Կիրակի օրվանից՝ նոյեմբերի 1-ից, Եվրամիությունը սկսում է 2 եվրո վճար գանձել ԵՄ շուկա մուտք գործող բոլոր ծանրոցների համար՝ անկախ դրանց արժեքից։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նոր վճարը գանձվելու է ի լրումն հուլիսից գործող՝ 150 եվրոյից պակաս արժողությամբ փոքր ծանրոցների համար սահմանված 3 եվրո մաքսատուրքի։ Միջոցառումը ժամանակավոր բնույթ ունի և կգործի մինչև 2028 թվականը։
Ինչու է դա կարևոր. Բրյուսելը խստացնում է կանոնները չինական առցանց հարթակներից (Temu, Shein, AliExpress) մատակարարումների սրընթաց աճի ֆոնին։ 2024թ. ԵՄ մուտք գործող փոքր ծանրոցների 91%-ը բաժին էր ընկնում Չինաստանին (օրական մոտ 5 միլիոն առաքանի)։ Նոր վճարի նպատակն է ծածկել եվրոպական մաքսային ծառայությունների ծախսերը, պաշտպանել տեղական մանրածախ առևտուրը և ուժեղացնել պայքարը չափանիշներին չհամապատասխանող ապրանքների դեմ։
Նոր կարգավորման առանցքային մանրամասները.
Վճարի բաշխումը. Վճարը վճարելու են առևտրային հարթակները, վաճառողները կամ փոխադրողները։ Մուտքերի 75%-ը կուղղվի ԵՄ բյուջե, իսկ 25%-ը՝ անդամ երկրներին։
Շուկայի արձագանքը. Հուլիսին սահմանված 3 եվրո մաքսատուրքի արդյունքում հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԵՄ մուտք գործած փոքր ծանրոցների թիվն արդեն նվազել է 60%-ով, սակայն ծավալները շարունակում են բարձր մնալ։
Տուգանքներ և հետաքննություններ.
Temu. Մայիսին Եվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ վտանգավոր մանկական խաղալիքների և անսարք լիցքավորիչների պատճառով։
Shein. Ընկերության նկատմամբ ընթանում է հետաքննություն՝ արգելված արտադրանքի վաճառքի առնչությամբ։
Իրավական պատասխանատվություն. Սեպտեմբերին առաջարկվել է պարտավորեցնել ԵՄ-ում գործող տնտեսվարողին իրավական պատասխանատվություն կրել ներմուծվող արտադրանքի անհամապատասխանության համար։


