Uniper-ի ղեկավարը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանական Uniper էներգետիկ ընկերության ղեկավար Կլաուս-Դիտեր Մաուբախը պատրաստվում է հրաժարական տալ մեկ տարվա ընթացքում ՝ ընկերության ազգայնացման ֆոնին։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակվել է երեքշաբթի։ «Մաուբախը հայտնել է իր պատրաստակամությունը մնալու իր պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել համապատասխան իրավահաջորդը», - նշվում է հաղորդագրության մեջ։«Համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է պատրաստել նոր թիմ, որը կմտնի խորհուրդ և ստանձնի նոր առաջադրանքներ կայունացման միջոցառումների ավարտից հետո», - ասել է Մաուբախը, ով պաշտոնավարում է 2021 թվականի մարտի 29-ից: Uniper-ի գործառնությունների տնօրեն Դեյվիդ Բրայսոնը նույնպես կլքի իր պաշտոնը։ Uniper-ը ռուսական գազի խոշորագույն ներկրողն էր մինչև Nord Stream-ով մատակարարումների դադարեցումը։ Խողովակաշարի վրա դիվերսիաներից հետո ընկերությանն անհրաժեշտ էր պետական ​​աջակցություն։ Դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել գերմանական բյուջեից 34,5 մլրդ եվրոյի հատկացմանը Յունիպեր էներգետիկ կոնցեռնի վերակապիտալացման համար։ Երկու օր անց Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես ավարտեց էներգետիկ կոնցեռնի ազգայնացումը ՝ ստանալով ընկերության բաժնետոմսերի 99%-ը։