ABNews

Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը

Միջազգային անցուդարձ | 2026/08/26 15:13

Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգիայի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Հուլիսին Վաշինգտոնը հայտարարել էր բազմամիլիարդանոց համաձայնագրի կնքման մասին, որով ամերիկյան ընկերություններին բացառիկ իրավունք է տրվում զարգացնելու Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքը։

Համաձայնագրի ստորագրումից հետո Թրամփը հայտարարել էր, որ նախքան դրա ուժի մեջ մտնելը Սաուդյան Արաբիան պետք է կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ՝ միանալով Աբրահամյան համաձայնագրերին։

Ակնկալվում է, որ 30 տարվա համար նախատեսված համաձայնագիրը Կոնգրեսում բանավեճի առիթ կդառնա այն հարցի շուրջ, թե ինչպես խթանել ամերիկյան միջուկային արդյունաբերության զարգացումը՝ միաժամանակ զսպելով Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքի տարածումը։

Հուլիսին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել էր Ռիադի հետ խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման մասին։ Արևմտյան ԶԼՄ-ները նշել էին, որ պայմանավորվածությունները Սաուդյան Արաբիային կարող են հնարավորություն տալ ինքնուրույն հարստացնել ուրանը՝ խաղաղ նպատակներով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի զարգացումը որևէ մեկին վտանգ չի ներկայացնում։ Նա վստահեցրել էր, որ խոսքը բացառապես միջուկային նյութերի ոչ ռազմական օգտագործման մասին է, իսկ դրանց խաղաղ կիրառմանը Միացյալ Նահանգները դեմ չէ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը