Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությանը։ Ինչպես հայտնում է The Times of Israel թերթը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին, Թել Ավիվը «շատ լուրջ» է վերաբերվում Անկարայից հնչող սպառնալիքներին և մտադիր է այդ հարցը բարձրացնել Միացյալ Նահանգների ղեկավարության առջև։
«Հազիվ թե մի օր անցնի, որ Էրդողանը չկոչ անի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե մեր ժողովրդի պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, ապա այն, որ երբ ինչ-որ մեկը ասում է, թե մտադիր է ոչնչացնել քեզ, դրան պետք է լուրջ վերաբերվել»,- հայտարարել է Նեթանյահուն նախարարների կաբինետին։
Իսրայելի վարչապետը հավելել է, որ հրեական պետությունը չի պատրաստվում անտեսել այս հայտարարությունները և ուղղակիորեն դիմելու է ամերիկացի դաշնակիցներին՝ Թուրքիայի վրա ճնշումներն ավելացնելու նպատակով։
Էսկալացիայի ժամանակագրությունը և Թրամփի գործոնը
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ հրահրված պատերազմի սկզբից ի վեր Էրդողանը մնում է Իսրայելի ամենակոշտ արտասահմանյան քննադատներից մեկը։ Այս ամսվա սկզբին Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ էր արել «ազատագրել» Երուսաղեմը, իսկ ավելի վաղ՝ 2025 թվականի մարտին, Ռամադանի ավարտին, Էրդողանն աղոթքի ժամանակ բացահայտ անեծքներ էր հնչեցրել «սիոնիստական Իսրայելի» հասցեին։
Այս ֆոնին իրավիճակն էլ ավելի է բարդանում Վաշինգտոնից ստացվող ազդակների պատճառով։ Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել էր, որ Թուրքիան կարող է Իրանի կողմից ներգրավվել հնարավոր ամերիկա-իսրայելական պատերազմում, քանի որ «չի սիրում Իսրայելին»։ Չնայած Անկարան ռազմական ոչ մի նախապատրաստություն չի տեսնում, Թրամփը միևնույն ժամանակ հասկացրել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ պատրաստում է Թուրքիային F-35 ցածր նկատելիությամբ կործանիչների և ավիացիոն շարժիչների վաճառքի խոշոր գործարք։ Սպառազինման այս հեռանկարն արդեն մի քանի ամիս է, ինչ խորը տագնապ է առաջացնում Երուսաղեմում, որը ձգտում է տարածաշրջանում պահպանել իր որակական ռազմական առավելությունը (QME)։

