Առաջին կիսամյակում Հայաստանը գրեթե եռապատկել է արտահանումը ԵԱՏՄ, հայտարարել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան,- գրում է arka.am-ը:
Նրա խոսքով, Ղազախստանի արտահանումն աճել է 37%-ով, իսկ Ղրղըզստանից Միության շուկա մատակարարումների ծավալը գրեթե պահպանվել է նախորդ տարվա մակարդակին։
«Աճի դրական դինամիկա է գրանցում ապրանքների փոխադարձ առևտուրը։ Առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 13%-ով»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Մալկինան նաև նշել է, որ ԵԱՏՄ արտաքին ապրանքաշրջանառության մեջ փոխադարձ ապրանքաշրջանառության մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում 13%-ից հասել է 18%-ի։
Պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Հայաստանում, Ղազախստանում և Ղրղըզստանում այս տարվա առաջին կիսամյակում համախմբված բյուջեի հարկային եկամուտներն աճել են համապատասխանաբար 19%–ով, 25,5%–ով և 26%–ով:
Միաժամանակ Ղազախստանում նվազել են ոչ հարկային եկամուտները, իսկ Ռուսաստանում՝ բյուջեի ընդհանուր եկամուտները։
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 86,1 տոկոսով։ Միաժամանակ Հայաստանից Միության երկրներ արտահանումը կազմել է շուրջ 1,8 մլրդ դոլար՝ 3 անգամ աճով, իսկ ներմուծումը՝ 1,5 մլրդ դոլար (աճը՝ 26,4%)։
Մեկնաբանություն