ABNews

ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Լուրեր | 2026/07/01 17:19

ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, պաշտոնապես ուժի մեջ է մտել Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև կնքված նոր ծավալուն առևտրային համաձայնագիրը, որը արմատապես փոխում է երկու հսկաների միջև տնտեսական հարաբերությունների կանոնները։ Նոր իրավակարգավորումների համաձայն՝ ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ ԵՄ-ում այսուհետ մաքսատուրքեր չեն գործի, մինչդեռ եվրոպական արտադրանքի նկատմամբ ԱՄՆ-ում կկիրառվի 15 տոկոս մաքսատուրք:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է համաձայնագրի մեկնարկը՝ այն որակելով չափազանց դրական քայլ անդրատլանտյան գործընկերության համար:

«Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ արդյունաբերական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը։ Սա լավ լուր է տրանսատլանտյան առևտրի համար։ Ավելի շատ կանխատեսելիություն։ Ավելի շատ ընտրություն։ Ավելի լավ գներ ԵՄ բիզնեսների և սպառողների համար»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ հավելելով, որ այս հարաբերությունները մնում են «աշխարհում ամենաարժեքավորը»։

750 միլիարդ դոլարի էներգետիկ պարտավորություն

Մաքսային դրույքաչափերի փոփոխությունից բացի, փաստաթուղթը պարունակում է նաև ռազմավարական նշանակության էներգետիկ բաղադրիչ։ Ըստ ստանձնած պարտավորության՝ Եվրամիությունը պետք է մինչև 2028 թվականը Միացյալ Նահանգներից գնի ընդհանուր առմամբ 750 միլիարդ դոլարի էներգառեսուրսներ, ինչը էլ ավելի կմեծացնի ամերիկյան հեղուկացված բնական գազի (LNG) և նավթի մասնաբաժինը եվրոպական շուկայում։

Թրամփի պահանջն ու Անկախության օրվա վերջնաժամկետը

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը տվյալ օրինագիծը հաստատել էր վերջերս՝ հունիսի 16-ին։ Համաձայնագրի հապճեպ ուժի մեջ մտնելը պայմանավորված է նաև Վաշինգտոնի քաղաքական ճնշմամբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ-ից խստորեն պահանջել էր, որպեսզի բոլոր իրավական ընթացակարգերն ավարտվեն և փաստաթուղթն ուժի մեջ մտնի մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը, ինչը խորհրդանշական նվեր կլինի ամերիկյան տնտեսության համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը