Bank of Georgia-ն և Ամերիաբանկը օրերս հաստատեցին բաժնեմասերի ձեռքբերման բանակցություններ փաստը, բայց գործարք առայժմ չկա։ Հանրությանն այս համատեքստում հետաքրքիր է՝ ովքեր են ֆինանսական խմբի բաժնետերերը։ News.am-ի մեր գործընկերները զրուցել են «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի հետ։
«Bank of Georgia-ն Վրաստանի խոշորագույն բանկն է։ Այն լուրջ քայլ է կատարել՝ ցուցակվելով Լոնդոնի ֆոնդային բորսայի պրեմիում հարթակում։ Դա նշանակում է, որ ցանկացած անձ կարող է դառնալ այդպիսի խոշոր ֆինանսաբանկային խմբի բաժնետեր։ Բոլոր նշանակալի բաժնետերերի տվյալները հրապարակված են։ Այս բանկային խմբի դեպքում ամբողջությամբ հրապարակված է՝ ովքեր են բաժնետերերն, ու որևէ գաղտնիք չկա», – ասում է Կարեն Զաքարյանը։
Բանկային խմբին վերաբերող ցանկացած տեղեկություն կարելի է գտնել թե իրենց կայքում, թե Լոնդոնի բորսայի։ Արդյոք կարող է Հայաստանի թշնամի հարևաններից որևէ մեկը, թեկուզ փոքր, բաժնեմաս տնօրինել, և ինչ ռիսկեր կան։ Մասնագետը նկատում է՝ ընկերության կորպորատիվ կառավարման ստանդարտներով ու օրենսդրությամբ բաժնետերեի իրավունքները հստակ տարանջատված են ընկերության կառավարիչների լիազորություններից ու հաճախորդների շահերից։ «Բաժնետերը կարող են մասնակցել ընդհանուր ժողովին, ձայնի իրավունքով հաստատել ընկերության հաշվետվությունները, բայց որևէ կերպ չեն կարող մասնավոր տեղեկության տիրապետել։ Այդպիսի ինֆորմացիան նրանց հասանելի չէ»։ Այսպիսով, մասնագետը վստահեցնում է՝ մտահոգվելու առիթ չկա. «զգայուն» ինֆորմացիան ընկերության գործադիր մենեջմենթից դուրս որևէ մեկին հասանելի չէ։