Չինական արագ նորաձևության (fast fashion) Shein հսկան պատրաստվում է բաժնետոմսերի տեղաբաշխմանը (IPO) Հոնկոնգի բորսայում, սակայն ընկերության գնահատականը կտրուկ անկում է ապրել: Լիստինգի շրջանակում Shein-ը գնահատվել է 26 մլրդ դոլար, մինչդեռ 2022 թվականին դրա արժեքը հասնում էր 100 մլրդ դոլարի:
Bloomberg-ի հաշվարկներով՝ ընկերության հիմնադիր և CEO Սքայ Սյուն (որին պատկանում է բաժնետոմսերի 30%-ը) IPO-ի ոչ նպաստավոր ժամանակի պատճառով կկորցնի մոտ 15 մլրդ դոլար․ նրա կարողությունը 23 մլրդ դոլարից նվազում է մինչև շուրջ 8 մլրդ դոլար։
Shein-ի գնահատման անկման հիմնական պատճառները
Ներդրողների ուշադրության շեղում դեպի AI․ Շուկայի հիմնական կապիտալը տեղափոխվել է արհեստական բանականության, կիսահաղորդիչների, չիպերի, տվյալների պահպանման և ամպային ենթակառուցվածքների ոլորտ:
Մաքսային արտոնությունների վերացում․ ԱՄՆ-ում փոքր ծանրոցների համար մաքսային արտոնության (de minimis) չեղարկումը և Եվրամիությունում ֆիքսված տուրքերի սահմանումը հարվածեցին ընկերության ցածրարժեք առաքումների բիզնես մոդելին։
Կարգավորողների խիստ վերահսկողություն․ Նյու Յորքում և Լոնդոնում ցուցակվելու ձախողված փորձերը, աշխատանքային պայմանների շուրջ քննադատությունները և Չինաստանից կախվածությունը բարդացրել են IPO-ի ընթացքը (նույնիսկ կենտրոնակայանը Սինգապուր տեղափոխելուց հետո)։
Մրցակցության սրում․ AI տեխնոլոգիաներն օգտագործող մրցակիցներն ավելի արագ են արձագանքում սպառողների ճաշակի փոփոխություններին, մինչդեռ էլեկտրոնային առևտրի նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը թուլացել է:
«Shein-ը բաց է թողել իր լավագույն հնարավորությունը, քանի որ էլեկտրոնային առևտրի ոլորտն այժմ ներդրողների համար զգալիորեն պակաս գրավիչ է, քան արհեստական բանականությունը»։
— Սեմ Ուայաթ, U Ethical Investors-ի պորտֆելի կառավարիչ


