ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և Սինգապուրի Ֆինանսների և տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը (GFTN) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միտված Բանկի թվային հնարավորությունների և ֆինտեխ ենթակառուցվածքների զարգացմանը։
Համագործակցության նպատակն է ԱրարատԲանկը դարձնել թվային առաջադեմ ֆինանսական հաստատություն՝ շեշտադրելով ֆինտեխ նորարարությունը, թափանցիկության բարձրացումը և տեղական ու անդրսահմանային կապերի ընդլայնումը։ Գործընկերությունը նաև կարևորում է ԲՍԿ չափանիշներին համահունչ պատասխանատու վարկավորման գործելակերպը՝ նպաստելով զրոյական արտանետումների համաշխարհային անցմանը։
Սինգապուրի կենտրոնական բանկի կողմից հիմնադրված Ֆինանսների և տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը Բանկին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ և իր ցանցին հասանելիություն՝ վերջինիս աջակցելով թվային վերափոխման ճանապարհին։
Համագործակցության մեկնարկի շրջանակներում ԱրարատԲանկի գործադիր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Սինգապուրում կայացած «Insights» ֆորումին՝ «Թվային ներառականության ապագան զարգացող երկրներում. ներդրումային հնարավորություններ» կլոր սեղան քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Սինգապուրի կենտրոնական բանկի կողմից։
ԱրարատԲանկի պատվիրակությունը՝ կազմված Բանկի Խորհրդի, Վարչության անդամներից և առանցքային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նոյեմբերի 4-5-ը Սինգապուրում կայացած «Insights» ֆորումին և նոյեմբերի 6-8-ը անցկացված Ֆինտեխ ֆեստիվալին։
Հրավերով ֆորումը համախմբել է 2,300-ից ավելի քաղաքականություն մշակողների, կարգավորողների, ներդրողների և ոլորտի առաջատարների՝ 40 կլոր սեղան քննարկումների շրջանակներում, իսկ Ֆինտեխ ֆեստիվալին մասնակցել է 134 երկրից և տարածաշրջանից 65,000 ներկայացուցիչ։ Ֆորումի ընթացքում քննարկվել են ֆինանսական ենթակառուցվածքների ապագայի և զրոյական արտանետումների համաշխարհային նպատակներին հասնելու ուղիները։