Հայաստանում գնաճը կմոտենա յանրապետության Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին սահմանին մինչև առաջին կիսամյակի վերջը։ Նման կանխատեսում է արվել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։
«Հայաստանում սպառողական գները փետրվարին տարեկան կտրվածքով նվազել են 1,7%-ով նախորդ ամվա 0,9%–անոց նվազումից հետո։ Դա հիմնականում պայմանավորված է ներմուծվող ապրանքների արժեքի նվազմամբ պարենային ապրանքների գների նվազման դինամիկայի ֆոնին (-7,4% տարեկան/փետրվարին՝ հունվարին գրանցված -5,8%–ից հետո): Մենք շարունակում ենք ակնկալել գների աճի տեմպերի շրջադարձ առաջին եռամսյակի վերջին»,- ասվում է հետազոտության մեջ:
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1,7% գնանկում, իսկ ամսվա կտրվածքով գները նվազել են 0,7%-ով։
2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կվերադառնա և կկայունանա Կենտրոնական բանկի 4 տոկոս թիրախային ցուցանիշի շուրջ մինչև 2024 թվականի կեսերը։ ԵԱԶԲ-ն 2024 թվականի վերջին Հայաստանում կանխատեսում է 3,6% գնաճ՝ ակնկալելով, որ գնաճային սպասումների նվազումը կսահմանափակեն գների աճը և 2025–2026թթ․–ին գնաճը կձևավորվի ԿԲ–ի թիրախային միջակայքի շուրջ։