Գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում՝ բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայություն, կընդլայնվի դրանցից օգտվող շահառուների քանակը: Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս իրականացվում է միայն սոցիալապես անապահով և առանձին, հատուկ խմբերում ընդգրկված շահառուներին: 2023 թ. նախատեսվում է պետպատվերի շրջանակում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար: Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով: Որոշմամբ առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է սահմանել բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը, գործունեության իրականացման համար պարտադիր պայմանները և պահանջները, բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում գործունեության տեսակների իրականացման համար տրվող լիցենզիաների ձևերը: