազանցում են 1.2 տրիլիոն դրամը։ Փաստացի, սպառողական վարկերը 67 տոկոսով աճել են 3 տարվա ընթացքում։
Հաջորդ գծապատկերը ցույց է տալիս բանկային վարկերի տեսակարար կշիռն ըստ ճյուղերի։ 2018 թվականին ընդհանուր վարկերի 20.3 տոկոսը տրամադրվում էր արդյունաբերությանը, 17.1 տոկոսը՝ առևտրին։ 2024թ․ հոկտեմբերին այս ցուցանիշների տեսակարար կշիռը նվազել է՝ համապատասխանաբար հասնելով 11.8 և 12.1 տոկոսի։
Փոխարենն աճել է սպառողական և հիպոթեքային վարկերի տեսակարար կշիռը։ 2018 թվականին հիպոթեքային վարկերը կազմում էին ընդհանուր վարկերի 10 տոկոսը, իսկ 2024-ի հոկտեմբերին՝ արդեն 25.7 տոկոսը։ Այս երկու վարկատեսակները միասին 2018 թվականին կազմում էին ընդհանուր վարկերի 37.5 տոկոսը, իսկ 2024-ի հոկտեմբերին՝ արդեն 51.3 տոկոսը, և այս ցուցանիշը շարունակում է աճել։
Սոցիալ-տնտեսական հետևանքները
Ինչպես նշել ենք մեր նախորդ վերլուծություններում, այս պահին Հայաստանի իրական տնտեսությունը բարվոք վիճակում չէ, ինչի մասին վկայում են և՛ հարկերի թերհավաքագրումը, և՛ դեպի ԵԱՏՄ ու ԵՄ արտահանման համապատասխանաբար 17 և 25 տոկոսով կրճատումը։
Անհուսալի վարկառուների վարկային բեռի սպասարկման գումարները պետք է որևէ աղբյուրից գոյանան, որպեսզի նաև սպասարկեն բանկային համակարգը 2025 թվականի անորոշ պայմաններում։ Դրանց մեծ մասը գալու է գործատուներից՝ հավելյալ հարկային բեռի տեսքով։ Սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ իրական տնտեսությունն այս պահին բարվոք վիճակում չէ։ Բացի այդ, կասկածելի է 220 հազար անհուսալի վարկառուների մասնակցությունը ծրագրին, քանի որ նրանք հիմնականում ցածր եկամուտ ունեցող կամ գործազուրկ անձինք են:
Համակարգային խնդիրներ և հեռանկարներ
Խնդիրը խորքային է. լավ օրից չէ, որ մարդիկ դարձել են անհուսալի վարկառու։ Վերջին 6 տարում սպառողական վարկերն աճել են 3 անգամ և այս պահին ընդհանուր վարկերի 25.7 տոկոսն են կազմում։ Մենք այս պահին խոսում ենք 220 հազար անհուսալի վարկառուի մասին, որոնց վարկը չի գերազանցում մեկ միլիոն դրամը։ Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի սոցիալական քաղաքականությունը խնդիրներ ունի։
***
Առաջարկված վարկերի ներման ծրագիրը չի կարող հանդիսանալ համակարգային խնդիրների լիարժեք լուծում։ Այն ավելի շուտ ժամանակավոր միջոց է՝ միտված սոցիալական լարվածության մեղմմանը։ Փոխարենը անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝
- Սոցիալական քաղաքականության արմատական վերանայում
- Աշխատավարձերի բարձրացման և զբաղվածության ընդլայնման ծրագրերի մշակում
- Ֆինանսական գրագիտության բարձրացման համալիր միջոցառումներ
- Սպառողական վարկավորման ոլորտի կարգավորման նոր մեխանիզմների ներդրում
Առանց այս համակարգային բարեփոխումների՝ անհուսալի վարկերի թիվը և սպառողական վարկերի տեսակարար կշիռը շարունակելու են աճել՝ խորացնելով առկա սոցիալ-տնտեսական խնդիրները։