ABNews

Հորմուզի նեղուցով տարանցումը կրճատվել է մինչև օրական հինգ նավ

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 11:39

Հորմուզի նեղուցով տարանցումը կրճատվել է մինչև օրական հինգ նավ

Անցած շաբաթավերջին բեռնով Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը կրճատվել է մինչև օրական հինգ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով նավագնացության տվյալներին։

Միևնույն ժամանակ նշվում է, որ նեղուցով փաստացի անցած նավերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ դրանցից մի քանիսը կարող էին անջատել իրենց ավտոմատ նույնականացման համակարգերը՝ հարձակումներից խուսափելու համար։

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից առաջ՝ փետրվարի վերջին, Հորմուզի նեղուցով անցնում էր համաշխարհային նավթի արտահանման գրեթե 20%-ը։

Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Հորմուզի նեղուցի ուղղությամբ անցնելու ժամանակ օմանական նավահանգստից 12 ծովային մղոն հյուսիս նավթատար տանկեր է ենթարկվել հարձակման։

Բացի այդ, ամերիկյան զինված ուժերը հարված են հասցրել Լարեկ կղզում գտնվող իրանական ռազմական թիրախներին՝ կանխելու Հորմուզի նեղուցի ականապատման փորձը, հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցչին։

«Ամերիկյան ուժերը հարված են հասցրել Լարեկ կղզում գտնվող իրանական երկու արձակման կայանների։ Նկատվել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը պատրաստվում էին Հորմուզի նեղուց արձակել ծովային ականներով հրթիռներ», - հայտարարել է CENTCOM-ի ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսը։ Նա հավելել է, որ ամերիկյան ուժերը «ուշադիր հետևում են տարածքին և շարունակում են պատրաստ մնալ պաշտպանելու ապրանքների ազատ տեղաշարժը»։

Միևնույն ժամանակ ԻՀՊԿ-ի հետ կապվող Tasnim գործակալությունը հայտնել է, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքով, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։

Ի պատասխան՝ Իրանը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանի տարածքում գտնվող ամերիկյան երկու ավիաբազաների վրա։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը