Լավագույն ձեռներեցներից շատերն իրենց մեծագույն թուլությունները վերածում են գլխավոր առավելությունների։ Հայտնի ֆիթնես-մարզիչ և վելնես-ձեռներեց Սենադա Գրեկան դրա վառ ապացույցն է։ Վաղ տարիքում պայքարելով դեպրեսիայի, տագնապային վիճակների և սննդային խանգարումների դեմ՝ Գրեկան հետագայում դարձավ ոլորտի համաշխարհային առաջատար ձայներից մեկը՝ մարզելով մեգաաստղերի, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է, ստեղծելով ավելի քան 10 միլիոն հետևորդից բաղկացած բազմապլատֆորմ լսարան և հիմնելով մի շարք ընկերություններ, այդ թվում՝ WeRise-ը և Aonic-ը։
Այս ամենի համար պահանջվեց միայն մտածելակերպի փոփոխություն, գրում է Entrepreneur-ը։
Դժվարությունները՝ որպես ուժի աղբյուր
Գրեկան մեծացել է Ալբանիայում՝ կոմունիստական ռեժիմի օրոք, որտեղ նրա ընտանիքը բախվել էր բազմաթիվ դժվարությունների, այդ թվում՝ սննդի պակասի։ 14 տարեկանում նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ անցել է մշակութային մեծ շոկի միջով։
«Այդ ժամանակահատվածում մտնում էի կանացի տարիք. կոմունիստական երկրում սննդի սղությունից հանկարծ հայտնվեցի ամեն ինչի առատության մեջ, և փոխվեցին պատասխանատվություններս, – պատմում է նա։ – Հիմա ես ընտանիքում միակն էի, որ անգլերեն գիտեր, և 14 տարեկանում ստիպված էի քաշել ընտանիքիս հոգսը։ Սա հենց այն կետն էր, որից սկսվեցին սննդային խանգարումները, դեպրեսիան ու տագնապային վիճակները»։
Բացասական մտքերին տրվելու փոխարեն՝ Գրեկան ելք գտավ ֆիթնեսի մեջ և ի վերջո հասկացավ առողջ սննդի ու ուժային մարզումների ուժը։
Նա փոխեց իր մտածելակերպը՝ հնարավորինս նիհարել ձգտելուց անցում կատարելով հնարավորինս ուժեղ դառնալուն և մոտիվացիան փոխարինելով կարգապահությամբ։
«Մոտիվացիան զգացմունք է, – բացատրում է Գրեկան։ – Այն անցողիկ է։ Այսօր մենք ցանկություն ունենք մարզվելու, վաղը՝ ոչ։ Բայց երբ օր օրի կառուցում ես այդ կարգապահությունը, հենց դա է քեզ առաջ մղում, երբ մոտիվացիան պակասում է»։
Ժամանակի ընթացքում նա նույն փիլիսոփայությունը կիրառեց նաև իր կարիերայում։
«Ես ուժեղ մարմին կառուցելը շատ եմ նմանեցնում ուժեղ բիզնես կառուցելուն, պարզապես շատ ավելի մեծ մասշտաբով, – ասում է նա։ – Դա դժվար օրերին դիմակայելն է, բարդ որոշումներ կայացնելը և այնպիսի պահերին ներկա գտնվելը, երբ բացարձակապես չես ցանկանում դա անել»։
Գրեկայի ֆիթնես-ուղին սկսվեց որպես անձնական զարգացման ձգտում։ Սակայն երբ նա հասկացավ, թե որքան լավ է զգում իրեն նոր ապրելակերպով, ստիպված եղավ կիսվել դրանով ուրիշների հետ՝ սոցիալական ցանցերում տեղադրելով մարզումներ և ֆիթնես-խորհուրդներ։ Այդ ժամանակ ֆիթնեսը դեռ հոբբի էր, ոչ թե կարիերա։ Գրեկան ունի MBA (գործարար վարչարարության մագիստրոսի) աստիճան և նախկինում աշխատել էր ֆինանսների ու վաճառքի ոլորտում՝ իր ազատ ժամանակ Instagram-ի համար մարզումներ նկարահանելով։ Հետևորդների քանակի աճին զուգընթաց՝ նա նկատեց հնարավորությունը։
«Ես միշտ մտածել եմ՝ արդյո՞ք իմ մարզման մեթոդներն կաշխատեն մեկ ուրիշի համար», – նշում է Գրեկան։ Սոցիալական ցանցերում ունեցած իր նորահայտ հաջողությամբ պատասխանը դրական թվաց։ Նա որոշեց մեկ քայլ առաջ գնալ և հիմնեց իր առաջին ընկերությունը՝ WeRise-ը։
«WeRise-ը հիմնված էր այն փիլիսոփայության վրա, որը ես կառուցել էի ինձ համար, – կիսվում է Գրեկան։ – Այն օգնում է կանանց դառնալու իրենց ամենաուժեղ տարբերակը՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև մտավոր առումով՝ հաղթահարելով տրավմաները, ինքնակոչի համախտանիշը և կարիերայի զարգացման խնդիրները»։
Ամեն ինչ սկսվեց որպես սովորական ֆիթնես հավելված, բայց այն այժմ վերածվել է այնպիսի մի բանի, ինչը Գրեկան բնութագրում է որպես «ձեր գործընկերը փոխակերպման ճանապարհին»։ Այն միավորում է ուժային մարզումները, անձնական մարզումները հենց Գրեկայի մասնակցությամբ, սննդակարգի խորհուրդները և ներկառուցված համայնքը, որը նախատեսված է օգտատերերին պատասխանատվության զգացում տալու համար։ Շատ առումներով դա ձեր գրպանի վիրտուալ մարզասրահի պես է։
Այս հայեցակարգը արագորեն տարածվեց և, Գրեկայի արագ աճող սոցիալական ցանցերի հետ մեկտեղ, գրավեց աշխարհի ամենամեծ հայտնիներից մեկի՝ Քիմ Քարդաշյանի ուշադրությունը։
Քարդաշյանի հետ կապը
Քարդաշյանը բացահայտել էր Գրեկային սոցիալական ցանցերի միջոցով և տպավորված էր նրա առցանց պորտֆոլիոյում ներկայացված բազմամյա աշխատանքով։ Նրանք կապ հաստատեցին, և ի վերջո Քարդաշյանը Գրեկային վարձեց որպես իր անձնական մարզիչ, ինչը Հոլիվուդի ամենաբարձր մակարդակի կուլիսային աշխատանքներից մեկն է։
«Նա գնահատեց իմ կարգապահությունը, պատմությունս և այն, ինչին հասել էի, այդպես էլ նա գտավ ինձ, – հիշում է Գրեկան։ – Սիրում եմ կրկնել, որ դուք չեք կարող վերահսկել, թե ով է բացահայտում ձեզ կամ ձեր աշխատանքը, բայց կարող եք վերահսկել, թե ինչ են նրանք գտնում, երբ դա անում են։ Այնպես որ, երբ այդ հնարավորությունը ստեղծվեց, ես պատրաստ էի դրան։ Ես չէի որսում այն, բայց դա տեղի ունեցավ, և ուրախ եմ, որ այդպես եղավ, քանի որ այն ինձ ներկայացրեց այնքան շատ հնարավորություններ, որոնց համար անչափ երախտապարտ եմ»։
Գրեկան հավելում է, որ Քարդաշյանին մարզում է այն նույն մեթոդներով, որոնք օգտագործում է WeRise հավելվածում, ինչը Քարդաշյանը վերջերս ցուցադրել էր սոցիալական ցանցերում՝ Գրեկայի սեպտեմբերյան մարզումային մարտահրավերի ժամանակ։
Քարդաշյանի հետ աշխատանքը Գրեկային տվեց էլ ավելի մեծ հարթակ և հեղինակություն մի լսարանի աչքում, որը միշտ պատրաստ է սովորելու հայտնիների մարզումների ու սննդակարգի սովորությունների մասին։ Հենց այս փորձառությունն էլ մասամբ ոգեշնչեց Գրեկայի հաջորդ ձեռնարկությանը՝ Aonic-ին։
Ցանկանալով մարդկանց ցույց տալ իր սեփական առօրյայի հետևում կանգնած իրականությունը՝ Գրեկան հիմնեց Aonic-ը՝ որպես գիտության վրա հիմնված հավելումների (supplements) ընկերություն, որը կենտրոնացած է սպառողներին վելնեսի (առողջ ապրելակերպի) հարցերում կրթելու վրա։
Գրեկան երբեք ուղղակիորեն չի խնդրել Քարդաշյանին գովազդել իր բիզնեսները, սակայն օրգանական հնարավորություններ, այնուամենայնիվ, ստեղծվել են։ «Քիմն արդեն ցույց է տվել սա սոցիալական ցանցերում, նա հավելում է Aonic-ը, – ասում է Գրեկան։ – Նա հիանում է կրեատինով, Aonic Build-ով և Aonic Fuel-ով, հատկապես՝ տարայով արտադրանքներով»։
Վերջ տալով գերթանկացումներին
Քարդաշյանի խանդավառությունը արտացոլում է ավելի լայն մշակութային միտում։
«Ես շարունակում էի տեսնել մարդկանց, ովքեր ցանկանում էին շատ ավելի լավ հոգ տանել իրենց մասին հավելումների միջոցով, բայց առանց շփոթմունքի ու սթրեսի, – կիսվում է Գրեկան։ – Առողջության և բարեկեցության ոլորտում այնքան շատ շփոթմունք կա, հատկապես առողջապահության օպտիմալացման հարցում: Կարծում եմ՝ երբեմն այդ շփոթմունքը ստեղծվում է հենց նրա համար, որ մարդիկ կարողանան ինչ-որ բան վաճառել ձեզ: Aonic-ով մենք ցանկացանք պարզեցնել դա»։
Այս փիլիսոփայությունն ամփոփված է Aonic-ի կարգախոսում՝ «Վերջ դնել գերթանկացումներին» (end the markup): Գրեկան հավատում է, որ վելնես արդյունաբերությունը հագեցել է պրեմիում դասի ապրանքներով և գներով՝ հաճախ ավելացնելով ծախսեր, որոնք քիչ կապ ունեն ներսում առկա որակի հետ։ Aonic-ը նպատակ ունի այլ մոտեցում որդեգրել։
«Մենք փոխել ենք հենց կատեգորիայի տնտեսությունը, քանի որ այն այնքան էր լցվել պրեմիում բրենդներով, – բացատրում է Գրեկան։ – Նրանք ավելացնում էին տարբեր բաղադրիչներ, որպեսզի կարողանան արդարացնել բարձր գները։ Մենք չէինք ցանկանում դառնալ այդպիսի մեկ այլ բրենդ։ Մենք ուզում էինք վերջ տալ այդ պրեմիում գնագոյացմանը, որը ներառում է մարքեթինգի, գովազդի, լոգիստիկայի և պահեստավորման բոլոր ծախսերը»։
Փոխարենը, մարդիկ կարող են միանալ Aonic Club-ին, վճարել տարեկան անդամավճար և ապրանքներ ձեռք բերել ինքնարժեքով։ «Այս կերպ որակը մնում է, իսկ հավելավճարները՝ դուրս շպրտվում», – հայտարարում է Գրեկան։
Արհեստական բանականությունն (AI) իր հերթին նպաստում է Aonic-ի կողմից գների իջեցման ջանքերին, ինչը, ըստ Գրեկայի, պետք է նվազեցնի ծախսերը սպառողների համար, և ոչ թե պարզապես մեծացնի ընկերությունների շահույթը։
«Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ արդյո՞ք սիրում եմ արհեստական բանականությունը, կամ թե ուր կարող են որոշ բաներ տանել մեզ, – ասում է նա։ – Բայց եթե այն խելամտորեն օգտագործենք, կարծում եմ՝ Aonic-ի միջոցով կարող ենք կրճատել ծախսերը մատակարարման, գործառնությունների, արտադրության, ֆինանսների և բրենդինգի ոլորտներում ու այդ խնայողությունները փոխանցել սպառողին։ Սիլիկոնյան հովտում AI-ն օգտագործվում է ընկերությունների համար հսկայական գումարներ աշխատելու նպատակով, բայց ոչ ոք իրականում չի մտածում, թե ինչպես այն կարող է նվազեցնել ծախսերը սպառողների համար։ Կարծում եմ՝ մենք առաջնորդում ենք այդ ջանքերը, հատկապես սննդային հավելումների բրենդների շրջանակում»։
Կառուցելով սեփական անձից անդին
Ի տարբերություն շատ ազդեցիկ մարդկանց (influencers), ովքեր բրենդներ են կառուցում իրենց անհատականության շուրջ, Գրեկան չի ցանկանում, որ ինքը լինի իր ընկերությունների գլխավոր կիզակետը։
«Ես ուզում եմ, որ բրենդները՝ լինի դա WeRise-ը, թե Aonic-ը, աճեն և դուրս գան իմ անձնական ակտուալության շրջանակներից, – կիսվում է Գրեկան։ – Ես ցանկանում եմ, որ դրանք ընդգրկեն վելնեսն իր ամբողջության մեջ՝ միաժամանակ հավատարիմ մնալով որակի այն չափանիշներին, որոնք հաստատել ենք այս վաղ փուլերում։ Ուզում եմ պահպանել այդ չափանիշները, երբ աճում ենք, ապրանքները պահել մատչելի ու հասանելի և շարունակել օգտագործել նորարարությունները, AI-ն ու տեխնոլոգիաները ոչ թե մեր սեփական գրպանները հարստացնելու, այլ այդ խնայողությունները սպառողներին փոխանցելու և մարդկանց ավելի լավ հոգ տանելու հարցում օգնելու համար»։
Խորհելով իր ընկերությունների հետևում կանգնած ավելի մեծ առաքելության մասին՝ Գրեկան հուզվում է։
«Խնդիրն այն չէ, թե «ինչպես կարող եմ հնարավորինս շատ գումար վաստակել»։ Այն է՝ «ինչպես կարող եմ օգնել հնարավորինս շատ մարդկանց հնարավորինս լավ և մատչելի ձևով», – ասում է նա։ – Քանի որ, ինչպես արդեն նշել եմ, եթե փորձեք շահագործել մարդկանց վստահությունը ձեր վրա նետվող յուրաքանչյուր քայլափոխին, ի վերջո կսպառեք այդ «վստահության հիմնադրամը», ինչպես ես եմ այն անվանում»։


