Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի 9 ամիսների արդյունքում կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը։
«Դրամային և դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը 2023թ․ 9 ամիսների ընթացքում աճել է 6.4 տոկոսով։ Այն աճել է համամասնորեն, քանի որ փոխարժեքն, ըստ էության, նախորդ տարվա տարեվերջի համեմատ մեծ տատանում չի ունեցել: Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ կառավարության պարտքն աճել է մոտ 7 տոկոսով: Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ: Նախորդ տարվա տարեվերջի 4 տրլն 186.7 մլրդ դրամի դիմաց կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը 2 տրլն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը՝ 1 տրլն 890 մլրդ դրամ»,-ասաց Սիրունյանը:
Դոլարային արտահայտությամբ պետական պարտքը 9 ամսում կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար, կառավարության պարտքը՝ 10 մլրդ 790 մլն դոլար, Կենտրոնական բանկի պարտքը՝ 531 մլն դոլար:
Փոխնախարարի վստահեցմամբ՝ ընդհանուր առմամբ կառավարության պարտքի գծով սահմանված բոլոր ուղենիշերը պահպանվել են, իսկ պարտքի միջին տոկոսադրույքը նախորդ տարեվերջի նկատմամբ աճել է 0.7 տոկոսային կետով: Ըստ էության, պարտքի կառավարման տեսանկյունից Հայաստանը գտնվում է ռիսկի սահմանված ուղենիշների շրջանակներում:
«Կառավարության պարտքի կառուցվածքը բարելավվել է, ժամանակահատվածի վերջին դրությամբ աստիճանաբար ավելացել է դրամային պարտքի մասնաբաժինը, ներքին պարտքի և դրամային պարտատոմսերի մասնաբաժինն ենք ավելացնում աստիճանաբար: Ֆիքսված տոկոսադրույքով պարտքը գերազանցել է ռազմավարությամբ սահմանված նվազագույն 80 տոկոսի ցուցանիշը, այս պահին կազմում է 84 տոկոս»,-ասաց փոխնախարարը: