Տարվա այս եղանակին շատ ղեկավարներ ու առաջնորդներ հայտնվում են միանգամայն ծանոթ իրավիճակում։ Զավակը, զարմիկը, ընկերոջ որդին կամ դուստրը՝ մի նորավարտ երիտասարդ, դիմում է նրանց խորհրդի համար: Հարցը հնչում է պարզ. «Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ կարիերայիս սկզբում»: Սակայն այս տարի այդ հարցն ավելի մեծ կշիռ ունի, քան երբևէ։ Պատճառն այն է, որ աշխարհը, որտեղ նրանք մուտք են գործում, փոխվում է անհամեմատ ավելի արագ, քան այն ժամանակ, երբ մենք էինք սկսում մեր ուղին: Եվ դա զգում են գրեթե բոլորը, Forbes-ի իր հոդվածում գրում է Քվեյլին Էլինգրուդը:
Սկսե՛ք քաջալերանքից. ապագան փոխվում է, բայց չի անհետանում
Լրահոսը, որին հետևում են շրջանավարտները, հաճախ անհանգստացնող է՝ ավտոմատացում, աշխատատեղերի կրճատում, աշխատուժին փոխարինող արհեստական բանականություն (ԱԲ):
Առաջին բանը, որ նրանք պետք է լսեն, շատ ավելի հուսադրող ու իրատեսական է։
Այո՛, աշխատաշուկան փոխվում է։ Այսօրվա տեխնոլոգիաները կարող են ավտոմատացնել տնտեսության տարբեր ոլորտների առաջադրանքների զգալի մասը։ Սակայն դա չի նշանակում, թե աշխարհը մնալու է առանց աշխատանքի։ Սա նշանակում է, որ աշխատանքի բովանդակությունն է տրանսֆորմացվում՝ հաճախ կայծակնային արագությամբ և ոչ համաչափ։
Իրականում, հմտությունների մեծ մասը դեռևս պահանջված է լինելու։ Այսօր գործատուների կողմից փնտրվող հմտությունների ավելի քան 70%-ը կիրառվում է ինչպես ավտոմատացվող, այնպես էլ չավտոմատացվող աշխատանքներում, և դրանք կարևոր են լինելու նաև ապագայում:
Սա հրաշալի մեկնարկային կետ է. նրանք զրոյից չեն սկսում։ Նրանք սկսում են մի հիմքից, որը ժամանակի ընթացքում պարզապես կփոփոխվի:
Փոխե՛ք հեռանկարը. առաջին աշխատանքն ավելի քիչ կարևոր է, քան առաջին մի քանի տարիները
Շատ շրջանավարտներ տագնապում են՝ վախենալով կարիերայի հենց սկզբում «սխալ» ընտրություն կատարելուց: Իսկ ավագներն ու առաջնորդները հաճախ ակամա խորացնում են այդ անհանգստությունը՝ հարցնելով հաստիքների, ընկերությունների և կարիերայի հետագա թռիչքների մասին:
Սակայն փաստերը բոլորովին այլ բան են հուշում։
Մարդկային կապիտալը ձևավորվում է հիմնականում փորձի, այլ ոչ թե լսարանային գիտելիքի միջոցով. այն կազմում է անհատի ընդհանուր կարողության մոտավորապես երկու երրորդը, և միայն աշխատանքային փորձն ապահովում է այդ արժեքի գրեթե կեսը: Հենց աշխատանքի ընթացքում են կարողությունները խորանում, ընդլայնվում և բազմապատկվում ժամանակի ընթացքում: Ուստի, այդ առաջին քայլերն այնքան կարևոր չեն նրանով, թե որտեղից եք սկսում, որքան նրանով, թե որքան եք սովորում այդ ընթացքում:
Ամենաարագը առաջադիմում է ոչ թե այն շրջանավարտը, ով գտնում է «կատարյալ» աշխատանքը, այլ նա, ով արագորեն յուրացնում է նոր հմտություններ, պատրաստ է փոփոխությունների, դիմում է համարձակ քայլերի և կուտակում է փորձ, որը կիրառելի է տարբեր ոլորտներում:
Սա շատ ավելի ոգեշնչող և իրատեսական ուղերձ է նրանց փոխանցելու համար:
Ընդունե՛ք նրանց զգացմունքները. անորոշությունն իրական է
Սա սովորական մուտք չէ աշխատաշուկա: Այսօրվա շրջանավարտները մուտք են գործում մի միջավայր, որտեղ հաստիքները ոչ թե պարզապես համալրվում են, այլ վերաձևակերպվում են, իսկ հմտությունները փոխվում են ավելի արագ, քան ավանդական կարիերայի ուղիները:
Դա կարող է անկայունության զգացում առաջացնել։ Ուստի, այդ անորոշությունն անտեսելու փոխարեն, արժե բարձրաձայնել դրա մասին: Նրանց զգացած անհանգստությունը չի նշանակում, թե իրենք հետ են մնում: Դա պարզապես արտացոլումն է մի համակարգի, որն անցումային փուլում է: Իսկ անցումային շրջանները, իրենց բնույթով, միշտ էլ բարդ ու խառն են լինում:
Փոխե՛ք շեշտադրումը. նրանք աշխատանքի նոր մոդելի ակունքներում են
Եթե նայեք անորոշությունից այն կողմ, կտեսնեք բացառիկ հնարավորություն:
Աշխատանքն ավելի ու ավելի է վերածվում մարդու և խելացի համակարգերի՝ ԱԲ գործակալների և երբեմն էլ ֆիզիկական ավտոմատացման համատեղ գործընկերության: Դա նշանակում է, որ մարդկային ներդրման արժեքը փոխվում է:
Տեխնիկական կատարումն (execution) ավելի է հեշտանում: Փոխարենը՝ առաջնային են դառնում առողջ դատողությունը, ստեղծարարությունն ու առաջնորդությունը:
Այս սերունդը ոչ միայն կհարմարվի այդ մոդելին, այլև կդառնա դրա կերտողը: Թեև ոչ ոք իրեն լիովին հարմարավետ չի զգում աշխատանքի այս նոր ձևաչափում, երիտասարդ սերունդն իր տեխնոլոգիական ընկալունակությամբ պատրաստ է դրան ավելի, քան որևէ մեկը:
Իսկ դա արդեն իսկ հզոր առավելություն է:
Տվե՛ք գործնական խորհուրդներ, որոնք կարելի է կիրառել
Երբ շրջանավարտները խորհուրդ են խնդրում, կոնկրետությունը միշտ օգնում է: Ահա երեք գործնական գաղափար.
1. Քաջալերե՛ք նրանց կենտրոնանալ գիտելիքի յուրացման արագության, այլ ոչ թե պաշտոնի անվանման վրա։ Կարիերայի սկզբում լավագույն աշխատանքն այն է, ինչը մարտահրավեր է նետում նրանց, որտեղ նրանք կարող են հմտություններ զարգացնել, տեսնել, թե ինչպես է բիզնեսն աշխատում ներսից, և առնչվել տարբեր խնդիրների հետ:
2. Հիշեցրե՛ք նրանց, որ ոչ մի աշխատանք անպտուղ չէ, եթե այն զարգացնում է փոխանցելի (ունիվերսալ) հմտություններ։ Հաճախորդների հետ տարվող աշխատանքը զարգացնում է հաղորդակցությունն ու էմպատիան: Օպերացիոն դերերը կոփում են կարգապահությունն ու խնդիրների լուծման ունակությունը: Վերլուծական աշխատանքը ձևավորում է կառուցվածքային մտածողություն: Սրանք կուտակային արդյունք են տալիս, որն ավելի մեծ է, քան նրանք պատկերացնում են:
3. Մղե՛ք նրանց դեպի ԱԲ գրագիտություն (AI fluency)՝ առանց բարդացնելու։ Պարտադիր չէ դառնալ ծրագրավորող: Բայց պետք է սովորել աշխատել ԱԲ գործիքներով, կասկածի տակ դնել դրանց տված արդյունքները և համագործակցել դրանց հետ: Դա շուտով դառնալու է տարրական պահանջ (tablestakes): ԱԲ գործիքներին տիրապետող մասնագետների պահանջարկը կտրուկ աճում է: Այս հմտությունը պահանջող աշխատանքի հայտարարությունները Եվրոպայում աճել են գրեթե հնգապատիկ, իսկ ԱՄՆ-ում՝ յոթնապատիկ ընդամենը երկու տարում. սա ավելի արագ է, քան որևէ այլ հմտության աճ: Սա ակնարկում է սպասվող հսկայական փոփոխությունների մասին:
Եվ թերևս ամենակարևորը. բնականո՛ն համարեք ոչ գծային կարիերան
Ամենաբարյացակամ բանը, որ առաջնորդները կարող են անել, երիտասարդներին ուղղագիծ կարիերայի կարծրատիպից ազատելն է:
Այսօր կարիերան շատ ավելի ճկուն ու հոսուն է, քան նույնիսկ մեկ տասնամյակ առաջ: Պաշտոնները կփոխվեն: Հմտությունները կզարգանան: Մարդիկ կտրուկ շրջադարձեր կանեն՝ երբեմն սեփական ցանկությամբ, երբեմն էլ՝ անհրաժեշտությունից դրդված:
Դա ձախողում չէ։ Դա նոր իրականությունն է։
Նպատակը յուրաքանչյուր քայլ նախապես պլանավորելը չէ: Նպատակը փոփոխություններին հաջողությամբ հարմարվելու ունակություն զարգացնելն է:
Այն, ինչ նրանք ամենից շատ ունեն ձեր կարիքը
Երբ երիտասարդը դիմում է ձեզ, նա պարզապես խորհուրդ չի հարցնում: Նա հաճախ ակնկալում է օգնություն՝ սեփական վստահությունը կերտելու համար:
Վստահություն առ այն, որ իրենք կգտնեն իրենց տեղը, որ անորոշությունը կառավարելի է, և որ պարտադիր չէ հենց առաջին վայրկյանից ամեն ինչ կատարյալ անել:
Առաջնորդները բացառիկ հնարավորություն ունեն տալու այդ վստահությունը՝ ոչ թե պատրաստի ու կատարյալ պատասխանների, այլ ճիշտ հեռանկար ցույց տալու միջոցով:
Այնպես որ, երբ հնչի «Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ կարիերայիս սկզբում» հարցը, թերևս արժե պատասխանել մեկ այլ հարցի.
«Ինչպե՞ս կարող ես շարունակել սովորել, աճել և հարմարվել՝ անկախ նրանից, թե որտեղից ես սկսում»:
Որովհետև այս վերափոխումների դարաշրջանում հենց դա կարող է լինել ամենակարևոր խորհուրդը:

