Հզոր բրենդները հուզական կապ են ստեղծում իրենց երկրպագուների հետ, և Ջեյմս Բոնդն այդպիսի հզոր բրենդ է։ Չնչին բացառություններով՝ Բոնդի մասին ֆիլմերը տասնամյակներ շարունակ համաշխարհային հիթեր են դարձել, թեև դրանք բոլորը պատմում են միևնույն ծանոթ պատմությունը՝ այն մասին, թե ինչպես է Բոնդը հաղթում համաշխարհային քաոս սպառնացող չարագործներին, գրում է Forbes-ը։ Դենիել Քրեյգի մասնակցությամբ Բոնդի ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում հավաքել են շուրջ 4 միլիարդ դոլար, այդ թվում՝ «Սքայֆոլը» (Skyfall), որը դարձավ 007 գործակալի մասին առաջին ֆիլմը, որը հատեց 1 միլիարդ դոլարի շեմը։ Իսկ վերջին՝ «Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) ֆիլմի հանդիսատեսի 43%-ը 35 տարեկանից ցածր երիտասարդներ էին։
Հնարավոր է՝ նրա գրավչության գաղտնիքը հենց իր անփոփոխ բնույթի մեջ է։ Մի մշակույթում, որտեղ առնականության մասին պատկերացումները մշտապես քննարկվում և վերանայվում են, Բոնդն առաջարկում է զարմանալիորեն կայուն ինքնություն։ Հանդիսատեսը հստակ գիտի, թե ով է նա։ Նա ներողություն չի խնդրում ո՛չ իր ցանկությունների, ո՛չ էլ իր մասնագիտության համար։
Անկրկնելի հմայքի գործոնը
Ջեյմս Բոնդը հմայիչ է ու տպավորիչ։ Իսկ այդ տեսակի հմայքը ժամանակից դուրս է։ Սպանելու նրա արտոնագիրը նրան իրավունք է տալիս ապրել ընդունված սահմաններից դուրս, և նա վայելում է նրբաճաշակ կյանքը՝ առանց ավելորդ ձևականությունների։ Դա արտահայտվում է նրա Aston Martin ավտոմեքենաներով, «թափահարած, բայց չխառնած» կոկտեյլներով, բակարա խաղալու վարպետությամբ և հնեցված Dom Pérignon շամպայնի հանդեպ նախասիրությամբ։ Դուք երբեք նրան չեք տեսնի հողաթափերով և էժանագին վիսկի խմելիս որևէ գետային լողացող խաղատանը։
Նա նաև սառնասիրտ վճռականությամբ է դիմագրավում վտանգին։ Նա վայելում է կյանքի լավագույն հաճույքները, որովհետև բրիտանական գաղտնի գործակալի վտանգավոր մասնագիտության բերումով նա կարող է ցանկացած պահի զոհվել։ Բոնդի մասին ֆիլմերը էկրան են բարձրացել ամենատարբեր ճգնաժամային ժամանակաշրջաններում՝ Վիետնամի պատերազմից մինչև COVID-19 համավարակը։ Նա հանդիսատեսին ցույց է տվել, թե ինչպես կարելի է վտանգին դիմակայել նրբագեղությամբ ու թեթևությամբ։ Նա վտանգը դարձնում է գրավիչ, իսկ մահկանացու լինելու փաստի անհոգ ընդունումը սահմանում է հմայքի այնպիսի չափանիշ, որին հանդիսատեսը կարող է միայն ձգտել։
Պարադոքսն այն է, որ Բոնդը մարմնավորում է վերաբերմունք և վարքագիծ, որոնք ժամանակակից մշակույթը հաճախ է կասկածի տակ դնում։ Կանանց հանդեպ նրա վերաբերմունքը, ամենաթողության զգացումը, բռնությանը դիմելու պատրաստակամությունն ու ավանդական առնականությունը բաց են քննադատության համար։ Այդուհանդերձ, հանդիսատեսը շարունակում է սիրել նրան։ Պատճառը թերևս այն է, որ մարդիկ Բոնդին պարտադիր չէ, որ ընկալեն որպես օրինակ, թե ինչպես պետք է իրենց պահեն տղամարդիկ։ Նրանք Բոնդին դիտարկում են որպես երևակայական կերպար այն մասին, թե ինչպես կարող էր ապրել տղամարդը, եթե ազատ լիներ առօրյա սահմանափակումներից։
Առաջին Բոնդը երբեք չի մոռացվում
Յուրաքանչյուր սերունդ ունի իր Բոնդը՝ այն մեկը, որի հետ հանդիսատեսն իրեն նույնականացնում է և որի հետ համեմատում է մյուս բոլորին։ Շոն Քոներին ճառագում էր առնականություն և դաժանություն, Ռոջեր Մուրն ավելի խաղային էր, իսկ Դենիել Քրեյգը՝ ավելի զգացմունքային, լարված և ֆիզիկապես հզոր. սրանք ընդամենը երեք օրինակ են։ Նոր դերասանի հայտնվելը պարտադիր չէ, որ թուլացնի հանդիսատեսի կապվածությունը նախորդ Բոնդի հետ։ Այն կարող է նույնիսկ ամրապնդել այդ կապը, ինչպես երևում է այն քննադատություններից, թե Ռոբերտ Փաթինսոնը երբեք չի կարող համեմատվել «իրենց» Բոնդի հետ։
Յուրաքանչյուր նոր դերասան երիտասարդ սերնդին տալիս է սեփականության զգացում մի կերպարի նկատմամբ, որը գոյություն է ունեցել իրենց ծնվելուց շատ առաջ։ Բոնդը դառնում է նրանց սեփական մշակութային փորձառության մի մասը, այլ ոչ թե պարզապես ծնողներից ժառանգած ինչ-որ բան։ Հենց սա է պատճառը, որ Amazon-ն այդքան մեծ խաղադրույք է կատարում Ռոբերտ Փաթինսոնի վրա։ Նա ծանոթ ու հարազատ է Z սերնդին և միլենիալներին, որոնք կարող են նրան ընդունել որպես իրենց սեփական Բոնդի։
Սակայն Փաթինսոնի ընտրությունը խախտում է ավանդույթը, ըստ որի՝ Բոնդի դերի համար ընտրվում էին քիչ հայտնի դերասաններ, որպեսզի նրանց անձնական համբավը չստվերի կերպարին։ Մինչդեռ Փաթինսոնը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, այդ թվում՝ «Մթնշաղ» (Twilight) հանրահայտ կինոշարքի հինգ ֆիլմերում, որտեղ նա մարմնավորում էր վամպիր Էդվարդ Քալենին այն նույն տարիներին, երբ Դենիել Քրեյգը փրկում էր աշխարհը որպես 007 գործակալ։
Քանի որ նա արդեն իսկ աստղ է, Փաթինսոնն իր հետ բերում է որոշակի «բեռ»։ Նրա քննադատները հիմնականում բաժանվում են երկու ճամբարի. նրանք, ում դուր չի գալիս նրա դերասանական խաղը, և նրանք, ովքեր նրան այնքան ուժեղ են նույնացնում «Մթնշաղի» նման ֆիլմերի հետ, որ չեն կարողանում պատկերացնել Բոնդի դերում։ Իսկ նրա կողմնակիցները տեսնում են խարիզմա, ռիսկի դիմելու պատրաստակամություն և մռայլ, նույնիսկ անհանգստացնող խորություն։ Ռոբերտ Փաթինսոնը նույն հաջողությամբ կարող էր մարմնավորել Բոնդին սպանելու ուղարկված վարձու մարդասպանի, ինչն էլ նրան դարձնում է շատ հարմար 007-ի դերի համար՝ մի մարդու, որը սպանում է առանց վարանելու։
Նրա ընտրության շուրջ ծավալված վեճերը փաստում են, որ հանդիսատեսն ունի խորապես արմատավորված սպասելիքներ Բոնդի նկատմամբ։ Այդ սպասելիքները դիմակայել են յոթ տասնամյակների, բազմաթիվ դերասանների փոփոխության և հսկայական մշակութային տեղաշարժերի։
Աշխարհը փոխվում է, Ջեյմս Բոնդը՝ ոչ
Բրոկոլի ընտանիքը, որը վերահսկում էր Բոնդի ֆրանշիզը մինչև Amazon-ի կողմից ստեղծագործական վերահսկողության ստանձնումը, կատարեց կարևոր շտկումներ՝ Բոնդի տիեզերքն ավելի ժամանակակից դարձնելու համար, բայց առանց հիմնովին փոխելու հենց Բոնդին։
1995 թվականին «Ոսկե աչքը» (GoldenEye) ֆիլմից սկսած՝ Բոնդի վերադասի՝ M-ի դերում ընտրվեց Ջուդի Դենչը։ Նա երբեմն առերեսվում էր Բոնդի հետ նրա սեքսիզմի և հնացած հայացքների պատճառով՝ մի անգամ նրան անվանելով «սեքսիստ, կնատյաց դինոզավր»։ Նրանց հարաբերությունները բարդ էին, բայց խորապես հիմնված էին փոխադարձ հարգանքի վրա։ Նրանց սրամիտ երկխոսություններն արտացոլում էին տղամարդկանց և կանանց նկատմամբ փոխվող պահանջները՝ առանց Բոնդից պահանջելու հրաժարվել իր անհատականությունից։
Բոնդի մասին ֆիլմերը դարձան նաև ավելի բազմազան. սևամորթ դերասանները ստացան առանցքային դերեր, այդ թվում՝ Ջեֆրի Ռայթը՝ որպես ԿՀՎ գործակալ Ֆելիքս Լեյթեր, Նաոմի Հարիսը՝ որպես Մանիփենի, և Լաշանա Լինչը՝ որպես 007 գործակալ Նոմի՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմում։ Այդ ֆիլմում Նոմին կարողանում է մասնագիտորեն հավասարվել Բոնդին, մարտահրավեր նետել նրա հեղինակությանը և, ի վերջո, աշխատել նրա հետ կողք կողքի։
Երկրորդական կերպարները նույնպես ստացան ավելի խորը զարգացում։ Մանիփենին, որը տարիներ շարունակ ներկայացվում էր որպես M-ի կոկետ օգնական, Հարիսի կատարմամբ վերածվեց հմուտ դաշտային օպերատիվ աշխատակցի՝ իր սեփական մասնագիտական դիմագծով։ Բրիտանական հետախուզության տեխնոլոգիական փորձագետ Q-ն դարձավ ավելի երիտասարդ և բազմակողմանի կերպար։ Բեն Ուիշոուի մարմնավորած Q-ն ի վիճակի էր մարտահրավեր նետել Բոնդի ավանդական մեթոդներին և տեխնոլոգիաների հանդեպ նրա թերահավատությանը։ «Համարձակվում եմ ասել, որ ես առավոտյան գիշերազգեստով նստած՝ նախքան իմ առաջին բաժակ Earl Grey թեյը խմելը, իմ նոութբուքով կարող եմ ավելի մեծ վնաս հասցնել, քան դուք՝ մեկ տարվա դաշտային աշխատանքի ընթացքում»,— ասում է նա Բոնդին «Սքայֆոլում» նրանց առաջին հանդիպման ժամանակ։Չարագործները նույնպես էվոլյուցիա ապրեցին՝ Սառը պատերազմի հակառակորդներից վերածվելով ահաբեկիչների, մեդիամագնատների, կիբերհանցագործների և ժամանակակից մտահոգություններն արտացոլող այլ սպառնալիքների։ Փոխվեցին նաև Բոնդի կյանքի կանայք։ Այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Վեսպեր Լինդը և Մադլեն Սուոնը, դարձան Բոնդի հուզական կյանքի առանցքային մասը, այլ ոչ թե պարզապես ռոմանտիկ զվարճանքներ։
Սակայն Բրոկոլի ընտանիքը նաև հասկանում էր ծիսակարգի կարևորությունը։ Ատրճանակի փողի միջով բացվող հայտնի տեսարանը, թեմատիկ երաժշտությունը, շքեղության տարրերը և «Բոնդ։ Ջեյմս Բոնդ» ներկայանալու ձևը դարձան բրենդի ճանաչելի խորհրդանիշներ։ Այս ծանոթ տարրերը հանդիսատեսին վստահություն էին ներշնչում, որ ինչ էլ փոխվի, իրենք դեռևս դիտում են Ջեյմս Բոնդ։
Ջեյմս Բոնդը՝ Amazon-ի դարաշրջանում
Amazon-ի ղեկավարության ներքո Բոնդը կանգնած է որոշիչ պահի առաջ։ Բրոկոլի ընտանիքը պահպանել էր այս բացառիկ արժեքավոր կինոնախագիծը՝ պաշտպանելով դրա կենտրոնական կերպարին։ Դա էլ բացատրում է, թե ինչու է Փաթինսոնի ընտրությունն այդքան հակասական ընդունվել։ Բոնդի ավանդապաշտ երկրպագուների համար արդեն իսկ հայտնի աստղի ընտրությունը հուշում է, որ Amazon-ը խուսափում է ռիսկից։ Իրավիճակին չօգնեց նաև Ջեֆ Բեզոսի հայտարարությունն այն մասին, որ ինքն անձամբ է ակտիվորեն ներգրավված եղել Փաթինսոնի ընտրության հարցում (նույն Բեզոսը, որը ժամանակին հայտնի դարձավ իր՝ «Երբ մենք «Ոսկե գլոբուս» ենք շահում, դա օգնում է մեզ ավելի շատ կոշիկ վաճառել» արտահայտությամբ)։
Այնուամենայնիվ, Amazon-ը հնարավորություն ունի շարունակելու Բոնդի ժառանգությունը։ Հաջորդ ֆիլմի ռեժիսորի պաշտոնում Դենի Վիլնյովի ընտրությունը հուսադրող է։ «Սիկարիո» (Sicario), «Սայրի վազորդ 2049» (Blade Runner 2049) և «Դյունա» (Dune) ֆիլմերի ռեժիսորն ապացուցել է բարոյապես բարդ կերպարներ բացահայտելու և միաժամանակ տեսողական առումով տպավորիչ ֆիլմեր ստեղծելու իր կարողությունը։ Նա արդեն աշխատել է Փաթինսոնի հետ, որը չարագործի դեր է խաղում սպասվող «Դյունա. Մաս երրորդ» ֆիլմում։ Վիլնյովի ռեժիսորական զգացողությունները կարող են հատկապես համահունչ լինել հոգեբանորեն բարդ ու խոցելի կերպարներ մարմնավորելու Փաթինսոնի կարողությանը։ Սակայն Amazon-ը կանգնած է նաև մի գայթակղության առջև, որին Բրոկոլի ընտանիքը սովորաբար դիմադրում էր՝ շահագործել Բոնդի կերպարը բազմաթիվ կողմնակի նախագծերի և առևտրային հնարավորությունների միջոցով։
Բոնդի հաջորդ ֆիլմից շատ բան է կախված՝ ճիշտ այնպես, ինչպես «Կազինո Ռոյալը» (Casino Royale) փորձաքար դարձավ Դենիել Քրեյգի համար, որի ընտրությունը սկզբում լայնորեն քննադատվում էր, մինչև որ նա նվաճեց հանդիսատեսի սիրտը։ Amazon-ի գլխավոր մարտահրավերն է Բոնդին հաղորդել թարմ շունչ՝ առանց փոխելու այն, ինչի համար հանդիսատեսը սիրել է նրան վերջին 73 տարիների ընթացքում։


