ABNews

ԱՄՆ-ում ուղևորը փորձել է խեղդել բորտուղեկցորդին

Լուրեր | 2026/06/03 14:12

ԱՄՆ-ում ուղևորը փորձել է խեղդել բորտուղեկցորդին

Frontier Airlines ավիաընկերության՝ Սան Խուանից (Պուերտո Ռիկո) Չիկագո ընթացող չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մայամիի միջազգային օդանավակայանում՝ ուղևորներից մեկի կողմից անվտանգության կանոնները խախտելու և բորտուղեկցորդի վրա հարձակվելու պատճառով։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով դատական և ոստիկանական փաստաթղթերին:

Թռիչքի մեկնարկից մոտ 45 րոպե անց 51-ամյա ուղևոր Խուան Գաբրիել Ռեյեսը սկսել է անկանոն վարքագիծ դրսևորել։ Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ նա հայտարարել է, որ ցանկանում է լքել օդանավը, և փորձել է բացել վթարային ելքի դուռը, այնուհետև՝ ներխուժել օդաչուների խցիկ:

Անձնակազմի կողմից կանգնեցվելուց հետո Ռեյեսը հարձակվել է այդ պահին հերթապահության մեջ չգտնվող (որպես ուղևոր ճամփորդող) բորտուղեկցորդի վրա և փորձել խեղդել նրան։ Օրինախախտին հաջողվել է մեկուսացնել և ֆիքսել միայն անձնակազմի անդամների և այլ ուղևորների համատեղ ջանքերով:

Միջադեպի պատճառով օդանավի անձնակազմը որոշում է կայացրել ընդհատել թռիչքը և վայրէջք կատարել Մայամիում, որտեղ Ռեյեսը բերման է ենթարկվել Մայամի-Դեյդ շրջանի ոստիկանության կողմից և փոխանցվել Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)։ Ուղևորին առաջադրվել են դաշնային մեղադրանքներ՝ թռիչքի անձնակազմի աշխատանքին միջամտելու և հարձակում գործելու հոդվածներով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը