Մեկանգամյա գործածման պլաստմասսե սպասքի ու կշռափաթեթավորման համար գործածվող պլաստիկե տարաների հաստությունը ևս առաջիկայում կարող է սահմանվել օրենքով: Արդեն ավելի քան 1 տարի գործող կարգավորումը, որի համաձայն` արգելվում է 50 միկրոնից պակաս հաստության տոպրակների վաճառքը, ցանկալի արդյունք չի տվել, ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, հայտնել է շրջակա միջավայրի նախարարությունը:
Անարդյունավետությունը նախարարությունը պատճառաբանում է հանրության վարքագծի փոփոխության ցածր շահագրգռությամբ: Հիմա մշակվում է նոր օրենք: Նախարարությունը հաջորդ քայլով մտադիր է արգելել 50 միկրոնից ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակների, նաև մեկանգամյա գործածման պլաստմասսե սպասքի, սննդի փաթեթավորման համար գործածվող տարաների իրացումը: Դրանք այն ամաններն են, որոնց մեջ փաթեթավորվում են երշիկեղենը, պանիրը և առանց գործարանային փաթեթավորման վաճառվող սննդամթերքի այլ տեսակներ: