OpenAI-ի ներկայացրած և արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող նեյրոցանցի նոր մոդելը՝ GPT-4-ը, շարունակում է մնալ համընդհանուր ուշադրության կենտրոնում: Ի տարբերություն նախորդ մոդելի՝ նորը կարող է աշխատել ոչ միայն տեքստերի, այլև լուսանկարների հետ։ Տրամաբանական և այլ առաջադրանքներ՝ ներառյալ կոդ գրելը և քննությունները հանձնելը, GPT-4-ը նույնպես ավելի լավ է լուծում, քան իր նախորդը,- գրում է NEWS.am Tech-ը։
GPT-4-ը վերջերս JavaScript-ով գրել է մի պարզ խաղ՝ հիմնված տեքստի նկարագրության վրա, որը ժամանակին մեմ էր: Նա նաև իրավաբանի քննություն է հանձնել և ավելի լավ, քան շատ մարդիկ, որոնք երկար ժամանակ են պատրաստվում այս քննությանը:
Խաղ, որին սպասել է երկու տարի
Neural Love ստարտափի հիմնադիր Դենիս Շիրյաևը որոշել է փորձարկել նոր GPT-4-ի հնարավորությունները և նեյրոցանցին խնդրել է JavaScript-ով խաղ գրել։ Նա ԱԲ-ին ցույց է տվել մի նամակ, որը 2000-ականների սկզբին ոմն Կիրիլ ուղարկել է ռուսական MiST Land South ստուդիա: Վերջինս նամակում խնդրել էր թողարկել 3D էքշն խաղ, որտեղ կարելի է խաղալ «անտառի էլֆերի, պալատական պահակների և չարագործների» դերում և «կողոպտել քարավաններ»: Կիրիլի խոսքով՝ ինքը արդեն «երկու տարի» է, ինչ ցանկանում է նման խաղ։
Նամակում շատ քերականական և ուղղագրական սխալներ են եղել, բայց ԱԲ-ն հասկացել է դրա էությունը և JavaScript-ով գրել 2D խաղ: Պարզվել է, որ խաղն ավելի պարզ էր, քան պատկերացնում էր Կիրիլը, բայց խաղում կար նրա նշած քարավանը և տարբեր գույնի չորս խաղային գոտիներ, ինչպես Կիրիլն էր խնդրել իր նամակում։
Խաղացողը կարող է ստեղնաշարի սլաքներով կառավարել կանաչ կետը և կրակել բացատի կոճակով: Նրա խնդիրն է հարվածել քարավանին, որից հետո կետը տեղափոխվում է քարտեզի վրա պատահական տեղ։
Խաղի կոդը և ինտերակտիվ ցուցադրությունը կարելի է դիտել CodePen հարթակում։
GPT-4-ն ավելի լավ է հանձնել քննությունը, քան շատերը
Իրավագիտությունից, ինչպես պարզվում է, GPT-4-ը նույնպես գլուխ է հանում․ այն վերջերս 297 միավոր է հավաքել իրավաբանության քննությունից, որը փորձի շրջանակում անցկացրել են երկու պրոֆեսորներ և Casetext իրավաբանական տեխնոլոգիական ընկերության երկու աշխատակիցներ: Հետազոտողների կարծիքով՝ ԱՄՆ նահանգների մեծ մասում նման արդյունք ունեցող անձին թույլ կտան զբաղվել փաստաբանությամբ։
Մոտ չորս ամիս առաջ այսպիսի քննություն է փորել հանձնել ChatGPT-ը, սակայն անցողիկ միավոր չէր հավաքել։
Փաստաբանի համար նախատեսված քննությունը ներառում է բազմակի ընտրությամբ հարցեր, ինչպես նաև էսսեներ և թեստեր, որոնք նախատեսված են իրավաբանական աշխատանքի նմանակման համար: GPT-4-ը ճիշտ է պատասխանել բազմակի ընտրության հարցերի գրեթե 76%-ին՝ 7%-ով գերազանցելով այս քննությունը հանձնող մարդկանց միջին ցուցանիշը: Համեմատության համար ChatGPT-ն ճիշտ էր պատասխանել հարցերի մոտ 50%-ին:
ԱԲ-ն կարողացել է գրել նաև հետաքրքիր էսսե, ինչը ևս պակաս չի զարմացրել Չիկագո-Քենտ իրավաբանական քոլեջի պրոֆեսոր Դանիել Մարտին Կացին։