Հայաստանի կառավարությունը քննարկել և հաստատել է 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես կառավարության նիստում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կան օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներ պետական կառավարման և ՏԻՄ մակարդակում հանրային կյանքին և հանրային ֆինանսների կառավարման կյանքին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այս մասնակցության մակարդակը բավականին ցածր է։
«Դեռևս այս տարվա մայիսին ընդունվել է մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույց։ Մենք ունենք մասնավորապես 4 համայնք՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց Ձորի Ջերմուկ և Արմավիրի մարզի Արմավիր համայնքներում, որոնք այս տարի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության միջոցով արդեն իսկ իրականացնում են պիլոտային ծրագրեր։ Մենք որոշել ենք 500 մլն դրամ 2024 թվականի բյուջեով նախատեսել այս մասնակցային սկզբունքով սուբվենցիոն ծրագրերի համար»,-մանրամասնել է նա։
Նախարարի խոսքով՝ ըստ էության այս կարգն առաջին հերթին սահմանում է բյուջետավորման հասկացությունը մասնակցային բյուջետավորման իրականացման իրավական հիմքերը, սահմանում է ինչպես պետք է բաշխվի 500 մլն դրամը համայնքների միջև, կանոնակարգում է մասնակցային բյուջետավորման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները՝ առաջարկ- նախագծերի ներկայացում համայնքի բնակչության կողմից, դրանց հրապարակման և հանրային քննարկման, առաջարկված նախագծերի վերաբերյալ քվեարկության,դրա հիման վրա սուբվենցիոն ծրագրերի մշակման, սուբվենցիոն հայտի կազմման, լիազոր պետական մարմնին հայտի ներկայացման, հայտի քննարկման, հայտի վերաբերյալ եզրակացության կազմման և տեղեկացման, սուբվենցիա տրամադրելու վերաբերյալ որոշման կայացման և սուբվենցիայի հատկացման ընթացակարգերը։
«Ըստ էության, տեղի է ունենում հետևյալը՝ համայնքը հաստատում է այն կարգը, որով այն ծրագրերը, որոնք կարող են կայացվել, քաղաքացիները էլեկտրոնային եղանակով ներկայացնում են, հետո տեղի է ունենում համայնքի անդամների կողմից քվեարկություն, և այն ծրագրերը, որոնք հաղթահարում են սահմանված շեմը, ստանում են ՏԿԵ նախարարության հաստատումը և ֆինանսավորվում են առնվազն 80 տոկոսի չափով»,-ներկայացրել է Հովհաննիսյանը։