Meta-ն Instagram-ում կսահմանի նոր կանոններ՝ դեռահասների անվտանգությունը ապահովելու համար
Meta ընկերությունը որոշել է Instagram-ը դարձնել ավելի ապահով հարթակ դեռահասների համար՝ ներկայացնելով նոր կանոններ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում:
Սեպտեմբերի 17-ից 18 տարեկանից ցածր անձանց նոր գրանցված օգտահաշիվները ավտոմատ կսահմանափակվեն հատուկ «դեռահասների համար» կարգավորումներով: Արդեն գրանցված օգտատերերի համար այդ սահմանափակումները կներմուծվեն առաջիկա 60 օրվա ընթացքում:

Նոր սահմանափակումների հիմնական ուղղությունները՝

  1. Անձնական նամակների սահմանափակումներ՝ դեռահասներն աձնական հաղորդագրություններ կարող են ստանալ միայն այն օգտատերերից, որոնց հետևում են:
  2. Զգայուն բովանդակության սահմանափակում՝ կսահմանափակվի բովանդակությունը, որը կարող է լինել վտանգավոր կամ անպատշաճ, օրինակ՝ կռիվներ կամ կոսմետիկ միջամտություններ:
  3. Ժամանակի վերահսկողություն՝ եթե դեռահասները ավելի քան 1 ժամ մնան հարթակում, նրանք ծանուցում կստանան, իսկ երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ն ակտիվանում է «քնի ռեժիմը», որի ընթացքում չեն ստանում ծանուցումներ:
  4. Կարգավորումների վերահսկողություն՝ 16-17 տարեկանները կարող են անջատել այս կարգավորումները, իսկ 16 տարեկանից ցածր դեռահասները պետք է ունենան ծնողների թույլտվություն դրա համար:
Meta-ն քայլեր է ձեռնարկում նաև՝ սխալ գրանցված տարիք ունեցող հաշիվները նույնականացնելու և դրանք համապատասխան կարգավորումներ տրամադրելու համար:

ԵՄ և այլ երկրներում ներդրումը

Եվրոպական միության երկրներում այս կարգավորումները կգործեն մինչև տարեվերջ, իսկ 2025 թվականի հունվարից՝ ամբողջ աշխարհում: