Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։
Այն հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Իրազեկման հարթակում ներառված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի բովանդակությանը, դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։
Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝ քաղաքացին ինքնաշխատ եղանակով կտեղեկացվի իրեն հետաքրքրող ոլորտներում նոր ծրագրերի ի հայտ գալու կամ գործող ծրագրերում պայմանների բարելավման մասին։