ABNews

NASA-ից՝ Դաշնային պահուստ․ ԱՄՆ-ը բացահայտել է չինական հաքերային լայնածավալ ցանց

Միջազգային անցուդարձ | 2026/08/27 11:35

NASA-ից՝ Դաշնային պահուստ․ ԱՄՆ-ը բացահայտել է չինական հաքերային լայնածավալ ցանց

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Չինաստանից իրականացվող կիբեռհարձակման արշավ խափանելու մասին։ Թիրախում եղել են ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, ՆԱՍԱ-ն (NASA), Դաշնային պահուստային համակարգը, Սենատը և պետական այլ զգայուն կառույցներ։

ԱՄՆ Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ իշխանությունները բռնագրավել են QScan և QTRouter անուններով երկու հաքերային հարթակների կողմից օգտագործված դոմենային անունները։ Ըստ նախարարության՝ այդ հարթակները կիրառվել են նշված կիբեռարշավի շրջանակում։

Հաքերային գործողությունների թիրախների թվում, ըստ ԱՄՆ իշխանությունների, եղել են նաև Էներգետիկայի նախարարությունը, Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտները, ինչպես նաև ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում գործող չորս ընկերություններ, որոնց անունները չեն հրապարակվել։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը էլեկտրոնային նամակով հայտարարել է, որ դեսպանատունը ծանոթ չէ ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած մանրամասներին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Չինաստանի կառավարությունը «վճռականորեն դեմ է կիբեռհարձակումների բոլոր ձևերին» և դրանց դեմ պայքարում է օրենքի շրջանակում։

Չինաստանի դեսպանատունը նաև մեղադրել է ԱՄՆ-ին կիբեռանվտանգության թեման «Չինաստանին վարկաբեկելու կամ զրպարտելու համար» օգտագործելու մեջ։ Մամուլի քարտուղարը նշել է, որ Պեկինը դեմ է ազգային անվտանգության հասկացության չափազանց լայն մեկնաբանմանը և դրա օգտագործմանը՝ չինական ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու նպատակով։ Նրա խոսքով՝ Չինաստանը կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը