Հորմուզի նեղուցի փակումը կարևոր է, բայց ոչ բավարար: Նավթի շուկան չի պտտվում միայն «իրական առաջարկի» շուրջ, այլ գտնվում է «սպասումների» ազդեցության տակ: Եթե խափանումները տևեն ընդամենը մի քանի օր, մեկ կամ երկու շաբաթ, շուկան որոշ չափով կկլանի շոկը՝ պաշարների, այլընտրանքային երթուղիների և հոգեբանական կառավարման հաշվին»,- նշվում է իրանական Khabaronline պարբերականի հրապարակման մեջ։
«Այդ դեպքում ի՞նչ անի Իրանը։
Ճնշման հիմնական կետը գտնվում է այլ վայրում՝ Կասպից ծովում և Կովկասում։ Իսրայելը լուրջ կախվածություն ունի այս երթուղով մատակարարվող նավթից։
Ադրբեջանից Իսրայել նավթի ներկրումը 2025 թվականին հասել է օրական 94 000 բարելի, ինչը 31%-ով ավելի է, քան նախորդ տարի։
Ադրբեջանական նավթին բաժին է ընկել Իսրայել նավթի ընդհանուր ներկրման 46,4%-ը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Պարզ ասած՝ Իսրայելի ներկրած գրեթե յուրաքանչյուր երկրորդ բարել նավթը ստացվում է Ադրբեջանից։
Եթե այս երթուղին խափանվի, դա ուղղակիորեն կազդի Իսրայելի նավթավերամշակման գործարանների, փոխադրումների, վերջնական գների և մատակարարումների անվտանգության վրա։ Այս առումով Կասպից ծովի առավելությունն այն է, որ, ի տարբերություն Պարսից ծոցի, այն չի գտնվում ԱՄՆ-ի ուղղակի և ուշադիր հսկողության տակ։ Աշխարհագրական հեռավորությունը, օպերատիվ բարդությունը և երթուղիների բազմամակարդակ բնույթը նշանակում են, որ սահմանափակ, բայց ճշգրիտ գործողությունները կունենան ավելի մեծ զսպող ազդեցություն, քան Հորմուզի նեղուցի կարճաժամկետ շրջափակումը»։
Ադրբեջանն այստեղ առանցքային դեր է խաղում։ Բազմիցս հայտարարվել է, որ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքն ու նրա հետախուզական ենթակառուցվածքները Իրանի դեմ պատերազմում։ Օրինակ՝ Նախիջևանից «Հերմես» անօդաչու թռչող սարքի կիրառումը նախադեպ է եղել Նաթանզի դեմ գործողությունների համար։ Նման հանգամանքներում Իրանը կարող է պատասխան ճնշում գործադրել Իսրայելի ամենախոցելի ոլորտում՝ էներգետիկայում։
Թուրքիայի նկատմամբ ևս պետք է ուշադիր ու զգույշ վերաբերմունք ցուցաբերել։ Ադրբեջանական նավթը Կասպից ծովից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հասնում է Ջեյհան, այնտեղից տանկերներով տեղափոխվում Միջերկրական ծով, իսկ այնուհետև՝ Իսրայելի նավահանգիստներ։
Սա նշանակում է, որ Իսրայելի էներգակիրների մատակարարման շղթան կախված է ոչ միայն Պարսից ծոցից, այլև կապված է Կովկասի ու Թուրքիայի հետ։ Այս տեսանկյունից, եթե Կասպից ծովում լարվածությունը լինի սահմանափակ ու վերահսկելի, Թուրքիան, հավանաբար, կբավարարվի քաղաքական բողոքով, քանի որ գործնական միջամտությունը նրա վրա թանկ կնստի և կսպառնա իր իսկ շահերին»,- նշված է հրապարակման մեջ։


