2024 թվականի ապրիլի 18-ին ՀՀ կառավարությունն իրականացրեց մի շարք փոփոխություններ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում։
Որոշման համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի՝ գիշերամիզություն ունեցող անձինք ենթակա կլինեն սահմանափակումով զինվորական ծառայության։
«Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն»* ունեցող որոշ անձինք ևս ենթակա կլինեն սահմանափակումով ծառայության։ Այդ ցանկում են՝ «ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակները, թեթև աստիճանի, այլ մտավոր և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի կամ հարմարվողականության խանգարումներով, […] նաև ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները (գրագիտության ցածր մակարդակը, անձի պրիմիտիվությունը)»:
Որպես հիմնավորում նախագծում նշվում է, որ նշված առողջական վիճակների դեպքում վիճակագրությունն ավելացել է։ Օրինակ՝ ««մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների թիվը զորակոչից-զորակոչ ավելացել է, մասնավորապես, եթե 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում նշված ախտորոշմամբ ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, ապա 2022 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում այն կազմել է 321»։
Կառավարության նիստի բանավոր քննարկումից կարելի է ենթադրել նաև, որ այս փոփոխությունները հետապնդում են փաստաթղթերի կեղծման դեպքերի նվազեցման նպատակ։
Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններս, մեր մտահոգությունն ենք հայտնում այս փոփոխությունների հետ կապված, որոնք ռիսկի տակ են դնում փաստացի առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքները։
Կոռուպցիայի կանխարգելման ջանքերը պետք է հաշվի առնեն բոլորի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքներն ու կարիքները։
Հակակոռուպցիոն միջոցառումներն իրականացնելիս կարևոր է ապահովել, որ դրանք ակամա չվնասեն նրանց, ովքեր արդեն իսկ մարգինալացված կամ անբարենպաստ վիճակում են։
Տվյալ դեպքում բժշկական կեղծ փաստաթղթերով բանակից ազատման խնդրի լուծումը բոլորի, այդ թվում՝ փաստացի այդ առողջական խնդիրներ ունեցող անձանց սահմանափակ ծառայությունը չէ, այլ մեխանիզմների վերանայումը, որոնք կնվազեցնեն կեղծ փաստաթղթերով բանակից ազատման հնարավորությունը՝ չվնասելով մյուսներին։
Մենք մտահոգված ենք նաև, որ այս նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկումներ չեն ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, որը համակարգում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի աշխատանքները երկրում։ Նաև, ամփոփաթերթի համաձայն, սահմանված ժամկետներում առաջարկություններ չեն ստացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որն էլ իր հերթին պատասխանատու է կոնվենցիայի մշտադիտարկման համար։
Այս փոփոխությունները հիմնավորված չեն, չեն արտացոլում այն իրականությունը, որում անցնում է զինվորական ծառայութունը (սահմանափակ կամ ոչ) և այն պարտավորությունները, որը ստանձնել է պետությունը, այդ թվում՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականություն։
Կառավարության որոշումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ նույնիսկ վերոնշյալ առողջական վիճակների աննշան կամ ասիմպտոմատիկ լինելու դեպքում, դրանք կարող են ազդել զինվորական ծառայության վրա, ունենալ վատթարացման բարձր ռիսկ զինվորական միջավայրին բնորոշ ֆիզիկական և հոգեբանական սթրեսի պայմաններում:
Կան մի շարք այլ հանգամքներ, որոնք պետք է վճռորոշ գործոն լինեին այս որոշումը կայացնելիս, մասնավորապես՝
Գիշերամիզությունը կարող է գործնականում անհաղթահարելի դժվարություններ ստեղծել ծառայության ընթացքում, որտեղ կենցաղային պայմանները կարող են սուղ լինել, իսկ լվացքատնից և լոգարանից օգտվելը՝ սահմանափակմամբ: Անձնական հիգիենայի, այդ թվում՝ մահճակալի մաքրության, պահպանման դժվարությունները կարող են մեծացնել մաշկային ինֆեկցիաների և հիգիենայի հետ կապված այլ առողջական խնդիրների վտանգը։ Նման պայմաններում գիշերային անմիզապահությունը կարող է ազդել ոչ միայն տվյալ անձի, այլև նույն միջավայրը կիսող այլ անձանց վրա։
Գիշերամիզության վերաբերյալ առկա խարանը կարող է ազդել նաև անձի հոգեբանական բարեկեցության վրա: Նման միջավայրում գիշերային անմիզապահությունը կառավարելու սթրեսը կարող է հանգեցնել քնի խանգարումների, ինքնագնահատականի նվազման, վախի և անհանգստության, այդ թվում՝ չմեկուսացվելու և արժանապատվությունը նվաստացնող հանգամքներում հայտնվելու։
Առանց վարքային խնդիրների թեթև մտավոր խնդիրներ ունեցող անձանցսահմանափակ զինվորական ծառայությունը ևս բարձր ռիսկային է։ Զինվորական ծառայությունը, այդ թվում՝ սահմանափակ զինվորական ծառայությունը ենթադրում է արագ հարմարվողականություն և սովորելու կարողություն։ Մտավոր խնդիրներ ունեցող որոշ անձինք կարող են դժվարությունների բախվել այնպիսի միջավայրերում, որտեղ հրահանգներն ու առաջադրանքները բարդ են և արագ են փոխվում:
Որոշ անձինք կարող են դժվարություններ ունենալ բանավոր և գրավոր ոչ մատչելի (երկիմաստ, բարդ և այլն) հրահանգներն ամբողջությամբ հասկանալու հարցում։ Հատկապես լարված իրավիճակներում թյուրընկալումները կամ կողմնորոշման դժվարությունները կարող են մեծացնել անվտանգության ռիսկերը նախևառաջ անհատի համար։ Այս ամենի, այդ թվում՝ միջանձնային հարաբերությունների վրա ազդեցություն կարող է ունենալ նաև դեղորայքային միջամտությունը, որը կարող է անհրաժեշտ լինել ոչ թե վարքային խանգարումներով, այլև տրամադրության կամ ճանաչողական տարբեր հանգամանքներով։
Հասարակական տարբեր միջավայրերում, որոնք կառուցված են կարողությունների վրա, այդ թվում՝ բանակը, առկա են բազմաթիվ կարծրատիպեր և խարան: Թեթև մտավոր խնդիրներ ունեցող անձինք կարող են բախվել բացառման՝ կարողությունների կամ գործունեության տարբեր տեմպերից բխող տարբերությունների և դժվարությունների պատճառով: Օրինակ՝ սա կարող է դրսևորվել խմբային գործունեությունից, քննարկումներից կամ որոշումների կայացման գործընթացներից դուրս մնալով։
Մեծ է բուլինգի, ոտնձգությունների, սեռական և ֆիզիկական բռնության ռիսկը: Անձինք կարող են ավելի խոցելի լինել շահագործման առումով, ինչպես օրինակ՝ հարկադրված լինելով ստանձնել անցանկալի պարտականություններ կամ ենթարկվել մանիպուլյացիայի՝ այլոց մտադրությունները չհասկանալու պատճառով: Այս շահագործումը կարող է լինել նաև ֆինանսական բնույթի, օրինակ, հրաժարվելու իրենց եկամուտներից կամ այլ ապրանքներից:
Առողջական այս խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից բանակում պայմանները բացակայում են կամ ոչ բավարար են նույնիսկ սահմանափակ զինվորական ծառայության դեպքում։
Կառավարությունը՝ նախքան այս հարցի կարգավորումը պետք է ջանքեր գործադրեր խնդիրները բազմակողմանի ուսումնասիրելու և անհրաժեշտ նվազագույն պայմանների ստուգման ուղղությամբ։ Օրինակ՝ ծառայության ընթացքում առողջական վիճակի անհատականացված մշտադիտարկումների և արագ արձագանքման կարողության համակարգային գնահատումը, սահմանափակ զինվորական ծառայության ընթացքում խելամիտ հարմարեցումների ապահովման ընթացակարգերի ներդրման հնարավորությունը և այլն։
Կոչ ենք անում կառավարությանը վերանայել ցանկը՝ հաշվի առնելով վերոնշյալ բոլոր ռիսկերը և առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձանց իրավունքները։ Հիշեցնում ենք նաև, որ նման ազդեցությամբ նախագծերը պետք է ընդունվեն լայն քննարկումների, ներառյալ բոլոր ազդեցությունը կրող անձանց ուղղակի մասնակցության արդյունքում և չսահմանափակվեն միայն e-draft.am-ում նախագծերի հրապարակմամբ։
Ստորագրողներ՝
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպություն
- «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն
- «Ագաթ» հասարակական կազմակերպություն
- «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ