Հայաստանի ֆոնդային բորսան այսօր նշում է կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման 25-ամյակը՝ ամփոփելով անցած քառորդ դարի կարևոր ձեռքբերումները և միաժամանակ ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։ Ֆինանսական ոլորտի այս նշանակալի իրադարձության շրջանակներում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ տարածաշրջանային նշանակության համաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար փորձագետների, միջազգային և տարածաշրջանային ֆոնդային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ներդրումային և ֆինանսական կազմակերպությունների, դեսպանների, ինչպես նաև պետական բարձր մակարդակի պաշտոնյաների՝ ավելի քան 16 երկրներից։
Հատկանշական էր, որ միջոցառման բացումը իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորեց Հայաստանի ֆոնդային բորսայի դերը տնտեսության զարգացման գործում։ Նախագահի ներկայությունը ևս մեկ կարևոր ազդակ է մեր միջազգային գործընկերների և ներդրողների համար, որ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ կառավարության օրակարգում իր ուրույն տեղն ունի։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի իր խոսքում ընդգծեց Բորսայի 25-ամյա գործունեության առանցքային դերն ու նշանակությունը երկրի ֆինանսական համակարգի կայացման, միջազգային կապերի խորացման և տարածաշրջանային ինտեգրման գործում։ Նրա խոսքով, այս հոբելյանը ոչ միայն անցած ուղին արժևորելու հիանալի առիթ է, այլև նոր հեռանկարներ ուրվագծելու և պետական նշանակության բարեփոխումների սկիզբ դնելու հնարավորություն է։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին՝ միջոցառմանը միանալու համար։ Նա մասնավորապես շեշտեց, որ նրանց ներկայությունն այս միջոցառմանը վկայում է Հայաստանի՝ համաշխարհային ֆինանսական էկոհամակարգում լիարժեք և վստահելի անդամի կարգավիճակի աճի մասին։ Նա նաև ընդգծեց, որ երկրի բարձրագույն ղեկավարության՝ Հայաստանի Հանրապետության նախագահի և Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությունն այս միջոցառմանը ևս կարևոր ազդակ է միջազգային գործընկերների համար։ Նրա խոսքով՝ դա վկայում է Հայաստանի պատրաստակամության մասին՝ զարգացնելու կապիտալի շուկան և արդիականացնելու ֆինանսական ենթակառուցվածքները։
Գործունեության 25 տարիների ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան ձևավորվել է որպես ֆինանսական առանցքային ենթակառուցվածք՝ կապելով թողարկողներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին՝ նպաստելով շուկայի թափանցիկությանը, նորարարությանը և կայուն աճին։ Անցնելով կայացման և զարգացման կարևոր ճանապարհ՝ այսօր ընկերությունը տրամադրում է վստահելի և գրավիչ հարթակ տեղական ու միջազգային ներդրումների և համագործակցությունների համար։
Վերջին 25 տարիների ընթացքում Բորսան անցել է խորքային վերափոխումների ճանապարհ՝ զարգացնելով շուկայի ենթակառուցվածքները, բարձրացնելով թափանցիկության և կառավարման ստանդարտները, ընդլայնելով ներդրումային հասանելիությունը և ամրապնդելով միջազգային համագործակցությունները։
Համաժողովի ընթացքում հիմնական ելույթներով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ընդգծելով կապիտալի շուկաների զարգացման, ֆինանսական կայունության և ներդրումային միջավայրի բարելավման կարևորությունը, և «Կամերտուն Բազմաֆունկցիոնալ համալիր»-ի հիմնադիր, կառավարիչ գործընկեր Դավիթ Թավադյանը՝ անդրադարձ կատարելով տնտեսական աճի և ներդրումային միջավայրի զարգացման ժամանակակից մարտահրավերներին։
Միջոցառման ընթացքում անցկացվեցին թեմատիկ պանելային քննարկումներ, որոնք միավորեցին ոլորտի հեղինակավոր փորձագետներին, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին և կապիտալի շուկաների առաջատար դերակատարներին՝ անդրադառնալու ոլորտի զարգացման հիմնական միտումներին, մարտահրավերներին և ապագայի հնարավորություններին։ Մասնավորապես, «Capital Markets as a Bridge for Economic Connectivity» խորագրով առաջին պանելային քննարկման առանցքում էին տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, ներդրումային միջավայրի ընդլայնումն ու միջազգային համագործակցության խորացումը։ Մասնակիցները ներկայացրին տարբեր երկրների փորձը՝ ընդգծելով կապիտալի շուկաների փոխկապակցվածության կարևորությունը և ներդրումային հոսքերի ակտիվացման անհրաժեշտությունը գլոբալ տնտեսական համագործակցության համատեքստում։
Կարևորելով պետական քաղաքականության և կարգավորող դաշտի առանցքային դերը տնտեսական աճի խթանման և ինտեգրման գործընթացներում՝ «Regulation and Policy as Enablers of Economic Growth and Cross-Border Integration» խորագրով երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր կապիտալի շուկաների զարգացման, ներդրողների վստահության ամրապնդման և միջազգային ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև օրենսդրական բարեփոխումներին, շուկայի թափանցիկության ապահովման և տարածաշրջանային ինտեգրման հեռանկարներին։
Կապիտալի շուկաների զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն թվային տեխնոլոգիաների արդիականացումը և ֆինանսական ոլորտում նորարարական լուծումների ներդրումը, որի շրջանակում էլ տեղի ունեցավ երրորդ՝ «The Future of Capital Markets: Fintech and Digital Transformation» խորագրով պանելային քննարկումը՝ ուղղված նորարարական լուծումների ներդրմանը, շուկաների արդյունավետության բարձրացմանը և ներդրումային միջավայրի արդիականացման հարցերին։ Մասնակիցները, մասնավորապես, անդրադարձ կատարեցին ֆինթեք էկոհամակարգի զարգացման հեռանկարներին, թվային գործիքների կիրառման ընդլայնմանը և կապիտալի շուկաների թվայնացման համաշխարհային միտումներին։
Համաժողովի եզրափակիչ՝ «Exchange Innovations: Crypto, Tokenization & Blockchain in Capital Markets» խորագրով պանելային քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձ կատարեցին բլոկչեյն տեխնոլոգիաների, ակտիվների տոկենիզացիայի և կրիպտո լուծումների ազդեցությանը կապիտալի շուկաների զարգացման գործում՝ մասնավորապես ընդգծելով նորարարական փոխանակման հարթակների ձևավորման, թվային ակտիվների կարգավորման և կիրառման հեռանկարները, ինչպես նաև բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով շուկաների թափանցիկության և արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Կապիտալի շուկաների ենթակառուցվածքային համագործակցության զարգացման և տարածաշրջանային ֆինանսական ինտեգրման խորացման նպատակով՝ միջոցառման շրջանակներում Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր (MoU)՝ ապահովելու կապիտալի շուկաների միջև փոխադարձ հասանելիությունը Tabadul Hub հարթակի միջոցով։ Սա կարևոր նախաձեռնություն էր, որը կընդլայնի Հայաստանի կապիտալի շուկայի հասանելիության շրջանակները՝ ստեղծելով նոր ներդրումային հնարավորություններ։ Միաժամանակ, կարևորելով ոլորտային համագործակցության զարգացումը՝ միջոցառման շրջանակներում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանի կողմից ստորագրվեցին կարևոր ռազմավարական համագործակցության պայմանագրեր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (CDA) և Ղազախստանի ITS-ի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (CDA) և Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև։ Այս պայմանագրերը կարևոր նշանակություն ունեն արժեթղթերի շուկաների հասանելիության ընդլայնման և տարածաշրջանային ֆինանսական ինտեգրման խորացման տեսանկյունից։
Հատկանշական է, որ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան (AMX) կազմակերպել են կապիտալի շուկայի ոլորտում լավագույն ձեռքբերումների և ներդրումների գնահատմանն ուղղված ամենամյա «AMX Awards» մրցանակաբաշխությունը, որը այս անգամ անցկացվել է բորսայի հիմնադրման 25-ամյակի միջոցառման շրջանակում։ Մրցանակաբաշխությունը, մասնավորապես, նպատակ ուներ արժևորելու այն կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, ֆինանսական ենթակառուցվածքների ամրապնդման և ներդրումային միջավայրի բարելավման գործում։
Ամփոփելով նախորդ՝ 2025 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 12 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում կապիտալի շուկայում ծավալել են ակտիվ գործունեություն՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 2 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:
Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջոցառումը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի գնահատման, այլև զարգացման նոր ուղիների ու հեռանկարների ընդգծման կարևոր հարթակ։ Այն ևս մեկ անգամ ընդգծեց կապիտալի շուկայի դերը երկրի ֆինանսական համակարգի ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներում, իսկ միջոցառման ընթացքում ձևավորված քննարկումներն ու ձեռք բերված համաձայնությունները վկայում են ոլորտի շարունակական արդիականացման և նորարարական լուծումների ներդրման պատրաստակամության մասին։
*գովազդ

