Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովը՝ փոփոխության, երախտիքի և միասնության շրջան

Նյմ 1, 2024 11:28
18
ADS

Նյու Յորքում անցկացված ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովը 22 երկրից ժամանած ՀԲԸՄ-ի ավելի քան 875 անդամների, ընկերների և հյուրերի համար կազմակերպության նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենահիշարժաններից և ոգեշնչողներից մեկը:  

Հոկտեմբերի 10-12-ը մասնակիցներն ունեցան բազմաբնույթ փորձառություններով հագեցած օրակարգ՝ սովորելուց ու կապերի հաստատումից մինչև նոր բացահայտումներ։ Ժողովը նաև հնարավորություն էր հարգելու անցյալը, խորհելու ապագայի շուրջ, տոնելու հաջողություններն ու Նյու Յորքում վայելելու հայկական և համաշխարհային մշակույթը։   

Այնուամենայնիվ, այս տարվա գլխավոր իրադարձությունը ՀԲԸՄ-ի յոթերորդ նախագահ Պերճ Սեդրակյանի նախագահության փոխանցումն էր ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհուրդի անդամ Սեմ Սիմոնյանին:

ՀԲԸՄ ղեկավարության փոխանցում

Պաշտոնափոխությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին՝ 93րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական նիստի ընթացքում Mandarin Oriental հյուրանոցում։ Նիստին ներկա էին ՀԲԸՄ-ի համաշխարհային ցանցի 360 պատվիրակներ և անդամներ, նաև պատվավոր հյուրեր, ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Մտորումներ 

Սեդրակյանը հրաժեշտի ելույթում անդրադարձավ ներկայիս իրավիճակով պայմանավորված բազմաթիվ թեմաների։

«Հայ ազգն այժմ կանգնած է խաչմերուկի առաջ»,- հայտարարեց Սեդրակյանը: «Այն գրեթե հավասարապես բաժանված է հայրենիքի, ռուսական և արևմտյան սփյուռքի միջև։ Յուրաքանչյուր համայնք յուրովի է արտահայտում իր ազգային ինքնությունը։ Այս պարագայում մենք և՛ տարբեր ենք, և՛ նույնն ենք։ Մենք պետք է ամուր կամուրջներ կառուցենք՝ պահպանելու մեր աշխարհասփյուռ ազգի միասնականությունը։ Պետությունը, ինչպես և սփյուռքը, դա միայնակ անել չեն կարող։ Այնքան ժամանակ, որքան ես ներգրավված եմ եղել ՀԲԸՄ-ի կառավարման գործում, մենք միշտ փորձել ենք բացերը լրացնել մեր համաշխարհային ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ մեր կազմակերպությունը փայլուն օրինակ է, որ, անկախ մշակութային նրբերանգներից և ազգային տարբեր փորձառություններից, հնարավոր է միասնական լինել»։ 

Նա հավելեց, որ Հայ Եկեղեցին կարևոր դեր է խաղում աշխարհասփյուռ հայերին միասնական պահելու գործում՝ շնորհիվ քրիստոնեական դրույթներից, պատմությունից և Հայ Առաքելական Եկեղեցու մշակութային ժառանգությունից բխող հայկական համընդհանուր և հավիտենական արժեքների, սովորույթների և ավանդույթների:

Պաշտոնական նիստի ընթացքում ՀԲԸՄ Կենտրոնական վարչության փոխնախագահ Ժոզեֆ Ուղուրլյանը հայտարարեց, որ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը և Հոգաբարձուների խորհուրդը Պերճ Սեդրակյանին միաձայն ընտրել են որպես պատվավոր նախագահ՝ հաշվի առնելով նրա կեսդարյա սերտ մասնակցությունը ՀԲԸՄ կառավարմանը և կազմակերպության վրա նրա թողած խորը հետքը։

Ի լրումն, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության քարտուղար Արդա Հարաթունյանը, ով վարում էր Ընդհանուր ժողովը, հայտարարեց, որ Պերճ Սեդրակյանին շնորհավորական ուղերձներ են հղել պետական մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի մի շարք շրջանների ղեկավարներ։

Հայրապետական օրհնություն և գովասանքի ուղերձներ հնչեցին նաև Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի և Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ-ի կողմից։ Երախտիքի ուղերձներին միացել էին նաև մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ):

Ապագայի տեսլական

Նորընտիր նախագահ Սեմ Սիմոնյանն իր ելույթում շեշտեց չեզոքության համատեքստում միասնության կարևորությունը՝ ասելով. «Մենք հարգանքով ենք լցված մեր բոլոր հաստատությունների հանդեպ՝ պետական, կրոնական, մշակութային և կրթական: Եվ այս չեզոքությանը հավատարիմ մնալով՝ մենք կարող ենք գործել ի նպաստ ողջ հայության՝ միավորելով մեր համայնքը ընդհանուր արժեքների և նպատակների շուրջ։ Սա մեզ զերծ կպահի այն պառակտումներից, որոնք առաջանում են քաղաքական պատկանելիության հետևանքով»:

Նա շարունակեց ընդգծելով,- «կարևոր է նաև մեզ չսահմանափակել հնացած մեթոդներով: Սա համացանցի, տեխնոլոգիաների և արհեստական բանականության դարաշրջան է, և երիտասարդներին կրթելու և ներգրավելու մեր մոտեցումը պետք է զարգացնենք, որպեսզի հնարավորինս օգտվենք առաջընթացից»:  

Սիմոնյանը նաև նշեց, որ այսօր մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների, որոնք պահանջում են հավաքական ջանքեր. «Դրանք հաղթահարելու համար մենք պետք է գնանք բարեկեցիկ և միասնական ապագա կերտելու համարձակ երազանքների հետևից», — ասաց նա: «Նման երազանքներին հասնելու համար մեր բոլոր կազմակերպությունները պետք է գործեն համախմբված ու ներդաշնակ՝ ռեսուրսներն ու փորձառությունները կիսելով, այլ ոչ միմյանց հետ մրցակցելով։ Համագործակցություն խթանելով՝ մենք կարող ենք ուժեղացնել մեր աշխարհասփյուռ համայնքը, բազմապատկել մեր ազդեցությունը և աշխարհի ցանկացած կետում աջակցել հայությանը, որպեսզի մեր հայրենակիցներն ունենան երկարաժամկետ հաջողություն ու դիմակայունություն»:  

Փառք և օրհնություն

His Holiness Karekin II offers blessings in gratitude with a memento from Holy Etchmiadzin

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր երախտագիտությունն է հայտնում Սուրբ Էջմիածնից բերված հուշանվերով։

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանել էր Սուրբ Էջմիածնից՝ անձամբ շնորհավորելու Պերճ և Վերա Սեդրակյաններին։ Նրանց երկարամյա բարեկամությունը ձևավորվել է դեռևս 1983 թվականին, երբ Պերճ Սեդրակյանը դեռ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության ամենաերիտասարդ անդամն էր, իսկ Գերաշնորհ տեր Գարեգինը Խորհրդային Հայաստանի հայ հոգևորականների շարքում իր հոգևոր ուղին էր կերտում։ Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ համագործակցություններն ու ջանքերն արդյունք տվեցին՝ ծառայելով խորհրդային կարգերի և տնտեսության փլուզման հետևանքով տուժած հայրենակիցներին։ Դա նաև այն ժամանակն էր, երբ հոգևոր կապը վերգտնելը հրամայական դարձավ Հայաստանի անկախությանը հաջորդած մութ տարիներին։

ՀԲԸՄ Ընդհանուր ժողովի ժամանակ պարգևատրված անձինք  

Ավանդույթի համաձայն, Ընդհանուր ժողովը հնարավորություն է ընձեռում հարգանքի արժանացնելու անհատներին և խմբերին՝ ՀԲԸՄ-ին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:

«ՀԲԸՄ ակնառու ծառայության մրցանակ»-ը համատեղ շնորհվեց ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղին և ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Լոնդոնի կոմիտեին՝ իրենց կառուցողական ջանքերի և համագործակցության համար: «ՀԲԸՄ նախագահական մրցանակ»-ը բացառիկ նվիրումի և ծառայության համար շնորհվեց Նյու Յորքում ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակի երկարամյա անդամներ, օժանդակությունների և գույքի տնօրեն Ռանդա Աքդային և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Հրանտ Քամալյանին, ինչպես նաև Միչիգանի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի նախկին տնօրեն Հոսեփ Թորոսյանին: Խոհարար և ձեռներեց Ալին Քամաքյանը ներկա չէր միջոցառմանը, սակայն նույնպես պարգևատրվեց այս մրցանակով՝ Լիբանանում և Հայաստանում «World Central Kitchen»-ի հետ աշխատանքի շնորհիվ:

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ և Տորոնտոյում ՀԲԸՄ ներկայացուցիչ Պերճ Փափազյանն իր առաջնորդության համար արժանացավ «ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մրցանակ»-ին, իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակի կրկնակի հավակնորդ Կարո Փայլանը և ԱՄՆ Ներկայացուցչական պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հայ ազգին ու համայնքին ծառայելու համար պարգևատրվեցին «Պողոս Նուբար մրցանակ»-ով։

AGBU 93rd General Assembly Honorees

ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովի մրցանակակիրները։

«Գալա» միջոցառում ի պատիվ Վերա և Պերճ Սեդրակյանների  

Այդ երեկո ավելի ուշ շնորհավորանքների և երախտագիտության ոգեշնչող ուղերձներ հնչեցին լեգենդար «Gotham Hall»-ում: Ավելի քան 550 հյուրերի մասնակցությամբ միջոցառումը լի էր ուրախությամբ, հիշողություններով, դիտարկումներով և գովասանքի հատուկ խոսքերով։ Երեկոյի ժամանակ անզուգական կատարմամբ հանդես եկավ աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանը:

Ցյուրիխի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների համանախագահ Էլիզաբեթ Իստանբուլի ֆոն Շարները, ով վարում էր երեկոն, բացման խոսքում երախտագիտություն հայտնեց Պերճ և Վերա Սեդրակյաններին իրենց տեսլականի և հայ երիտասարդության հանդեպ հավատի համար. նվիրվածություն, որի արդյունքում 2002թ.-ից գործող ԵԱ խմբերի թիվը չորսից ընդլայնվեց 46-ի: Երեկոյի ընթացքում բազմիցս արծարծվեց ազդեցություն ունենալու և ոգեշնչելու կարևորությունը։

Յուրաքանչյուր բանախոս ներկայացրեց Սեդրակյանների հետ համագործակցության և բարեկամության անձնական փորձառությունն ու խոսեց նրանց տասնամյակների ծառայության և դրական ազդեցության համաշխարհային հասանելիության մասին: Խոսքով հանդես եկան ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Դեմիրճյանը, ընտանիքի մտերիմ ընկեր Նիկոլ Քուլաջյանը և Սեդա Նազարյանը։ Երախտիքի խոսքեր հնչեցրին նաև ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ Վաչե Մանուկյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Gala honorees AGBU Honorary President Berge Setrakian and Vera Setrakian with AGBU President Sam Simonian, Sylva Simonian, Tamar Manoukian, and AGBU Council of Trustees Chairman Vatche Manoukian

ՀԲԸՄ պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանը և Վերա Սեդրակյանը, որոնց պատվին կազմակերպվել էր «Գալա» միջոցառումը, ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի, Սիլվա Սիմոնյանի, Թամար Մանուկյանի և ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ Վաչե Մանուկյանի հետ:

Տեսանյութով ուղերձ հղեցին մի շարք հասարակական գործիչներ և ընկերներ, այդ թվում՝ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին, ով գովաբանեց Սեդրակյանին որպես փայլուն իրավաբան և լիբանանցիների մեծ բարեկամ: Սիրիայում (1988-1991թթ.) և Իսրայելում (1993-1994թթ.) Միացյալ Նահանգների դեսպան Էդվարդ Ջերեջյանը նշեց աշխարհաքաղաքական բարդ հարցերը հասկանալու Սեդրակյանի բացառիկ կարողությունը և նկատեց, որ Սեդրակյանը հիանալի դիվանագետ կդառնար:

Կենտրոնական վարչության և ՀԲԸՄ-ի բազմաթիվ ականավոր անդամներ անդրադարձան Սեդրակյանների ազգաշինությանն ուղղված գործունեությանը, սփյուռքը համախմբելու նրանց նվիրվածությանը, երիտասարդության զարգացմանը խթանող ներդրումներին և հայ մշակույթի և արվեստի հանդեպ սիրուն:

Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը խոսեց Պերճի և Վերայի՝ Հայ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի հանդեպ նվիրվածության մասին՝ նշելով, որ դա պարզապես չի սահմանափակվել Հին Վեհարանի վերանորոգման ֆինանսավորմամբ, այլ պայմանավորված է օրինակելի քրիստոնյաներին և աշխարհի քաղաքացիներին վայել կյանքով ապրելով։

Presenters at the gala evening: Elisabeth Istanboulli von Tscharner; Yervant Demirjian; Nigol Koulajian; Seta Nazarian

«Գալա» միջոցառման խոսնակներ` Էլիզաբեթ Իստանբուլի ֆոն Շարներ, Երվանդ Դեմիրճյան, Նիկոլ Քուլաջյան, Սեդա Նազարյան։

Պերճ Սեդրակյանի Առաջնորդության ֆոնդ

Որպես հարգանքի տուրք Սեդրակյանի կեսդարյա ակնառու առաջնորդության՝ ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը հայտարարեց Պերճ Սեդրակյանի Առաջնորդության ֆոնդի ստեղծման մասին: «Երկար տարիներ միմյանց իմանալու և համագործակցելու ընթացքում Պերճը միշտ ընդգծել է ապագա առաջնորդներ կերտելու կարևորությունը: Անհատներ, ովքեր աչքի կընկնեն իրենց ոլորտներում և հատուկ հմտությունների և գիտելիքների շնորհիվ կկարողանան ղեկավարել անորոշ և խրթին հանգամանքներում՝ միաժամանակ խորապես կապված մնալով իրենց հայկական ինքնության և համայնքի հետ», — ասաց Սիմոնյանը: «Պերճը այս հատկանիշների վառ կրողն է»:

Սիմոնյանը նաև նշեց, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող աջակիցներից ստացած նվիրատվությունների շնորհիվ Պերճ Սեդրակյանի առաջնորդության ֆոնդն արդեն համալրվել է 3,3 միլիոն դոլարով։ Նվիրատվությունները շարունակվում են։

Պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանը խորապես հուզված էր հարգանքի, հիացմունքի, երախտագիտության և բարեկամության այս բարձր դրսևորումներից, որոնք ցուցաբերեցին տարբեր սերունդների հին ու նոր ներկայացուցիչները։ «Գիտե՞ք, հիմա շատ դժվար է արտահայտվելը: Ես երախտիքի մեծ զգացումով եմ լցված, քանի որ, այն ամենն, ինչ ես և Վերան արեցինք այս գործունեության ընթացքում, մեզ դարձրեցին դրա ամենամեծ շահառուները՝ շնորհիվ գոհունակության և բավարարվածության այն մեծ զգացումի, որն ապրում ես՝ գիտակցելով, որ կարողացել ես ինչ-որ լավ բան անել դիմացինի համար։ Դա շատ ավելին էր», — ասաց նա:

«Ես անձամբ չեմ հավատում զոհաբերություն անելու գաղափարին։ Զոհաբերելու պատճառ չկա, քանի դեռ համոզված ես, թե ինչ ես անում։ Եվ երբ կարողանում ես ինչ-որ մեկին օգնել, ճիշտ է, որ հետո ուրախությամբ ես համակվում, որ դա անելու հնարավորություն է ընձեռվել քեզ… Եվ այս կազմակերպությունը հիմնված է հենց այդ փիլիսոփայության վրա, այդ իդեալի վրա…Այսօր առավոտյան մենք աշխարհի տարբեր անկյուններից ունեինք ավելի քան 360 ներկայացուցիչներ… և մեր միջև սերտ կապ կա, քանի որ մենք բոլորս հավատում ենք նույն արժեքներին: Եվ սա մի կազմակերպություն է, որտեղ մեզ սովորեցնում են, որ պետք է աշխատել մի ակնկալիքով միայն. այն բերկրանքի համար, որ ունենում ենք դիմացինին օգտակար լինելիս։ Եվ սա է այս կազմակերպության մեծությունը»։  

Գիտաժողովներ և մշակութային երեկոներ 

Եռօրյա միջոցառումների շրջանակներում հանդիպումների և հավաքների շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու տարբեր ոլորտներ ներկայացնող մտքի առաջնորդների և մասնագետների հետ: Տասներկու երկրներում գործող ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների ղեկավարության հանդիպումը տեղի ունեցավ հինգշաբթի օրը՝ ռազմավարական քննարկումներով և ՀԲԸՄ-ի նորընտիր նախագահ Սեմ Սիմոնյանի հետ բուռն քննարկումներով:

Երեկոյան աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ավելի քան 300 երիտասարդ արհեստավարժներ հավաքվեցին Նյու Յորքի «Սեյնթ» գողտրիկ բարում՝ նշելու Ընդհանուր ժողովի գալիք մեկնարկը։ Միջոցառումը կազմակերպվել էր Մեծ Նյու Յորքի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների կողմից:

AGBU Young Professionals from around the world kick off the weekend

Աշխարհի տարբեր կողմերից ժամանած ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները մեկնարկում են միջոցառումների շարքը։

Քննարկումները շարունակվեցին հաջորդ օրը՝ «Պատվիրակների աշխատաժողով»-ի ժամանակ, որի քննարկումների հիմքում ընկած էր ՀԲԸՄ-ի վերջին մի քանի տարիների թողած ազդեցությունը։ Ավարտը նշանավորվեց Պերճ Սեդրակյանի հետ մտերմիկ զրույցով, ով իմաստուն խորհուրդներ տվեց կամավորներին ղեկավարության, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ։

«APRI Armenia»-ի Նյու Յորքի ֆորում

«Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագրով «APRI Armenia»-ի ֆորումը հարյուրավոր մասնակիցների ուշադրությունը սևեռեց նրանց երեք պանելային քննարկումներին։ Ընդմիջմանը երաժշտական կատարմամբ հանդես եկավ անվանի երաժիշտ Արա Դինքջյանը, ում երաժշտությունը հարգանքի տուրք էր հայկական մշակույթի խորը ավանդույթներին:

Սկզբում անհատական քննարկում տեղի ունեցավ Ատլանտիկ խորհրդի եվրասիական կենտրոնի ավագ համակարգող, դեսպան Ջոն Հերբսթի հետ Հարավային Կովկասի վրա ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունների հնարավոր ազդեցության մասին։ Հաջորդ քննարկումը բազմաբևեռ աշխարհում Հայաստանի ռազմավարական վերադասավորման շուրջ էր։

Բանախոսների թվում էին՝ «Observer Research Foundation America»-ի գործադիր համակարգող Դհրուվա Ջայշանկարը, Քվինսի անվան Պետական կառավարման պատասխանատվության ինստիտուտի եվրասիական ծրագրերի տնօրեն Անատոլ Լիվենը, Քարնեգի հիմնադրամի գիտաշխատող Կարո Փայլանը և Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

A discussion on Armenia’s foreign policy at the APRI Armenia New York Meeting

Աշխարհի տարբեր կողմերից ժամանած ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները մեկնարկում են միջոցառումների շարքը։

Հաջորդ երկու քննարկումները վարեց «APRI Armenia»-ի հիմնադիր Լարա Սեդրակյանը։ «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային խաղաղության որոնումներում» խորագրով պանելային քննարկման բանախոսներն էին Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Եվրասիայի հարցերով հետազոտությունների բաժնի ղեկավար Ռոբերտ Հեմիլթոնը, Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ներսես Կոպալյանը, «Apri Armenia»-ի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը և Ջորջ Մեյսոն համալսարանի Ջիմի և Ռոզալին Քարտների անվան Խաղաղության և հակամարտությունների կարգավորման ֆակուլտետի գիտաշխատող Մարգարիտա Թադևոսյանը։

Ֆորումի վերջին թեման նվիրված էր Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան և նախկին սենատոր Սեմ Բրաունբեքի հետ քննարկմանը, թե ինչպես Հայաստանը կարող է դիրքավորվել որպես միջազգային կրոնական ազատության ջատագով։

«Արվեստ». Ռիթմերի և երաժշտության երեկո

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան, ավելի քան 380 հյուրեր հավաքվեցին «Harold Pratt House»-ում, որտեղ հին Նյու Յորքի ճարտարապետական և դեկորատիվ շքեղությունը միաձուլվեց հայկական երաժշտության նոր մեկնաբանություններին: Յուրահատուկ ձևաչափով միջոցառումը հյուրերին հնարավորություն ընձեռեց խորասուզվելու հայկական մշակույթի մեջ՝ ուսումնասիրելու հայկական արվեստների բազմազանությունը՝ սկսելով Լյուսի Եղիազարյանի ջազ կվինտետից:

The talented artists of Arvest end the night of rhythms and flavors on a high note

«Արվեստ»-ի տաղանդավոր արտիստները ավարտում են ռիթմերով լի երեկոն բարձր տրամադրության ներքո։

Հյուրերը հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր սենյակներում տեղ գտած թեմաներ: Մեկում Intesa Duo-ն էր, որտեղ վոկալիստ Լուսինե Մուսայելյանը Նաթան Ջորջետիի հետ միասին հանդես եկան վիոլայի կատարմամբ։ Մեկ այլ տարածքում Լոս Անջելեսից ժամանած հայերի եռյակը հնագույն գործիքներով նվագում էր արբեցնող մեղեդիներ:

Մհեր Մնացականյանը դուդուկով, շվիով և կլառնետով հանդես եկավ, իսկ Անդրանիկ Կզիրյանը ուդ նվագեց Ալբերտ Օրդինյանի դհոլով և դափով նվագակցությամբ։ Նույն հարկում թավջութակահար և կոմպոզիտոր Արտյոմ Մանուկյանը էլեկտրական թավջութակի վրա հնչեցրեց դինամիկ ուրախ ռիթմեր, իսկ պարուսույց Գրիգորի Դոլբաշյանը հանդես եկավ մեկնաբանական պարով: Ներկաները բարձր գնահատեցին ավանդական համերգի ավանգարդ մատուցումը:

Ընդհանուր առմամբ, սա հույզերով ու գնահատանքով լի միջոցառում էր՝ ուղեկցված այն եռանդուն միասնության ոգով, որը շուրջ 120 տարի ծաղկեցնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: