Քննարկվել է ժամկետային զինծառայողների թվի նվազման խնդիրը․ ինչ մեխանիզմներ են առաջարկվում

Ծառայության ժամկետի կրճատումը առաջնային նպատակ չէր։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է ժամկետային զինծառայողների թվի նվազման խնդիրը՝ ներկայացնելով դրա հաղթահարմանն ուղղված չորս հիմնական առաջարկ։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» և Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծերը՝ Սարգսյանը հայտարարեց, որ դեռևս տարիներ առաջ է զգուշացրել զինվորների թվի նվազման մասին։

«2019 թվականից ներկայացրել եմ ժամկետային զինծառայողների թվի նվազման ցավոտ վիճակագրությունը։ Պատգամավորների և պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել չափազանց վտանգավոր այս խնդրի վրա և առաջարկել լուծումներ՝ զինվորների թվի նվազումը կանխելու համար։

Ինձ մեղադրում էին բանակի խնդիրների մասին բարձրաձայնելու համար՝ ասելով, թե թշնամին կտեսնի մեր խնդիրները։ Սակայն մեկ տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերին, պարզ դարձավ, որ բոլորը մեր խնդիրներն ավելի լավ գիտեին, քան մենք։

2019 թվականին իմ առաջարկած լուծումները մերժվեցին կեղծ հայրենասիրական կենացներով՝ «բոլորը պետք է ծառայեն բանակում» ձևակերպմամբ։ Ինչո՞ւ եմ դրանք որակում կեղծ կենացներ։ Առաջին՝ որովհետև նման հայտարարություններ անողները կամ նրանց որդիները, կամ ամուսինները հաճախ խուսափել են ծառայությունից, և երկրորդ՝ այս տարիների ընթացքում նրանք որևէ քայլ չեն ձեռնարկել բանակի թվի նվազումը կանխելու և զինվորների թիվն ավելացնելու ուղղությամբ։

Ինչպես ես զգուշացնում էի դեռ 2019 թվականին, ժամկետային զինծառայողների թիվը շարունակեց նվազել, զորակոչի ցուցանիշը նույնպես նվազեց։

Պատգամավորը ներկայացրել է խնդրի լուծմանն ուղղված չորս հիմնական առաջարկ։

«Զինվորների թվաքանակն ավելացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ համակցված քայլերը․ Առաջին՝ բարձրացնել ծառայության սահմանային տարիքը։ Երկրորդ՝ քրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելը։ Երրորդ՝ ծառայությունից խուսափած անձանց համար սահմանել կարճաժամկետ ծառայության հնարավորություն՝ բարձր վճարի դիմաց, ինչպես արդեն կիրառվում է 27 տարին լրացածների դեպքում։ Չորրորդ՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել ավելի բարձր վճար։

Այս քայլերի համադրությամբ հնարավոր կլինի ավելացնել զորակոչի թիվը։ Դա իր հերթին հնարավորություն կտա կրճատել ծառայության ժամկետը 6 ամսով կամ մոտ 25 տոկոսով, ինչպես նաև հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղել ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողների սոցիալական ապահովմանն ու խրախուսմանը, որպեսզի նրանց ծառայությունն ավելի գնահատված լինի։

Այսինքն՝ ծառայության ժամկետի կրճատումը առաջնային նպատակ չէր։ Այն պետք է լիներ լրացուցիչ արդյունք, որը հնարավոր կլիներ ապահովել միայն նշված քայլերի իրականացմամբ և զորակոչի թվի աճի արդյունքում»,- նշեց Սարգսյանը։

Պատգամավորը անդրադարձավ նաև քաղաքացիությունից հրաժարվելու աճող միտմանը՝ ներկայացնելով համապատասխան տվյալներ։

«2024 թվականին մինչև 18 տարեկանը քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 և արական սեռի 1949 քաղաքացի։ Այսինքն՝ շուրջ 2000 տղա դուրս է մնացել համակարգից, քանի որ որևէ արդյունավետ մեխանիզմ չի կիրառվել։

Այդ ընթացքում պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ այս երևույթն անթույլատրելի է և անհրաժեշտ է դրա դեմ միջոցներ ձեռնարկել։

2025 թվականին պատկերը զգալիորեն վատթարացել է։ Իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել՝ 62-ից դարձել է 68, մինչդեռ արական սեռի դեպքում աճը կազմել է 44 տոկոս՝ հասնելով 2811-ի։

Սա նշանակում է, որ մենք տարեկան զորակոչի շուրջ 30 տոկոսը կորցնում ենք միայն այն պատճառով, որ համապատասխան օրենսդրական մեխանիզմներ չեն կիրառվում։ Եթե անցած տարվա մայիսին իմ ներկայացրած նախագիծը չմերժվեր հանձնաժողովում, հնարավոր կլիներ կանխել այս աճը։ Եթե այժմ ևս օրենքը չընդունվի, ապա յուրաքանչյուր տարի շարունակելու ենք կորցնել զորակոչի շուրջ 30 տոկոսը»,- ասաց նա։

Պատգամավորը նաև ընդգծեց սոցիալական անհավասարության խնդիրը զորակոչի գործընթացում։

«Երևանում՝ երկրորդ զինվորական կոմիսարիատում, վերջին տարիներին զորակոչի ցուցանիշը կազմել է ընդամենը շուրջ 10 տոկոս, մինչդեռ մարզերում ծառայության է զորակոչվում զորակոչի ենթակա անձանց մոտ 50 տոկոսը։

Այսինքն՝ յուրաքանչյուր 1000 զորակոչի ենթականերից Երևանում ծառայության է մեկնում ընդամենը 100-ը, մինչդեռ մարզերում նույն ցուցանիշը հասնում է 500-ի։

Այդպիսով ստացվում է, որ պաշտպանության բեռն անհամաչափ կերպով դրված է մարզերի վրա»,- նշեց նա։

Ելույթի ավարտին Սարգսյանը պատգամավորներին կոչ արեց աջակցել  նախաձեռնությանը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1246577