Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը մեկնարկել է․ ինչպես օգտվել. քայլ առ քայլ ուղեցույց Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որը նախատեսված է վարկային պարտավորություններ ունեցող այն քաղաքացիների համար, որոնց վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի, և դրանց մայր գումարի հանրագումարը չի գերազանցում 1 միլիոն դրամը։

Ովքեր կարող են օգտվել ծրագրից

Աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր ունեն գրանցված (ֆորմալ) զբաղվածություն և վարկային պարտավորություններ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում։

Ինչ աջակցություն է տրամադրվում

Շահառուների աշխատավարձից վարկի սպասարկման համար հաշվարկված եկամտային հարկի գումարը կուղղվի անհուսալի վարկային պարտավորության մարմանը՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով։ Բացի այդ, շահառուների համար նախատեսվում է վարկի սպասարկման եկամտային հարկի գումարի նվազեցում՝ ներկայիս 50%-ի փոխարեն՝ 20% չափով։

Ինչպես դիմել ծրագրին

Աջակցության համար քաղաքացիները պետք է դիմեն https://e-social.am/services հարթակի միջոցով՝ հետևելով հետևյալ քայլերին. 1. Մուտք գործել e-social.am հարթակ 2. Ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանը, այնուհետև «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը 3. Նույնականացնել տվյալները՝ ընտրելով «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը 4. Լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը և ավարտել դիմումի գործընթացը

Այլընտրանքային տարբերակ

Եթե դիմորդն mID կամ նույնականացման քարտ չունի, կարող է անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices)։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմում ներկայացնելու համար այցելեք e-social.am։   Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: