ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առևտրանավերին, բեռներին կամ դրանց հետ կապված գույքին պատճառված ցանկացած վնաս կփոխհատուցվի իրանական ակտիվների հաշվին, որոնք սառեցված են և գտնվում են ԱՄՆ վերահսկողության ներքո։
Համապատասխան հայտարարությունն ԱՄՆ առաջնորդը հրապարակել է Truth Social սոցցանցում։
«Այս հայտարարությունը ծառայում է որպես ծանուցում այն մասին, որ այս պահից և մինչև նոր ցուցումներ ստանալը, նավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ այլ բանի պատճառված ողջ և ցանկացած վնաս կվճարվի ԱՄՆ տնօրինության տակ գտնվող և նրա կողմից վերահսկվող իրանական միջոցներից։ Այդ վնասը կարող է շատ զգալի լինել, բայց և այնպես, սա արդար և հիմնավորված քայլ է», - գրել է Թրամփը։

