ABNews

Ինչո՞ւ ենք երկուշաբթի առավոտյան ավելի հոգնած, քան ուրբաթ երեկոյան․ հանգստյան օրերի թակարդը

Վերլուծություն | 2026/10/26 13:44

Ինչո՞ւ ենք երկուշաբթի առավոտյան ավելի հոգնած, քան ուրբաթ երեկոյան․ հանգստյան օրերի թակարդը

Ամեն ուրբաթ երեկոյան միլիոնավոր հոգնած մասնագետներ փակում են համակարգիչներն ու իրենց նույն խոստումը տալիս․ «Այս հանգստյան օրերին ոչինչ չեմ անելու, միայն ուժերս եմ վերականգնելու»։

Շատերը սովորել են սեփական ուղեղին վերաբերվել հին սմարթֆոնի մարտկոցի պես։ Նրանց թվում է, թե 50 ժամ տևած ծանր աշխատանքից հետո անհրաժեշտ է 48 ժամ «անջատված» մնալ՝ բազմոցին պառկած հեռուստացույց նայել կամ անվերջ թերթել սոցցանցերի նորությունները։ Սակայն երկուշաբթի առավոտյան նրանք իրենց ավելի սպառված են զգում, քան ուրբաթ օրը, գրում է Inc.com-ը։

Այսօր արհեստական բանականությունը (AI) ավելի ու ավելի է թեթևացնում մեր առօրյա վարչարարական գործերը։ Վերջին տվյալներով՝ այն աշխատողի համար խնայում է շաբաթական մոտ 5 ժամ։ Չնայած դրան՝ մասնագիտական հուզական այրման (burnout) մակարդակը ընդհանրապես չի նվազում։

Պատճառն այն է, որ մեր հոգնածությունը ոչ թե բարդ մտավոր աշխատանքից է, այլ թվային միջավայրի միօրինակ լարվածությունից և անվերջ էկրանին նայելուց։ Իսկ դա պասիվ պառկելով «բուժելն» ապարդյուն է։

«Վերականգնման պարադոքսը»

Աշխատանքային հոգեբանության մեջ վաղուց հերքվել է այն թյուր կարծիքը, թե «ոչինչ չանելը» վերականգնում է ուժերը:

Կազմակերպչական հոգեբան Սաբինա Զոնենթագը, ուսումնասիրելով սթրեսից վերականգնվելու մեխանիզմները, հայտնաբերեց կարևոր մի տարբերություն պարզապես թուլանալու (ռելաքսացիայի) և «հոգեբանական անջատման» (psychological detachment) միջև:

Որպեսզի ուղեղն իսկապես հանգստանա, նա պետք է դադարի մտածել աշխատանքային խնդիրների մասին: Պասիվ հանգիստը (օրինակ՝ հեռախոսով սոցցանցեր թերթելը) ուղեղից ջանք չի պահանջում: Բայց քանի որ ուղեղը որևէ կոնկրետ գործով զբաղված չէ, ազատ մնացած հիշողությունը ֆոնային ռեժիմով նորից անցնում է աշխատանքային հոգսերն ու անհանգստությունները «ծամծմելուն»: Ֆիզիկապես դուք բազմոցին եք, բայց մտքով՝ դեռ աշխատասեղանի առջև:

«Հոսքի» (flow) տեսության հիմնադիր, հոգեբան Միհայ Չիկսենտմիհային ապացուցել է․ պասիվ ժամանցի ընթացքում մարդիկ ավելի հաճախ են զգում ապաթիայով, տագնապով ու վատ տրամադրությամբ լի վիճակներ, քան այն պահերին, երբ զբաղված են որևէ հետաքրքիր, բայց ջանք պահանջող գործով։ Պասիվ հանգիստը չի լիցքավորում ուղեղը. այն պարզապես թմրեցնում է այն՝ տեղիք տալով տագնապներին։

Իսկական լիցքաթափումը մարտահրավերի մեջ է

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հոգնածության դեմ լավագույն հակաթույնը «վարպետության փորձառություններն» են (mastery experiences): Սրանք աշխատանքից դուրս այնպիսի զբաղմունքներ են, որոնք իրական ջանք են պահանջում, մարտահրավեր են նետում ձեր ուժերին և նոր հմտություն են ձևավորում ձեր բուն մասնագիտությունից բոլորովին հեռու ոլորտում:

Ակտիվ հանգիստը աշխատում է որպես մտավոր «անջատիչ»: Դուք չեք կարող մտածել եռամսյակի բյուջեի մասին, երբ փորձում եք թենիսի գնդակին ճիշտ հարվածել, ձեռքով որևէ բան պատրաստել կամ բարդ բաղադրատոմսով ուտելիք եփել:

Քանի որ այդ գործն անկեղծ կենտրոնացում է պահանջում, այն ստիպողաբար դուրս է մղում աշխատանքային մտքերը ձեր ուղեղից: Այն էներգիա է ծախսում, բայց աշխատեցնում է ուղեղի բոլորովին այլ հատվածներ՝ տալով ինքնաբավության և ձեռքբերման այնպիսի զգացում, որը պասիվ պառկելը երբեք չի կարող տալ:

Ինչպես կիրառել ակտիվ վերականգնումը

Որպեսզի շաբաթվա վերջում ձեզ էներգիայով լեցուն զգաք, «անջատվելու» փոխարեն փորձեք հետևյալ 3 քայլերը.

  1. Էկրանները փոխարինեք շոշափելի գործերով

    Մեր աշխատանքն այսօր աբստրակտ է. ամբողջ շաբաթ ապակյա էկրանի վրա կոճակներ ենք սեղմում: Էկրաններից հոգնածությունը չի անցնի հյուրասենյակի ավելի մեծ էկրանին նայելով: Ձեզ անհրաժեշտ է իրական, շոշափելի զբաղմունք՝ պատրաստեք բարդ ընթրիք, նվագեք որևէ գործիք կամ ձեռքով մի բան սարքեք:

  2. Զբաղվեք մի բանով, որտեղ ձեր պաշտոնը կապ չունի

    Աշխատանքում բոլորը սովոր են համաձայնել ձեզ հետ, ինչը թուլացնում է ձեր բնազդները: Գտեք մի միջավայր, որտեղ ձեր պաշտոնական դիրքը ոչ մի արժեք չունի: Սպորտային թիմում խաղալը կամ նոր hobbie-ով զբաղվելը ձեզ կդնի անաչառ պայմանների մեջ, ինչը կարթնացնի ուղեղի քնած հատվածները:

  3. Խնայած ժամանակը ճիշտ ներդրեք

    Եթե արհեստական բանականությունը ձեզ շաբաթական 5 ժամ է խնայում, թույլ մի՛ տվեք, որ այդ ժամանակը փոշիանա անիմաստ անցկացրած րոպեների մեջ: Օգտագործեք այն ձեր միտքը նոր ուղղություններով զարգացնելու և հետաքրքիր թեմաներ ուսումնասիրելու համար:

Հիշե՛ք․ Դուք վարդակից կախված մարտկոց չեք: Էկրանների առջև անցկացրած ծանր շաբաթից հետո լավագույն հանգիստը անշարժ պառկելը չէ, այլ ուղեղի բոլորովին այլ «մկաններ» աշխատեցնելը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը