ABNews

Առաջինը ԱՄՆ պատմության մեջ. Ինչպե՞ս է Թրամփի ընտանեկան կրիպտոընկերությունը ստանում սեփական բանկը

Միջազգային անցուդարձ | 2026/08/17 15:27

Առաջինը ԱՄՆ պատմության մեջ. Ինչպե՞ս է Թրամփի ընտանեկան կրիպտոընկերությունը ստանում սեփական բանկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող World Liberty Financial կրիպտոարժութային ընկերությունը կարևոր քայլ է կատարել ֆինանսական համակարգում սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Կարգավորող մարմնից՝ Արժույթի վերահսկիչի գրասենյակից (OCC), ընկերությունը ստացել է նախնական պայմանական հավանություն՝ ազգային հավատարմագրային բանկ ստեղծելու համար: Վերջնական հաստատման գործընթացի ավարտից հետո կառույցը կգործի World Liberty Trust անվանմամբ:

Ինչպես նշում է ABC News-ը, սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ պետության գործող ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ֆինանսական կազմակերպությունն ստանում է նման կարգավիճակ:

Ի՞նչ հնարավորություններ է տալիս բանկային արտոնագիրը

Ազգային հավատարմագրային բանկի արտոնագրի առկայությունը World Liberty Financial-ին հնարավորություն կտա.

  • Թողարկել ստաբիլքոյններ՝ առանց երրորդ կողմի միջնորդների ներգրավման,

  • Սպասարկել խոշոր հաճախորդների՝ առաջարկելով թվային ակտիվների պահպանման և կառավարման ծառայություններ:

Քննադատության ալիք և «շահերի բախման» մեղադրանքներ

Կարգավորչի այս որոշումը քաղաքական դաշտում սուր դժգոհությունների ալիք է բարձրացրել: Սենատոր Էլիզաբեթ Ուորենը կտրուկ քննադատության է ենթարկել OCC-ի գործողությունները՝ որոշումն անվանելով «պաշտոնեական լիազորությունների չարաշահման ամենալկտի դեպքը, որ երբևէ տեսել է ֆինանսական համակարգը»:

Ուորենն ընդգծել է, որ նախագահի ենթակայության տակ գտնվող մարմնի կողմից հենց նախագահի ընտանիքին պատկանող ընկերությանը արտոնագրի տրամադրումն ուղղակի շահերի բախում է առաջացնում: Սենատորը հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ «նման աննախադեպ կոռուպցիան» կանխելու և ապագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը