Microsoft-ի հիմնադրի կրտսեր դստեր՝ 23-ամյա Ֆիբի Գեյթսի Phia ստարտափի շուրջ խոշոր սկանդալ է բռնկվել: Օնլայն գնումների ընթացքում զեղչային կոդերն ու կտրոններն ավտոմատ ցուցադրող բրաուզերային ընդլայնումը, որն ավելի քան 40 միլիոն դոլար էր ներգրավել ներդրողներից և այնպիսի աստղերից, ինչպիսիք են Հեյլի Բիբերը, Քլոե Քարդաշյանը, Սիդնի Սուինին, Փերիս Հիլթոնն ու Ջեսիկա Ալբան, այժմ կանգնած է խարդախության լուրջ մեղադրանքների առջև:
«Քուքի-սթաֆինգ» և ապօրինի միջնորդավճարներ
Bloomberg-ի հետաքննության համաձայն՝ ստարտափը ամիսներ շարունակ կիրառել է «քուքի-սթաֆինգ» (cookie stuffing) կոչվող ապօրինի մեթոդը: Դա խարդախության ձև է, երբ օգտատիրոջ բրաուզերում առանց նրա իմացության ավելացվում կամ փոխարինվում են cookie ֆայլերը: Սա Phia-ին թույլ է տվել միջնորդավճարներ ստանալ այնպիսի վաճառքներից, որոնց հետ ընկերությունն իրականում որևէ առնչություն չի ունեցել:
Ի՞նչ իրավական հետևանքներ են սպառնում
Bild-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դատախազ Արիել Գիվները X սոցիալական ցանցում պարզաբանել է, որ ԱՄՆ-ում այս պրակտիկան հաճախ որակվում է որպես ինտերնետ-խարդախություն: Նմանատիպ դեպքերում օրենքը նախատեսում է խոշոր տուգանքներ, իսկ առավելագույն պատիժը, տեսականորեն, կարող է հասնել մինչև 20 տարվա ազատազրկման: Այնուամենայնիվ, այս պահին Ֆիբի Գեյթսի դեմ որևէ պաշտոնական մեղադրանք դեռևս չի ներկայացվել:
Տեղյա՞կ էր արդյոք Գեյթսը ապօրինի մեթոդներին
Bloomberg-ի աղբյուրները պնդում են, որ Ֆիբի Գեյթսն ու նրա համահիմնադիրը տեղյակ են եղել կիրառվող մեթոդների մասին դեռևս 2025 թվականի վերջին: Ըստ շրջանառվող տվյալների՝ 2025 թվականի դեկտեմբերի ծառայողական գրությունում Գեյթսն անձամբ է հետաքրքրվել, թե արդյոք cookie ֆայլերի ավտոմատ տեղադրումն ակտիվացված է բոլոր կայքերում՝ առավելագույն շահույթ ապահովելու համար:
Ինքը՝ Phia ստարտափը, կտրականապես հերքում է ներկայացված մեղադրանքները՝ ընդգծելով, որ խնդրահարույց բոլոր ֆունկցիաները համակարգից հեռացվել են դեռևս հուլիսի 7-ին:


