5 մլն դրամ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին Evocabank-ը նվիրաբերել է 5 մլն դրամ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին՝ որպես ներդրում Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման գործում։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նպատակն է բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին: Evocabank-ի կարևոր նպատակներից մեկն էլ շարունակական աջակցությունն է կրթությանը, մշակույթին, ինչպես նաև նոր հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար։ Evocabank-ի նվիրաբերությունը կուղղվի հիմնադրամի կրթական ծրագրի իրականացմանը, որը մեծ հնարավորություններ կստեղծի ներկայիս և ապագա պատանի երաժիշտների համար՝ բացահայտելու իրենց տաղանդը և գրանցելու հաջողություններ ու հաղթանակներ Հայաստանում և արտերկրում։ Կրթական ծրագիրը կիրականացվի 6 հիմնական ուղղություններով՝
  1. Վարպետության դասեր
  2. Բեմական փորձ
  3. Այցելություն համերգների
  4. Թանգարանային այցեր
  5. Օտար լեզվի դասեր
  6. Կրթաթոշակ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ: Այս հինգ տարիների ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և մեծ հաջողությամբ իրականացրել է կրթական ծրագրեր` աջակցելով հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին։