Վերջին շրջանի ուսումնասիրությունները շարունակաբար փաստում են, որ աշխատավայրերում հովանավորչության և նույնիսկ նեպոտիզմի դրսևորումները շատ ավելի տարածված են, քան կարելի էր ենթադրել, գրում է Inc.com-ը։ Այժմ նոր տվյալները հաստատում են, որ նույն պատկերն է նաև այն հարցում, թե ով է օգտվում արտոնյալ վերաբերմունքից։ Ըստ նոր հետազոտության՝ ընկերության կանոնների պահպանմանը հետևող ղեկավարներից շատերը խոստովանում են, որ հակված են ներողամիտ գտնվել ավելի արդյունավետ աշխատողների նկատմամբ, քան նրանց՝ ավելի ցածր ցուցանիշներ ունեցող գործընկերների։
Աշխատավայրում անհավասար վերաբերմունքի այս լրացուցիչ դրսևորումը հաստատվել է աշխատակիցների ստուգման և վերլուծության GCheck հարթակի կողմից անցկացված հարցման միջոցով, որին մասնակցել է ԱՄՆ-ի 2 893 աշխատակից և ղեկավար։ «Կատարողականի արտոնությունը» (The Performance Privilege) վերնագրով զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են շատ ղեկավարներ, ի վերջո, խախտում իրենց իսկ կողմից որդեգրված համընդհանուր քաղաքականությունը, ըստ որի՝ ներքին կանոնակարգի բոլոր հաստատված խախտումները պետք է հետաքննվեն՝ անկախ խախտում թույլ տված աշխատակցի անձից։ Այդ հետաքննությունների մոտ երկու երրորդն ավարտվում է պաշտոնական պատժամիջոցների կիրառմամբ։ Սակայն մնացած մեկ երրորդի դեպքում գործի են դրվում կողմնակալ՝ աշխատակցի արտադրողականության վրա հիմնված մոտեցումները։
«Խզումն առաջանում է մեկ որոշման կայացման փուլում. արդյոք տվյալ դեպքը՝ կոնկրետ այս մարդու համար, արժանի՞ է բացառության», — նշվում է զեկույցում։ Այս եզրակացությունը հիմնված է փորձարկումների վրա, որոնց ընթացքում մասնակից ղեկավարներին ներկայացվել են տարբեր արդյունավետություն ունեցող աշխատակիցների վերաբերյալ սցենարներ, որոնք միտումնավոր կերպով կրկնակի ծախսային հաշվետվություններ էին ներկայացրել։
«Ղեկավարների պատասխանների ընդհանուր պատկերում 44 տոկոսը բացառություն կաներ լավագույն ցուցանիշներ ունեցող աշխատակցի համար՝ ի տարբերություն նույն արարքը գործած միջին արդյունավետությամբ աշխատակցի, որի դեպքում բացառություն կաներ 33 տոկոսը», — արձանագրում է զեկույցը։ — «Սա նշանակում է, որ լավագույն աշխատակիցը մոտ 1,8 անգամ ավելի մեծ հավանականությամբ կարժանանա ներողամտության։ Յուրաքանչյուր ղեկավար գնահատել է իրավիճակի միայն մեկ տարբերակ, հետևաբար տարբերակների միջև ցանկացած տարբերություն պայմանավորված է բացառապես նրանով, թե ինչպես է նկարագրվել աշխատակիցը»։
Մեկը բռնվում է խախտման մեջ, մյուսը՝ թույլ է տալիս «անկեղծ սխալ»
Նույն կողմնակալությունն ի հայտ է եկել նաև այն սցենարներում, որոնք վերաբերել են կանոնների դեռևս չապացուցված խախտումներին։ Նման դեպքերում «ղեկավարների գրեթե 40 տոկոսը նշել է, որ լավագույն աշխատակցի պարագայում շատ հավանական է, որ տեղի է ունեցել անկեղծ սխալ», մինչդեռ միջին արտադրողականություն ունեցող աշխատակիցների դեպքում այդ ցուցանիշը կազմել է 24 տոկոս։
Անշուշտ, սուբյեկտիվությունը մարդկային բնույթի անբաժանելի մասն է։ Միևնույն ժամանակ, մարդկանց մեծ մասն ավելի հակված է զիջումների գնալ նրանց նկատմամբ, ում համարում է ավելի հաջողակ, հատկապես եթե այդ հաջողություններն օգուտ են բերում հենց գնահատողին։
Սակայն GCheck-ի գործադիր տնօրեն Հուման Ախավանը նշում է, որ կանոնների խախտման փորձնական դեպքերում բացահայտված արտոնյալ վերաբերմունքը կարող է խաթարել աշխատավայրում կանոնների հետևողական և արդյունավետ կիրառումը։ Ոչ պակաս վտանգավոր է նաև այն, որ դա կարող է խարխլել աշխատակազմի վստահությունն այդ գործընթացի նկատմամբ՝ չնայած ղեկավարների ընդհանուր հանձնառությանը։
«Ղեկավարներն իրենց լավագույն աշխատակիցների գործերը հետաքննում են նույնքան մանրակրկիտ, որքան մյուսներինը», — զեկույցում ասել է Ախավանը։ — «Տարբերությունն առաջանում է հաջորդ քայլում՝ արդյոք այս անգամ կանոնը շրջանցե՞լ հենց այս մարդու համար։ Այդ որոշումը պետք է ունենա փաստաթղթային հիմնավորում՝ գրավոր պատճառաբանություն յուրաքանչյուր բացառության համար, և ոչ միայն այն դեպքերի, որոնք ինչ-որ մեկը պատահաբար կասկածի տակ է դնում»։
Ի հակադրություն սրա՝ թեև ղեկավարների շրջանում հստակ նկատվել է առավել արդյունավետ աշխատողների համար բացառություններ անելու ավելի մեծ պատրաստակամություն, միջին և ցածր ցուցանիշներ ունեցող աշխատակիցների նկատմամբ նրանց վերաբերմունքը գրեթե նույնն է եղել։
Կանոնների այդ խախտումների դեպքում հարցմանը մասնակցած ղեկավարների 29 տոկոսն է կողմ արտահայտվել ցածր արդյունավետությամբ աշխատողների համար բացառություն անելուն, ինչը միայն փոքր-ինչ է զիջում միջին ցուցանիշներ ունեցող աշխատողների համար առաջարկված 33 տոկոսին։ Երկու խմբերի դեպքում էլ առաջարկվող պաշտոնական պատժամիջոցների ցուցանիշները գրեթե նույնն են եղել։
Ավելի մեծ տարբերություն, սակայն, ի հայտ է եկել տարբեր աշխատանքային ցուցանիշներ ունեցող աշխատակիցների խախտումները վերլուծելիս ղեկավարների կողմից բերվող հիմնավորումներում։
«Ցածր արդյունավետությամբ աշխատակցի գործով որոշում կայացնող ղեկավարների 41 տոկոսը մատնանշել է աշխատակցի նախկին աշխատանքային պատմությունը կամ վարքագծի ընդհանուր օրինաչափությունը՝ ի տարբերություն 24 տոկոսի, որոնք ուշադրություն են դարձրել բուն միջադեպի լրջությանը», — նշված է զեկույցում։ — «Ղեկավարները շատ ավելի են վստահում իրենց ամենաարդյունավետ աշխատակցի դատողությանը, քան ամենացածր ցուցանիշներ ունեցողին՝ 83 տոկոս՝ ընդդեմ 32 տոկոսի։ Հենց այդ վստահությունն է, որ ղեկավարը տեղափոխում է երկիմաստ իրավիճակների դաշտ՝ ավելի շատ, քան վերահսկողության որևէ այլ տարբերություն»։
Տարբերակված արտոնությունները խարխլում են վստահությունն աշխատավայրի կանոնների նկատմամբ
Աշխատակիցները նկատել են այս միտումը և հաշվի են առնում այն իրենց դիրքորոշումները ձևավորելիս։
Աշխատավայրում կանոնների հաստատված խախտման վերաբերյալ փորձնական սցենարներում հարցված աշխատակիցների 72 տոկոսը նշել է, որ ղեկավարներից ակնկալում է միատեսակ վերաբերմունք՝ անկախ տվյալ անձի արտադրողականության ցուցանիշներից։ Երբ այդ դեպքերը վերաբերել են լավագույն աշխատակիցներին, անաչառության ակնկալիքը նվազել է՝ հասնելով 62 տոկոսի։
Բացի նրանից, որ «կատարողականի արտոնության» էֆեկտն աշխատակազմի շրջանում առաջացնում է անարդարության և վիրավորվածության զգացում, խախտումների նկատմամբ անհետևողական վերաբերմունքը շատ աշխատակիցների համոզում է, որ աշխատավայրում տեղի ունեցող զանցանքների մասին բարձրաձայնելն անիմաստ է։ Եվ դա լուրջ խնդիր է։
Պատճառն այն է, որ սա վերաբերում է ոչ միայն համեմատաբար անվնաս խախտումներին, ինչպիսիք են վերջնաժամկետների բացթողումը, ուշանալը կամ գրասենյակային օրերին տնից աշխատելը։ Այն նաև հետ է պահում աշխատակիցներին ղեկավարության ուշադրությունը հրավիրել այնպիսի լուրջ իրավախախտումների վրա, ինչպիսիք են հաստատման պարտադիր ընթացակարգերի շրջանցումը, ընկերության միջոցների չարաշահումը, ինչպես նաև աշխատակիցների կողմից թունավոր վարքագիծը կամ ոտնձգությունները։
«Աշխատակիցները ցանկանում են մեկ միասնական կանոնագիրք, որը կիրառվում է նույն կերպ՝ անկախ նրանից, թե ով է սենյակում», — ընդգծել է GCheck-ի ղեկավար Ախավանը։ — «Դրան հասնելու առաջին քայլը յուրաքանչյուր բացառության պատճառը գրավոր արձանագրելն է, ներառյալ այն դեպքերը, որոնց վերաբերյալ ոչ ոք հարցեր չի բարձրացնում»։


