Ucom - ի գլխամասային գրասենյակի երկար միջանցքը, որի պատերին փակցված են աշխատակիցների լուսանկարները, ավարտվում է գլխավոր տնօրենի ընդունարանով։ Իսկ աշխատասենյակը փոքր է, կոկիկ ու համեստ։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ զրույցում փորձեցինք բացահայտել հայաստանյան խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններից մեկի ղեկավարի կառավարման փիլիսոփայությունը, անձնական սովորություններն ու արժեհամակարգը։
Առավոտյան ժամը 4-ը. ինչպես է սկսվում առաջնորդի օրը
— Հարցազրույցներից մեկում Դուք ասում եք, որ շատ վաղ եք արթնանում։ Վաղ, այսինքն՝ ժամը քանիսի՞ն և ինչո՞ւ։
Ռալֆ Յիրիկյան — Իմ օրգանիզմն արդեն կարծես ծրագրավորված լինի. առանց զարթուցչի՝ ժամը 4-ին (կամ ամենաշատը 4:10-ին) աչքերս բացվում են։ Ինձ պետք է խաղաղ ժամանակահատված՝ առանց զանգերի և հաղորդագրությունների, որպեսզի կարողանամ հանգիստ կարդալ, մտածել և վերլուծել։ Այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ հաղորդագրությունները գալիս են միանգամից մի քանի հարթակից՝ WhatsApp, Viber, Signal և այլն։ Մարդիկ երբեմն նեղանում են, որ արագ չես արձագանքում՝ չպատկերացնելով այն սթրեսն ու ծանրաբեռնվածությունը, որի մեջ գտնվում ես։
Օրս սկսվում է 20–40 րոպե տևողությամբ մարմնամարզությամբ՝ կախված տրամադրությունից ու եռանդից։ Դրանից հետո նախաճաշն է, և ժամը 6:45-ին արդեն ճանապարհ եմ ընկնում դեպի գրասենյակ, որպեսզի ժամը 7-ին արդեն աշխատանքի վայրում լինեմ։ Դրա համար առավոտյան ժամը 7-ից մինչև 8:45-ն իմ «ոսկե ժամն» է։
Ժամանակի մենեջմենթ և ճշտապահություն. կարգապահությունը՝ որպես հաջողության հիմք
— Ժամանակակից բիզնեսում ժամանակի կառավարման բազմաթիվ մոդելներ կան։ Դուք ունե՞ք հատուկ մեխանիզմներ։
Ռալֆ Յիրիկյան — Առանց ներքին կարգապահության հնարավոր չէ կառավարել ժամանակդ։ Օրինակ, եթե ժամը 13:00-ին հանդիպում ունեմ քաղաքի կենտրոնում, ես երբեք հենց այդ պահին հասնելու հաշվարկ չեմ անում։ Մտնում եմ քարտեզների հավելված, նայում ճանապարհի տևողությունը և ավելացնում ևս 15–25 րոպե՝ հաշվի առնելով հնարավոր խցանումներն ու անկանխատեսելի իրավիճակները։ Արդյունքում՝ ես կարող եմ տնից կամ գրասենյակից դուրս գալ արդեն 12:05-ին։ Ճշտապահությունն ինձ համար սկզբունքային է, և ես չեմ սիրում, երբ ուշանում են, ինչպես նաև ինքս երբեք չեմ ուշանում։
Տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն. ոսկե միջինի փիլիսոփայությունը
— Ընդհանրապես, Դուք Ձեզ տեխնոլոգիաներ շատ օգտագործող մարդ համարո՞ւմ եք։ Ucom-ը հայտնի է շուկայում նորարարություններով և առաջադեմ տեխնոլոգիաներով. ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը։
Ռալֆ Յիրիկյան — Ես կողմնակից եմ ոսկե միջինին. ծայրահեղությունների մեջ չեմ ընկնում։ Օգտագործում եմ տեխնոլոգիան այնքանով, որքանով դա անհրաժեշտ է և օգտակար։ Արհեստական բանականությունից (ԱԲ) օգտվում եմ շատ պարզ մակարդակով. օրինակ՝ այգում աշխատելիս կարող եմ հայերենով հարցնել բույսերի կամ թռչունների մասին, և այն զարմանալիորեն լավ է պատասխանում։ Սակայն չեմ խորանում կոդերի կամ բարդ գործիքների մեջ, քանի որ ժամանակս սահմանափակ է, և այդ ժամերն ավելի շատ նախընտրում եմ տրամադրել մտավոր հանգստին։
Ինչ վերաբերում է ընկերությանը, մենք ունենք հիանալի մասնագետների թիմ՝ լի էնտուզիազմով և նորարարական մտածելակերպով։ Մեր նպատակն է միշտ մեկ քայլ առաջ լինել, թարմացնել տեխնիկական բազան և հայաստանյան բաժանորդներին տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան որակ։ Հաճախ օտարերկրյա հյուրերը զարմանում են Հայաստանում կապի բարձր որակից ու արագությունից, և ես հպարտանում եմ ոչ միայն Ucom-ով, այլև ամբողջ ոլորտով, որն այսօր միջազգային քարտեզի վրա պատվով է ներկայացնում մեր երկիրը։
Մարդկային կապիտալը և թիմի համախմբումը
— Ո՞րն է այն ուժը, որով կարողանում եք ամբողջ Հայաստանով սփռված թիմին միավորել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։
Ռալֆ Յիրիկյան — Ամենակարևորը հստակ ռազմավարությունն է և դրա մասին անկեղծ շփումը։ Այն չպետք է սահմանափակվի միայն տնօրենների խորհրդով. մենք մեր նպատակներն ու ցուցանիշները կիսում ենք ամբողջ թիմի հետ։ Յուրաքանչյուր եռամսյակ ամփոփում ենք արդյունքները՝ խոսելով թե՛ ձեռքբերումների, թե՛ ձախողումների մասին։ Ձախողումը չի նշանակում հանձնվել. դա սովորելու և առաջ շարժվելու պրոցես է։
Բիզնեսում ամենաթանկարժեք կապիտալը ոչ թե սարքավորումներն են կամ շենքերը, այլ մարդիկ՝ «յուքոմցիները»։ Իմ ամենօրյա մտքերն ուղղված են նրան, թե ինչպես կարող ենք բարելավել աշխատանքային միջավայրը, ինչ նոր արտոնություններ կամ մշակույթ ներդնել, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից հպարտությամբ զգա, որ ինքն այս մեծ ընտանիքի մի մասն է։

Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը և բնապահպանությունը
— Ucom-ը հաճախ է աչքի ընկնում բնապահպանական և սոցիալական նախաձեռնություններով։ Ինչքանո՞վ է դա կարևոր բիզնեսի համար։
Ռալֆ Յիրիկյան — Ես հավատում եմ, որ բիզնեսը միայն փող աշխատելու միջոց չէ։ Բիզնեսը ծնվում է շրջակա միջավայրից, և մենք իրավունք չունենք անտարբեր լինելու։ Եթե այսօր խնայենք ու պահպանենք բնությունը, վաղը այն մեզ կպարգևատրի մաքուր միջավայրով, հակառակ դեպքում՝ բնության պատժելու հետևանքների տակից դուրս գալը շատ դժվար կլինի։
Մենք՝ որպես տնտեսության մեջ ներդրում ունեցողներ, մեզ զգում ենք մեր երկրի «տնտեսական զինվորներ»։ 2006 թվականից ակտիվորեն զբաղվում եմ բնապահպանական հարցերով և տեսնում եմ, թե որքան է փոխվել մարդկանց մտածելակերպը ժամանակի ընթացքում։ Շուտով մեր գրասենյակներն ու միջավայրն էլ ավելի «կանաչ» տեսք կստանան, որովհետև մենք սիրում ենք մեր հայրենիքի բնությունը և ուզում ենք այն անթերի փոխանցել ապագա սերունդներին։
Հաջողության բանաձևն ու անձնական հավասարակշռությունը
— Դուք համարվում եք մեր երկրի ամենահայտնի և հաջողված բիզնես մենեջերներից մեկը։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։
Ռալֆ Յիրիկյան — Որքան էլ հաջողության հասնես, ինչքան էլ բարձր դիրքում լինես, պետք է միշտ մնաս պարզ մարդ։ Համեստ։ Քամիները չպետք է քեզ տանեն տարբեր ուղղություններով, քիթդ վերև չպետք է բարձրացնես։ Հավաքարարի հետ պետք է շփվես որպես հավաքարար, վարորդի հետ՝ որպես վարորդ, նախարարի կամ վարչապետի հետ՝ համապատասխանաբար։
Երբեք մի՛ մտածեք այլ ոլորտով, օրինակ՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին միայն այն պատճառով, որ հաջողակ եք բիզնեսում. դա մեծագույն սխալ է, որը կարող է փլուզել այն ամենը, ինչ կառուցել եք տարիներով։ Կենտրոնացե՛ք ձեր գործի վրա և ծառայեցրեք ձեր հնարավորությունները երկրի տնտեսական զարգացմանը։
— Հարցազրույցը սկսեցինք վաղ առավոտի մասին խոսելով։ Զրույցն ավարտենք օրվա վերջով։ Ե՞րբ եք որոշում, որ հանգստանալու ժամանակն է եւ ինչպես եք հանգստանում ու լիցքավորվում։
Ռալֆ Յիրիկյան — Հոգնածությունը հաղթահարելու համար օրական առնվազն 5-6 ժամ քունը խիստ անհրաժեշտ է։ Մարմինն ու միտքը պետք է լիցքաթափվեն։ Աշխատանքային օրվա ավարտին, երբ տուն եմ հասնում, անջատվում եմ աշխատանքային ռեժիմից (բացառությամբ այնպիսի իրավիճակների, որոնք անմիջապես պահանջում են միջամտություն)։ Շաբաթ-կիրակի օրերին նախընտրում եմ լինել ընտանիքիս հետ, ընկերներիս հետ, լինել բնության գրկում և այդպես լիցքավորվել նոր էներգիայով։
— Եվ ամենավերջում, ո՞րն է այն հարցը, որը երբեք Ձեզ չեն տվել, բայց կուզեիք, որ տային։
Ռալֆ Յիրիկյան — Նման կոնկրետ հարց չկա։ Ես միշտ պատրաստ եմ ցանկացած հարցի՝ լինի դա տնտեսության, առողջապահության, բնության, թե ընտանեկան կյանքի մասին։ Եվ երբեք չեմ ամաչում ասել, որ ինչ-որ բան չգիտեմ։ Լավ ղեկավարը չպետք է ամաչի սովորելուց, հարցնելուց կամ իր սխալներն ընդունելուց։ Առանց դրա հնարավոր չէ առաջ շարժվել։


