Մոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարում Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծման շուրջ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը: Դրա միջոցով էլեկտրաէներգիան երկու կողմերին կմատակարարվի գերծանրաբեռնվածության շրջանում։
«Եվս մեկ նախագիծ, որի շուրջ բանակցություններ են ընթանում, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծումն է, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում և փոխադրում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև գերծանրաբեռնվածության շրջանում»,- ասել է Դեդովը:
2016 թվականի ապրիլին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարները և Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը Երևանում ստորագրեցին «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման ճանապարհային քարտեզը: Այն նախատեսում էր տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում։ Այդ մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերին Բաթումում։ Նախագծի մեկնարկի աշխատանքները դեռ չեն ավարտվել։
Աղբյուրը` armeniasputnik.am