Ռուսական «Ozon»-ից հայտնում են, որ օնլայն ռիթեյլերը մեկնարկել է վաճառքները Հայաստանի բնակիչների համար, հաճախորհդներին հասանելի կլինի ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին:
«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ապրանքներ գնել Ռուսաստանից «Օզոն»-ով: Նրանց հասանելի է ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին՝ 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք ու առողջապահական ապրանքներ»,-այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Սկզբում «Ozon»-ը նախատեսում էր մուտք գործել հայկական շուկա 2023 թվականի ուշ աշնանը, սակայն գործընթացն ավելի արագ տեղի ունեցավ, քանի որ Հայաստանյան ներկայացուցիչները սկսել են տիրապետել ապրանքների հակառակ ուղղությամբ առաքմանը։
Forbes-ին տված հարցազրույցում ԱՊՀ-ում «Ozon»-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը նշեց, որ «Ozon»-ի առավելությունը լայն տեսականին է, վիրտուալ ցուցափեղկի վրա ապրանքների ընտրությունը շատ ավելի լայն է, քան սովորական մանրածախ խանութում.
«Մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր ենթակառուցվածքը տարբեր երկրներում, որպեսզի նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյունների բնակիչները կարողանան առցանց պատվիրել և ընտրել ապրանքներ բազմազան տեսականուց»։
Ozon-ը նաև կպարզեցնի պատվերների տրամադրման կետերի տարածքների համար նախատեսված պահանջները և կդիտարկի հաճախորդին հարմար և մոտ տարածքների մեծ մասը: Միաժամանակ բոլոր կետերը բրենդավորված կլինեն ընկերության կորպորատիվ ոճով, կահավորված կլինեն հանդերձարաններով, իսկ առաքման միջին ժամկետը մոտ մեկ շաբաթ է:
«Մենք տեսնում ենք, որ հաճախորդները սիրում են պատվերները ստանալ պատվերների տրամադրման կետերից: Դրանք օգտագործվում են շուկայում 10 պատվերներից 8-ի համար: Բացի այդ, տեսնում ենք Հայաստանում ձեռնարկատերերի հետաքրքրությունն այս ոլորտի զարգացման նկատմամբ։ Ուստի որոշել ենք աննախադեպ ժամանակում երկրում գործարկել ծրագիր՝ պատվերների տրամադրման կետերի սեփականատեր-գործընկերներին աջակցելու համար»,- ասում է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկեր-լոգիստիկ ծրագրերի զարգացման տնօրեն Հարություն Գաբրելյանը:
«Ozon»-ը զարգացնում է բիզնեսը և կառուցում է իր լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում և Հայաստանում:
Աղբյուրը՝ armlur.am