ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին

Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ աշխատանքային միգրանտների համար, որոնք կարող են ազդել նաև Հայաստանի քաղաքացիների վրա։

Մարտի 1-ից փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի աշխատանքային օրենսդրությունում, որոնք ընդլայնում են այն հիմքերը, որոնցով գործատուները կարող են դադարեցնել աշխատանքային պայմանագրերը օտարերկրյա աշխատողների հետ։

Նոր կարգավորումների համաձայն՝ գործատուները այժմ կարող են աշխատանքից ազատել միգրանտներին ոչ միայն դաշնային օրենքներով, նախագահի հրամանագրերով կամ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում, այլ նաև տարածաշրջանային իշխանությունների սահմանած քվոտաների հիման վրա։ Այսինքն՝ եթե որևէ տարածաշրջանում սահմանվի օտարերկրյա աշխատուժի առավելագույն թույլատրելի քանակ, ապա այդ սահմանը գերազանցելու դեպքում գործատուն կարող է ստիպված լինել ազատել միգրանտ աշխատողներին։

Պետդումայի պատգամավոր Իգոր Անտրոպենկոյի («Միացյալ Ռուսաստան») խոսքով՝ այդ պահանջները խախտելու դեպքում գործատուներին կարող են նշանակվել խիստ պատժամիջոցներ։ Մասնավորապես, նախատեսված են 800 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի տուգանքներ, ինչպես նաև կազմակերպության գործունեության կասեցում մինչև 90 օրով։

Այս փոփոխությունների նպատակն, ըստ ռուսական կողմի, տեղական աշխատուժի ներգրավվածությունը բարձրացնելն է։ Ակնկալվում է, որ որոշ ոլորտներում՝ հատկապես ծառայությունների և շինարարության մեջ, օտարերկրյա աշխատողների թիվը կրճատվելու է, և գործատուները ավելի հաճախ աշխատանքի կընդունեն Ռուսաստանի քաղաքացիներին։

«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ սահմանափակումները սկզբնական փուլում վերաբերում են բոլոր օտարերկրյա աշխատողներին։ Սակայն ներկայում քննարկվում է մի տարբերակ, ըստ որի՝ այդ սահմանափակումները կարող են չտարածվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների քաղաքացիների վրա։ Եթե այդ փոփոխությունը ընդունվի, ապա Հայաստանի քաղաքացիները կարող են դուրս մնալ նոր քվոտաների ազդեցությունից։

Փորձագետի գնահատմամբ՝ առաջիկա երկու ամիսները ցույց կտան, թե որքանով կազդեն այս նոր կանոնները Ռուսաստանում աշխատելու նպատակով մեկնող հայ միգրանտների թվի վրա։

Տաթևիկ Բեժանյանը նաև հիշեցնում է, որ վերջին տարիներին արդեն նկատվում է Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի նվազում։ Նրա խոսքով՝ այդ միտումը պայմանավորված է մի շարք գործոններով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով, միգրացիոն օրենսդրության խստացմամբ, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության բարդ իրավիճակով։

Մասնագետի տվյալներով՝ 2022 թվականից հետո Հայաստանից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների հոսքը մոտ 30 տոկոսով նվազել է։ Եթե նախկինում խոսվում էր տարեկան շուրջ 95-100 հազար միգրանտի մասին, ապա այժմ այդ թիվը նույնիսկ չի հասնում 70 հազարի։

Բեժանյանի խոսքով՝ այդ փոփոխության վրա ազդեցություն ունի նաև Հայաստանի ներսում շինարարական ոլորտի ակտիվացումը։ Շատ քաղաքացիներ այժմ աշխատանք են գտնում հենց Հայաստանում և այլևս անհրաժեշտություն չեն տեսնում արտագնա աշխատանքի մեկնելու։

Միգրացիոն գործընթացների վրա ազդել են նաև Ռուսաստանի ներսում ընդունված այլ սահմանափակումներ։ Օրինակ՝ 2025 թվականի ապրիլի 1-ից խստացվել են ընտանիքի անդամներին Ռուսաստան տեղափոխելու պայմանները։ Մասնավորապես, դժվարացել են երեխաների դպրոց ընդունվելու ընթացակարգերը, ինչպես նաև բարդացել են ռուսերենի քննությունները։ Արդյունքում նվազել է նաև ընտանիքներով Ռուսաստան տեղափոխվելու դեպքերի թիվը։

Բացի այդ, 2025 թվականի փետրվարի 5-ից Ռուսաստանում գործում է այսպես կոչված «վերահսկվող անձանց» ռեեստր։ Եթե որևէ օտարերկրյա քաղաքացի հայտնվում է այդ ռեեստրում, նրա նկատմամբ կիրառվում են լուրջ սահմանափակումներ։ Այդպիսի անձանց բանկային հաշիվները կարող են սառեցվել, և պետական կառույցները կարող են հրաժարվել նրանց ծառայություններ մատուցելուց։

Մարտի 1-ից այդ համակարգին միացել են նաև հարկային մարմինները։ Փոխվել է նաև հարկային տեղեկանքների տրամադրման ձևը․ դրանք այլևս թղթային չեն տրամադրվում և ներկայացվում են միայն էլեկտրոնային քաղվածքների տեսքով։ Եթե հայտնաբերվի հարկերի չվճարում կամ այլ ֆինանսական խախտում, դա կարող է հիմք հանդիսանալ անձին վերահսկվող անձանց ռեեստրում ներառելու համար։

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրում նաև աշխատանքային պայմանագրերում նշված աշխատավարձերի վրա։ Նրա խոսքով՝ հաճախ տեղի է ունենում իրավիճակ, երբ պայմանագրում նշվում է մեկ գումար, իսկ աշխատողը իրականում ստանում է ավելի բարձր աշխատավարձ՝ որպեսզի նվազեցվեն հարկային վճարումները։ Սակայն դա կարող է խնդիրների պատճառ դառնալ։

Եթե միգրանտը բանկային փոխանցումներով Հայաստան ուղարկի ավելի մեծ գումար, քան նշված է նրա պաշտոնական աշխատավարձում, տվյալները կարող են փոխանցվել միգրացիոն ծառայությանը։ Այդ դեպքում անձը պետք է կարողանա հիմնավորել գումարի աղբյուրը։ Հակառակ դեպքում նա կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում և նույնիսկ արտաքսվել երկրից։

Նման խնդիր կարող է առաջանալ նաև այն դեպքերում, երբ մեկ անձը հավաքում է ամբողջ բրիգադի գումարը և մեկ փոխանցմամբ ուղարկում ընտանիքներին։ Այդ դեպքում համակարգը կարող է արձանագրել, որ տվյալ անձը փոխանցում է իր աշխատավարձից բազմակի անգամ ավելի մեծ գումար։ Հետևաբար մասնագետը խորհուրդ է տալիս, որպեսզի յուրաքանչյուր աշխատող իր գումարը փոխանցի առանձին։

Միգրացիոն օրենսդրության խստացման շրջանակում Ռուսաստանում ներդրվել են նաև այլ վերահսկողական մեխանիզմներ։ Մարտի 1-ից Դաշնային անվտանգության ծառայությունը (ՖՍԲ) իրավունք է ստացել դիմել կապի օպերատորներին և սահմանափակել միգրանտների բջջային կապի հասանելիությունը։

Այդպիսի որոշում կարող է ընդունվել, եթե հեռախոսային խոսակցությունների կամ հաղորդագրությունների բովանդակությունը դիտարկվի որպես անվտանգության սպառնալիք։ Մասնագետի խոսքով՝ նույնիսկ որոշ քաղաքական թեմաներ, օրինակ՝ Ուկրաինայի նկատմամբ համակրանքի արտահայտումը, կարող են խնդիրների պատճառ դառնալ։

Ավելին՝ 2025 թվականի սեպտեմբերից Մոսկվայում և Մոսկվայի մարզում աշխատող օտարերկրացիները պարտավոր են օգտագործել «Ամինա» բջջային հավելվածը։ Այդ հավելվածի միջոցով իրականացվում է միգրացիոն հաշվառումը և պետք է նշվի միգրանտի բնակության հասցեն։

Հավելվածը աշխատում է ինտերնետի միջոցով և պահանջում է պարբերական թարմացումներ։ Եթե օգտատերը ժամանակին չի թարմացնում ծրագիրը կամ չի օգտագործում այն ըստ պահանջի, դա նույնպես կարող է պատճառ դառնալ, որ նա հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։

Բացի այդ, եթե միգրանտը երեք օրից ավելի բացակայում է իր գրանցված բնակության վայրից, համակարգը կարող է արձանագրել, որ նա այլևս չի բնակվում այդ հասցեում։ Այդ դեպքում ևս հնարավոր է հայտնվել վերահսկվող անձանց ցուցակում։ Նման իրավիճակում անհրաժեշտ է նախապես դիմել տարածքային ոստիկանություն և տեղեկացնել բացակայության մասին։

Նոր պատժամիջոցներ են սահմանվել նաև այն բնակարանների սեփականատերերի համար, որոնք հրաժարվում են գրանցել իրենց բնակարանում բնակվող միգրանտներին։ Եթե պարզվի, որ օտարերկրյա քաղաքացին ապրում է բնակարանում, սակայն սեփականատերը չի գրանցել նրան միգրացիոն հաշվառման նպատակներով, ֆիզիկական անձանց համար նախատեսված է մինչև 5000 ռուբլի տուգանք։ Իրավաբանական անձանց կամ պաշտոնատար անձանց դեպքում տուգանքի չափը կարող է հասնել մինչև 500 հազար ռուբլու։