Իլոն Մասկի հայտարարությունից երեք ամիս անց, ըստ որի՝ Grok արհեստական բանականությունը թողարկելու է «Ոդիսականի» լիամետրաժ և «պատմականորեն ճշգրիտ» ֆիլմը, ընկերությունը հանրության դատին է հանձնել ընդամենը յոթ րոպեանոց տեսանյութ։ Այն այժմ անվանում են «մեր «Ոդիսական» սերիալի 1-ին էպիզոդ», գրում է TechCrunch-ը։
Ավելի վաղ Մասկը խիստ քննադատության էր ենթարկել Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» էկրանավորումը, քանի որ Նոլանը ֆիլմում ներգրավել էր այլասերունդ (ոչ սպիտակամորթ) և տրանսգենդեր դերասանների։ Նոլանն, ըստ էության, Մասկի կատարյալ հակապատկերն է. մինչ SpaceX-ի և Tesla-ի ղեկավարը գովազդում է տիեզերական տվյալների կենտրոններն ու անդադար հրապարակում ԱԲ-ով ստեղծված բովանդակություն, Նոլանն իրեն անվանում է «տեխնո-սկեպտիկ» և նշում, որ մինչ արհեստական բանականությունը երբևէ չի տեսել մի տեխնոլոգիա, որն «այսքան ամբողջությամբ մերժվի հանրության կողմից»։
Թեև Նոլանի «Ոդիսականում» անշուշտ առկա են բազմաթիվ տեսողական էֆեկտներ, այն նախևառաջ իրական ռեժիսուրայի և կինոարտադրության հաղթանակ է՝ վեց երկրներում իրականացված նկարահանումներով և հազարավոր դերասաններով ու նկարահանող պրոֆեսիոնալ թիմով։ Հուլիսյան պրեմիերայից հետո ֆիլմը գրանցեց անհավանական դրամարկղային հաջողություն՝ ամիսներ շարունակ վաճառելով Imax դահլիճների բոլոր տոմսերը և դառնալով «Օսկար» հաջորդ մրցանակաբաշխության գլխավոր հավակնորդը։
Ինչ վերաբերում է Grok-ի «Ոդիսականին» (որը ստեղծվել է Wonder Studios-ի և ռեժիսոր Դև Ուոքերի հետ համագործակցությամբ), դե ինչ, կարող եք ինքներդ դիտել և դատել։
Խոստովանեմ, այն այնքան տհաճ ու տգեղ չէ, որքան սպասում էի, և անկասկած ավելի տպավորիչ է, քան Մասկի վերջին հրապարակած մյուս տեսանյութերը։ Եթե իրականությունը չիմացողի պես նայեի, որոշ դրվագներում կարող էր թվալ, թե իսկական դերասաններն են նավարկում իրական ծովով։ Եվ թեև չեմ կարող պնդել Grok-ի պատմական ճշգրտության մասին, ակնհայտ է, որ որոշակի շեղումներ եղել են, քանի որ ոչ ոք չի խոսում հին հունարենով։ Փոխարենը՝ բոլոր կերպարներն ունեն Մասկի կողմից «հաստատված» մաշկի գույն, իսկ կադրից դուրս ձայնն օգտագործում է բրիտանական ակցենտ, որը ծանոթ կթվա ցանկացած մեկին, ով վերջին 25 տարում ֆենթեզի վիդեոխաղ է խաղացել կամ հոլիվուդյան էպիկական ֆիլմ դիտել։
Սակայն այն, ինչ իսկապես պակասում է այս ֆիլմաշարին, արվեստի, ներշնչանքի կամ մարդկային հույզի իսպառ բացակայությունն է։ Նախապատմությունը, որը ներկայացվում է վերոնշյալ կադրից դուրս ձայնով, թվում է անվերջանալի, որին ի վերջո հաջորդում են միմյանց փոխարինող մորուքավոր դեմքեր։ Նրանք արտասանում են արհեստական ու կեղծ երկխոսություններ, որոնց ֆոնին Նոլանի ֆիլմի նույնիսկ վիճելի երկխոսությունները («Մեր բրոնզե դարաշրջանը կործանվում է»․․․) հնչում են Շեքսպիրի գլուխգործոցների պես։
Թեև առանձին կադրեր կարող են ստեղծել իրականության բավականին մոտ նմանակում, ընդհանուր առմամբ տեսանյութը թողնում է անօդ ու անշունչ տարածության տպավորություն։ Այն դիտողին չի փոխանցում ոչ մի դինամիկա և չի տալիս էկրանին տեղի ունեցող իրադարձություններով կամ կերպարներով մտահոգվելու որևէ պատճառ։ Եվ եթե Նոլանի շուրջ երեքժամանոց «Ոդիսականը» դիտելիս ես ոչ մի վայրկյան չեմ կորցրել ուշադրությունս, Grok-ի տարբերակի դեպքում՝ դեռ կեսին չհասած, արդեն ձանձրույթով ստուգում էի, թե որքան ժամանակ է մնացել։ Եթե սա լիներ վիդեոխաղի միջանկյալ տեսարան (cutscene), ես անկասկած կսեղմեի «բաց թողնել» (skip) կոճակը։


